HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Երիտասարդների մոտ 38 տոկոսն աշխատում է առանց պայմանագրի

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդների շրջանում աշխատանքային իրավունքների մասին իրազեկվածության վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը` իրականացված ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հովսթրանը շնորհանդեսից հետո լրագրողներին ասաց, որ նման հետազոտություն Հայաստանում առաջին անգամ է կատարվում եւ  բավականին հետաքրքիր արդյունքներ են ստացվել: «Անձամբ ինձ համար կարեւոր էր այնքանով, որ պարզվեց, որ շատ երիտասարդ աշխատողներ աշխատանքային պայմանագրեր չունեն, եւ  այդ իսկ պատճառով պաշտպանված չեն: 18-30 տարեկան երիտասարդներից 5 տոկոսն են  արհմիության անդամ: Հարցվածների 1/3-րդն էլ աշխատանքի վայրում կոնֆլիկտներ են ունեցել գործատուի հետ: Միաժամանակ հարցվածների 5.6 տոկոսն է նշել, որ արհմիությունները կարող են կոնֆլիկտների լուծման միջոց հանդիսանան»,- մանրամասնեց նա: Լրագրողների այն դիտարկմանը, որ նման անտեղյակությունն ու արհմիությունների նկատմամբ անվստահությունը ամենայն հավանականությամբ հենց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի բացթողման ու պասիվության արդյունքն է, կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Լեւոն Խաչատրյանը խոստովանեց, որ այդ «տխուր պատկերը» իրենց բացթողուման արդյունքում է: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալը հույս հայտնեց, որ այս հետազոտությունը կօգնի  Հայաստանում աշխատանքային միությունների դերի ամրապնդմանը եւ դրանց աշխատանքներում հատկապես երիտասարդներին ներգրավելուն: «Ազատ Հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական հասարակական կազմապկերպության / APR Group/ նախագահ Ռուբեն Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց հարցումների արդյունքում ստացված մի քանի հետաքրքրական տվյալներ: Հարցմանը մասնակցել է 1205 երիտասարդ (18-30 տարեկան)`ՀՀ բոլոր մարզերից: Հարցումն անցկացվել է 2009 թվականի երկրորդ կեսին: Հարցված երիտասարդներից ներկա պահին աշխատանք չունեցողների ավելի բարձր տոկոս են կազմում իգական սեռի ներկայացուցիչները` 52.9 տոկոս, արական սեռի ներկայացուցիչների` 40.9 տոկոսը: Հարցված երիտասարդների 9,2 տոկոսը  ընդհանրապես չեն ցանկանում աշխատել, նրանցից 6,7 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են: Աշխատողների 61.4 տոկոսը աշխատում են գործատուի հետ կնքած աշխատանքային պայմանագրով, 38.1-ը` առանց, ընդ որում` ոչ ֆորմալ զբաղվածության ոլորտներն են սպասարկամանը, շինարարությունը, առեւտուրը եւ արդյունաբերությունը: Հարցվածների 33,1 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում տարաձայնություն են ունեցել գործատուի հետ, իսկ 65,3-ը` ոչ: Տարաձայնությունների պատճառները հիմնականում աշխատավարձի չափն է, պայմանները, խրախուսանքների ոչ արդարացի բաժանումը, աշխատավարձ չվճարելը:  50.9 տոկոսն իրենց  տարաձայնությունները լուծել են գործատուի հետ բանակցելու միջոցով: 18.3 տոկոսը համակերպվել է  այդ իրավիճակի հետ, իսկ 8 տոկոսը հեռացվել է աշխատանքից: Ծանոթ-բարեկամ տարբերակով իրենց տարաձայնությունները կարգավորել է 3 տոկոսը եւ միայն 1.5%-ն է դիմել արհմիություններին: Հարցվածների  52 տոկոսը արհմիությունների գոյության մասին տեղյակ չէ, իսկ 10,4 տոկոսը  չի հավատում արհմիություններին: 1.7 տոկոսն էլ ընդհանրապես տեղյակ չէ, թե դա ինչ է: Հարցվածների 40,2 տոկոսը որպես տեղեկատվության աղբյուր վստահում են հեռուստատեսությանը, 20.1 տոկոսը` ինտերնետին, 8.4 տոկոսը` ռադիոյին,  5.1 տոկոսը` թերթերին, իսկ 12 տոկոսը ոչ մեկին չի վստահում: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Լեւոն Խաչատրյանը նշեց, որ իրենք պատրաստվում են հատուկ դասընթացներ կազմակերպել հատկապես մարզային երիտասարդության շրջանակների համար` աշխատանքային օրենսգրքի իրենց իրավունքների ու պարտականությունների մասին երիտասարդության շրջանում իրազեկության բարձրացման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter