Երևանյան բակերում այս տարի կառուցվել է 24 նոր խաղահրապարակ
Բակային տարածքների բարեկարգումն ու խաղահրապարակների տեղադրումը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախընտրական խոստումներից է: Բարեկարգ բակերի խնդիրը սկսած 2009 թվականից քաղաքապետարանի կողմից առաջնահերթ ծրագրային աշխատանք է դիտարկվում: Մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքի 150-ից ավելի բակերում ձևավորվել են խաղահրպարակներ, կառուցվել է 12 մինի ֆուտբոլի դաշտ, կահավորվել է 22 խաղադաշտ, տեղադրվել է 190 զրուցարան, 400 նստարան և այլն:
Խաղահրապարակների տեղադրման 2010թ-ի աշխատանքները մեկնարկել են ապրիլից: Երևանի քաղաքապետի կողմից հայտարարված «Բարեկարգ Երևան» ծրագրի համաձայն երևանյան բակերում այս տարի կառուցվել են 24 նոր խաղահրապարակներ, որոնցում տեղադրվել են տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված 73 խաղային ատրակցիոններ: Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 7-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շրջեց վարչական շրջաններում:
Առաջին կանգառը Քանաքեռ-Զեյթուն համայնքի Պարույր Սևակի պուրակում էր: Այստեղ տեղադրվել են մանկական խաղային համալիրներ, նստարաններ, աղբամաններ, պուրակը զարդարվել է քաղաքային ջերմատանն աճեցված ծաղիկներով: Քաղաքապետի հետ զրույցի ընթացքում բնակիչները հարց բարձրացրեցին` պուրակի կենտրոնական մասում տեղադրել Պարույր Սևակի կիսանդրին: Քաղաքապետը խոստացավ բնակիչների խնդրանքն հաշվի առնել: Պուրակում ցայտաղբյուրի անհարաժեշտություն էլ կա, Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ այդ խնդիրը նույնպես լուծում կստանա:
Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցի 27 շենքի բակը Երևանի քաղաքապետի հաջորդ կանգառն էր: Բակային տարածքն այստեղ ևս քաղաքապետարանի կողմից բարեկարգվել ու ասֆալտապատվել է, տեղադրվել են խաղեր:
Այս տարվա ծրագրով շուրջ 21 մլն դրամ արժողությամբ ամենածավալուն աշխատանքները կատարվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 49/1 հասցեի նորակառույց խաղահրապարակում, որը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի աշխատանքային շրջայցի վերջին կանգառն էր: Բ -2 թաղամասի նախկինում անմխիթար վիճակում գտնվող տարածքի տեղում բնակիչներն ստացել են 2000 քմ մակերեսով գեղեցիկ, կանաչապատ բակ` ժամանակակից խաղահրապարակով, ցայտաղբյուրով, հարմարավետ նստարաններով: Բնակիչներն այստեղ Երևանի քաղաքապետին դիմավորեցին հանդիսավորությամբ` տոնոկան երգ ու պարով: Բակի բացման ժապավենը կտրեց Երևանի քաղաքապետը` ազդարարելով հիմնովին փոխված բակի վերածնունդը: Երևանի քաղաքապետից շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար հարևանությամբ գտնվող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց. «Այս խաղահրապարակի առաջին շահառուները մեր դպրոցի սաներն են: Սա այն դեպքն է, որ աշխատանքերն սկսելու առաջին օրվանից խրախուսել ենք քաղաքապետարանի քայլերը» : Արդեն արված ու ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին բնակիչները խոսում էին գոհունակությամբ. «Նախկին աղբակույտի փոխարեն մեր բակում 6 մանկական խաղ է տեղադրված»,- նշեց նրանցից մեկը:
Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս շեշտեց` բակերի բարեկարգման աշխատանքները շարունակվելու են: Ցավոք, սակայն, Երևանի ոչ բոլոր բակերում է հնարավոր խաղահրապարկներ տեղադրել, քանի որ դրանք տարիներ շարունակ լցվել են ավտոտնակներով ու տարատեսակ այլ կառույցներով: «Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր երեխա դուրս գալով տանից այսպիսի խաղահրապարակում խաղալու հնարավորություն ունենա: Բայց դրան հնարավոր է հասնել միայն բնակիչների աջակցությամբ»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:
Հնարավոր է, որ սրճարաններ քանդվեն ու փոխարենը խաղահրապարակ կառուցվի, լրագրողի հարցին ի պատասխան քաղաքապետը նշեց. «Դա իմ երազանքն է», կոչ անելով երևանցիներին գեղեցիկ բակեր ունենալու գործում համագործակցել քաղաքապետարանի հետ: «Եթե բնակիչները պատրաստ են սեփական ձեռքերով սեփական ավտոտնակն ու սրճարանը քանդել, ես խոստանում եմ փոխարենը նույն բակում 10 օրվա ընթացքում երեխաների համար խաղահրապարակ կառուցել» ,- նշեց
Գագիկ Բեգլարյանը հավելելով` ի վերջո մենք ավելի շատ մեր երեխաների՞ն ենք սիրում, թե' մեր ավտոտնակները: Քաղաքապետի տեղեկացմամբ տարեկան 150-200 բակում նմանատիպ աշխատանքներ են կատարվելու: Այս տարվա քաղաքային ծրագրերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորակառույց խաղահրապարակի հարևանությամբ գտնվող երկու դպրոցների ու հարակից շենքերի բնակիչների համար Բաբաջանյան փողոցում կառուցվում է վերգետնյա հետիոտն անցում, շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբեր: Վերգետնյա անցում, ինչպես տեղեկացրեց քաղաքապետը, կկառուցվի նաև Խանջյան և Բաղրամյան փողոցներում:
Ասֆալտապատում
2009 թվականին մասնագիտացված 22 կազմակերպություններ ապրիլից մինչև նոյեմբեր մայրաքաղաքի բակերում և երկրոդական փողոցներում շուրջ մեկ միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ են կատարել, ծրագրում ներառվել է 1075 բակային տարածք: Հաշվի են առնվել բնակիչների կողմից ներկայացված բոլոր դիմումներն ու առաջարկությունները:
2010թ.-ի ծրագրերով նույնպես Երևան քաղաքի բյուջեով շուրջ 200 հազար քմ բակային տարածքների ասֆալտապատում է նախատեսված: Հուլիսի 7-ի դրությամբ վարչական շրջանների կողմից բակային տարածքներում իրականցվել է 300 մլն դրամի 62.5 հազար քմ ասֆալտապատման աշխատանք:
Արտաքին լուսավորություն
2009 թվականին գործնականում լուծվել է տասնյակ տարիներ գիշերային լուսավորությունից զուրկ բակերի լուսավորության հարցը:
Բոլոր վարչական շրջանների ավելի քան 1211 բակերում անցկացվել է 323 կմ մալուխագիծ, տեղադրվել 5304 էլեկտրասյուն և 9216 լուսատու: 2010 թվականին արտաքին լուսավորության ցանցը ընդլայնվելու է 35 կմ-ով, ծրագրի արժեքը 400 մլն դրամ է, աշխատանքներն ընթացքի մեջ են:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել