HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Վրաերթի հեղինակը ԴԱՀԿ պաշտոնյայի որդին է Մայիսի 31-ին Հերացու փողոցում երկու երիտասարդ աղջկա վրաերթի ենթարկած անձը ուրբաթ օրը, դատարանի որոշմամբ, երկամսյա կալանքի է ենթարկվել: Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ վարորդը ԴԱՀԿ ծառայության Աջափնյակի ստորաբաժանման ղեկավար Հակոբ Կոսյանի որդին է` 1990 թ. ծնված Խաչիկ Կոսյանը: Թերթի տեղեկություններով` Հակոբ Կոսյանը շաբաթ օրը եղել է ՀՀ գլխավոր դատախազությունում` հավանաբար տղայի «գործերը սարքելու» համար: Հրավիրվել են Հունիսի 4-ին Բաղրամյան պողոտայի վրա գտնվող «Սաս» սուպերմարկետի մոտ լուրջ միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և երկու հարբած քաղաքացիների միջև, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, ԱԱԾ աշխատակիցներ են: Ըստ ականատեսների` երկու հարբածները մտել են սուպերմարկետ, սակայն անվտանգության ծառայության աշխատակիցը դուրս է հրավիրել նրանց: Խանութից դուրս գալով` նրանք փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների հետ ծածկռտուք են սկսել: Ներկաների խոսքերով` օգնության հասած ևս մի քանի ոստիկանների օգնությամբ երիտասարդներին նստեցրել են ոստիկանական մեքենա և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությանից երեկ հաստատեցին, որ նման դեպք իսկապես տեղի է ունեցել: Նշեցին, որ երիտասարդները ոչ թե բերման են ենթարկվել, այլ «հրավիրվել են բաժին», ստուգվել է նրանց հարբածության աստիճանը, և վարչական պատիժ է սահմանվել: Դատելով նրանից, որ հարբածները ոչ թե բերման են ենթարկվել, այլ հրավիրվել են` կարելի է հաստատված համարել նրանց` ԱԱԾ աշխատակից լինելու տեղեկությունը: Աջակցություն փոքր և միջին բիզնես … փակմանը Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել օրինագծերի մի փաթեթ, որոնք, ընդունվելու դեպքում, իշխանություններին և նրանց հովանավորյալ գործարարներին հնարավորություն են տալիս մենաշնորհներ հաստատել առնվազն ևս երկու ոլորտում: Այդ օրինագծերով առաջարկվում է զգալիորեն սահմանափակել գրավատների և տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը: Տարրադրամի փոխանակման կետերից գանձվող տարեկան տուրքի չափը, ըստ այս նախագծի, բարձրացվելու է մի անգամից 20 անգամ` 50 հազար դրամից դառնալով 1 միլիոն դրամ: Գրավատների կողմից վճարվող տարեկան տուրքը նույն նախագծով առաջարկվում է բարձրացնել 60 անգամ` 100 հազար դրամից հասնելով 6 միլիոն դրամի: Դժվար չէ կռահել, որ այս օրինագծի ընդունման դեպքում դեռևս որոշակի մրցակցային պայմաններում գործով «չեյնջերի» ու «լոմբարդների» ոլորտը մի անգամից կանցնի եթե ոչ մեկ, ապա մի քանի խոշոր տնտեսվարողների ու բանկերի, այսինքն` իշխանության լիակատար վերահսկողության տակ: Ակնհայտ է, որ ներկայումս գործող տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների սեփականատերերը ֆիզիկապես ի վիճակի չեն լինելու այդքան պետական տուրք վճարելու և ուղղակի փակելու են իրենց բիզնեսը: Իշխանությունների` «Փոքր ու միջին բիզնեսի աջակցության» ծրագրի շրջանակներում Հետ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարան է վերադարձրել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը, որը ԱԺ-ն ընդունել էր անցած քառօրյային: Սերժ Սարգսյանն առաջարկում է վերականգնել նախընտրական շրջանում նախագահի թեկնածուի անձեռնմխելիության իրավունքը: ԱԺ-ն կառավարության առաջարկությամբ չեղյալ էր համարել թե նախագահի, թե ընտրովի մյուս մարմինների` պատգամավորների, համայնքի ղեկավարների ու ավագանիների թեկնածուների անձեռնմխելիության իրավունքը: Մեր թղթակցի հարցին, թե այդպիսով Սարգսյանը խտրականություն չի՞ դնում նախագահը և մյուս ընտրովի մարմինների թեկնածուների միջև` ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը պատասխանել է. «Ոչ, բացարձակապես: Պատգամավորներն իրենք են ընդունել այդ օրինագիծը»: Օտարալեզու դպրոցների նախաձեռնությունը վարչապետինն է Հունիսի 6-ին «Barcamp»-ում ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատել է, թե ինչու են որոշել փոխել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքները: Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում միջազգային դպրոց է կառուցում` «աշխարհով մեկ հավաքելու է երիտասարդների, բերելու է Դիլիջան` սովորելու»: Բայց ըստ վարչապետի` «պարզվեց, որ մեր օրենքը թույլ չի տալիս` այդ միջազգային դպրոցը ստեղծի»: Ըստ վարչապետի` Թաիլանդի Regent School-ի «տնօրենը նույնպես եկել էր ինձ հետ հանդիպման, և նա ասաց, որ տարեկան 15 հոգի ՀՀ-ից կրթություն է ստանում օտար լեզվով: Եվ ասաց, որ ավելի նպատակահարմար է, որ մենք այդ դպրոցը տեղափոխենք Թաիլանդից Երևան»: Տիգրան Սարգսյանը համաձայնել է. «Ասացի` շատ լավ գաղափար է: Բայց մեր օրենսդրությունը նույնպես այդ հնարավորությունը չէր տալիս»: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Արամ Ապատյանն, այս կապակցությամբ «Առավոտին» հիշեցնելով Արմեն Աշոտյանի պնդումները, թե ինքն է այս նախաձեռնության հեղինակը, եզրակացրեց. «Ուրեմն, երկուսից մեկը ստում է»: Կադրային փոփոխություններ նախագահականում Առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում նախագահականում: Մեզ հասած տեղեկություններով` հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հասմիկ Մկրտչյանը, որը դեռևս Քոչարյանի ժամանակվանից է աշխատում այս պաշտոնում և կառավարությունում, մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնում էր դեռ վարչապետ Արմեն Սարգսյանի օրոք, շուտով պաշտոնանկ է արվելու: Նրա տեղի համար առայժմ շրջանառվում են նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի տեղակալ Մերի Հարությունյանի և նախագահի մամուլի քարտուղարի օգնական Աստղիկ Ավետիսյանի անունները: Հիշեցնենք, որ Աստղիկ Ավետիսյանը հայտնի է Քոչարյանի «Բազե» երիտասարդական ծրագրից, նախագահական նստավայր է տեղափոխվել Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանին օգնելու համար, ինչը շարունակում է անել նաև Արմեն Արզումանյանի օրոք: Իսկ Մերի Հարությունյանը նախագահական տեղափոխվեց կառավարությունում սկանդալային միջադեպից հետո, որտեղ նա զբաղեցնում էր հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter