HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Արմավիր գյուղի նոր մանկապարտեզը գույքի կարիք ունի

Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում 13 տարի ընդմիջումից հետո մանկապարտեզ է բացվել: Արդեն 10 օր գործող մանկապարտեզում 50 երեխաներ են հաճախում երկու խմբերում` միջին և ավագ: Սակայն մանկապարտեզում դեռևս գույք չկա: Շենքը տրամադրել է գյուղացի բարերարը, արդեն ձևավորվել է դաստիարակների և աշխատակիցների 7 հոգանոց անձնակազմը:  Երեխաների ծնողներն ամսեկան 5 000 դրամ են վճարելու, սակայն դեռևս յուրաքանչյուրն իր երեխայի համար ապահովում է նաև գույքը: «Երեխաները փողոցում էին մնացել, ծնողները այլ ելք չունեին, իրենց տներից անկողին, մահճակալ են բերում, որ մի կերպ կարողանանք երեխաներին պահել այստեղ, բայց, օրինակ, դրա պատճառով  երեխան գիշերը տանը քնում է քրոջ կամ եղբոր հետ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց մանկապատրեզի հաշվապահ Նարինե Ավետիսյանը: Այժմ նրանք հովանավորներ են փնտրում, ովքեր կկարողանան աջակցել գույքի հարցում: Մանկապարտեզին առաջնային հարկավոր են մահճակալներ, անկողին, սեղան, աթոռ և, ինչպես նշեց Նարինե Ավետիսյանը, մանկապատրեզին բնորոշ այլ իրեր` խաղալիքներ և այլն: Երեխաների սննդի հարցը որոշել են լուծել ծնողների վճարած ամսեկան 5000 դրամի հաշվին: Յուրաքանչյուր երեխայի համար, ըստ հաշվարկների, ամսեկան 9500 դրամ է անհրաժեշտ: Հաշվապահը հույս ունի, որ գյուղապետը կօգնի իրենց: Քանի որ համայնքի այս տարվա բյուջեն արդեն կազմված էր, գյուղապետը խոստացել է հաջորդ տարվանից որոշ գումար հատկացնել նաև մանկապարտեզին: Իսկ մինչ այդ դաստիարակները մեկ ամիս բարեգործությամբ են աշխատելու: «Երեխեքը դուրսն էին մնացել, հիմա տեսնեք նրանց ուրախությունը»,- նկատում է Ն. Ավետիսյանը: Չնայած շենքը նորմալ պայմաններում է, ջեռուցման հարցը ևս դեռ լուծված չէ: «Դեռ ամռան և աշնան մասին ենք մտածում, չգիտենք էլ` ոնց կլինի մանկապարտեզի հետագա ճակատագիրը»,- մտահոգվում է հաշվապահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter