Իրավախախտ անչափահասների վարքագծի բեկո՞ւմ
Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղեկալ Նելլի Դուրյանը նշում է, որ վերջին տարիներին Հայաստանում իրավախախտ անչափահասների վարքագծում նկատվում են դրական տեղաշարժեր: Սակայն մյուս կողմից նա փաստում է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին գրանցվել է անչափահասների կողմից հանցագործությունների կատարման 113 դեպք, որը 21-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
Այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Նելլի Դուրյանը մանրամասնեց, որ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների գերակշիռ մասը գողություններն են, որոնց մեծ մասը մանր գողություններն են: Երկրորդ տեղում` մարմնական վնասվածքն է, հատկապես այն դեպքերը, երբ անչափահասները մեկը մյուսին հասցնում են մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ կողոպուտը եւ խուլիգանությունն են:
Համեմատության մեջ շատ փոքր թիվ են կազմում անչափահասների կողմից կատարված ծանր հանցագործությունները. «Այսօր շատ քիչ թվով անչափահասներ կան գաղութում` 25 հոգի: Նրանք կատարել են ծանր հանցագործություններ: Մյուսները գտնվում են հսկողության տակ կամ ոստիկանության, կամ քրեակատարողական վարչության կողմից»,- ասում է բանախոսը:
Այս տարի անչափահասների կողմից կատարված սպանության դեպք չի արձանագրվել: Անչափահասների շրջանում երեւան եկած իբրև նոր հանցատեսակ Դուրյանն առանձնացնում է կեղծ թղթադրամների գործը, երբ անչափահասներն իրենք տպագրել, այնուհետեւ փորձել էին իրացնել հայկական կեղծ թղթադրամներ:
Անցյալ տարի գրանցվել է անչափահասների ինքնասպանության 28 դեպք, իսկ այս տարվա տվյալները Դուրյանը խոստացավ տրամադրել առաջիկա օրերին: Նրա խոսքերով` ինքնասպանությունների պատճառները հիմնականում կենցաղային են, «կամ տղա-աղջիկ սիրահարվելու խնդիրն է»:
Իրավապահները կասկածում են, որ ինքնասպանություններից մեկը տեղի է ունեցել կրոնական հողի վրա: Սակայն 15-ամյա աղջնակի ինքնասպանության հիշյալ գործը դեռեւս նախաքննության փուլում է, հետեւաբար ասվածը դեռեւս ապացուցված չէ:
2009-ին նախորդ տարվա համեմատ, այս տարի էլ` 2009-ի համեմատ անչափահաս կրկնահանցագործների թիվը, ըստ Նելլի Դուրյանի, նվազել է: Անցյալ տարի կրկնակի հանցագործություն է կատարել 16 անչափահաս: 2009-ին հանցագործություն է կատարել նաեւ 32 աղջիկ անչափահաս, որոնց մեծ մասը կատարել է գողություն:
«Մարմնավաճառության համար հաշվառման մեջ չունենք անչափահաս աղջիկներ, բայց մենք ունենք վարքի շեղումով աղջիկներ: Աղջիկներ են, որոնք տանն ունեն խնդիրներ, չեն կարողանում տանը մնալ,- ասում է բանախոսը, - այս պահին մեր բաժինը զբաղվում է երկու այդպիսի դեպքով, երբ ծնողն աղջկան չի ընդունում, եւ երեխան հայտնվում է փողոցում: Երեխաներից մեկի դեպքում լրանում է 17, մյուսի` 16 տարին»:
Ն. Դուրյանի փոխանցմամբ` Երեխաների պաշտպանության ազգային ծրագրի շրջանակներում ոստիկանությունը ներկայացրել է միջոցառումների ծրագիր, որում ընդգրկված է նաեւ 12-ից 18 տարեկան վարքի շեղումներով աղջիկների համար հաստատություն ստեղծելու խնդիրը: Ինչ վերաբերում է երեխաների թրաֆիքինգին, բանախոսի հավաստմամբ, 2008-ից ի վեր Հայաստանում նման դեպքեր չեն հայտնաբերվել. «Կան անչափահասներին պոռնկության մեջ ներգրավելու դեպքեր: Չորս անչափահաս, 4 դեպք, բոլոր գործերով էլ մեղավորները պատժվել են»:
Տարվա կտրվածքով մեր երկրում արձանագրվում է անչափահասների դեմ կատարվող բռնության շուրջ 110 դեպք, որոնցում գերակշռում են մարմնական վնասվածքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել