Վիրակապը դեռ չեն հանել, նա արդեն կիսաանդրավարտիքով է
«Հետքի» 13-րդ համարում (2010թ. ապրիլի 8-14) լուս էր տեսել Ռումբի բեկորներից մնացած սպիների պատճառով ամաչում եմ շրջազգեստ հագնել»,- ասում է Ծովնիարը վերնագրով նյութը, որտեղ պատմել էին Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում ապրող 15-ամյա Ծովինարի մասին: 2004թ. աղջիկն իր 11-ամյա եղբոր հետ տուժել էր գնդիկային ռումբից: Ծովինարին հաջողվել է հրաշքով փրկվել, իսկ եղբորը գտել են արդեն մահացած:
Այդ դեպքից հետո Ծովինարը մի շարք առողջական խնդիրներ ուներ, որոնցից առաջնահերթն աջ ոտքի սրունքի հատվածում ոսկորներից մեկի աճման գոտու արգելափակման խնդիրն էր, որը ենթադրում էր պարբերական վիրահատություն:
Իսկ մյուս խնդիրը Ծովինարի ոտքերի վրա մնացած ռումբի բեկորներից մնացած խորը սպիներն էին, որոնք խանգարում էին աղջկան, ինչպես ինքն էր խոստովանել, ընկերուհիների նման շրջազգեստ հագնել:
Այդ նյութի տպագրումից անմիջապես հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամն արձագանքեց և իր օնությունն առաջարկեց Ծովինարի ընտանիքին:
Կարճ ժամանակահատվածում ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպվեց բժիշկների կոնսիլիում, որոնք էլ զննեցին Ծովինարին:
Զննումից հետո, բժիշկներն եկան այն եզրահանգման, որ աջ ոտքի հետ կապված վիրահատության համար դեռ շուտ է, բայց դրա կարիքը զգացվելու դեպքում
պատրաստ են անել այն: Ինչ վերաբերում է պլաստիկ վիրահատությանը, ապա այն ևս պատրաստ են ցանկացած պահի:
Ըստ նախնական պայամանավորվածության` հունիսի 2-ին Երևանի առաջին կլինիկական հիվանդանոցում Ծովինարին վիրահատեցին: 1.5 ժամ տևած պլաստիկ
վիրահատության ժամանակ բժիշկները Ծովինարի ձախ ոտքի 4 ամենամեծ սպիներն ուղղեցին:
Ինչ վերաբերում է մարմնի վրա մնացած սպիներին,ապա Ծովինարն ասում է, որ բժիշկները խոստացան դրանք էլ ուղղել, միան թե քիչ հետո: Բանն այն է, որ պլաստիկ վիրահատություն ոչ բոլորն են հաջող տանում, և չնայած Ծովինարն ալերգիա չունի, միևնույն է, որոշ ժամանակ պետք է սպասել: «Բժիշկներն ասացին, որ մենք մնանք 9-10 օր Երևանում և ամեն օր վիրակապման գնամ, բայց քանի որ մենք այնտեղ մնալու հնարավորություն չունեինք, մեզ թույլատրեցին տուն վերադառնալ: Այս ընթացքում մայրս է փոխում վիրակապը, իսկ 10 օրից հետո էլ կգնանք Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը, որտեղ էլ կարերը կքանդեն»,- ասում է Ծովինարը:
Իսկ մեր հարցին, թե վիրակապը հանելուց հետո, նա արդեն շրջազգեստ կհագնի, պատասխանելու փոխարեն Ծովինարն ընդհամենը ժպտաց` նայելով
ոտքերին: Նա արդեն կիսաանդրավարտիքով էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել