HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուժքույրը պնդում է, որ դատախազն իրեն հարվածել է

Սեպտեմբերի 11-ին` ժամը 13:50-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է տվել Մարտունու բուժկենտրոնի Շտապօգնության բաժանմունքի բուժքույր, 43-ամյա Գոհար Եսայանը եւ հայտնել, որ նույն օրը ստացված կանչի համաձայն` բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լիճք գյուղ: Կանչը տվել էր Սահակ Հակոբի Սիմոնյանը:

Բուժքույրը ոստիկաններին հայտնել է է, որ ժամը 12:45-ի սահմաններում Սիմոնյանենց բնակարանում իրեն հարվածել եւ որովայնի շրջանում մարմնական վնասվածք է պատճառել Երեւանի Մոլդովական 25/1 շենքի բնակիչ, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պատիժների եւ հարկադրանքի, այլ միջոցների կիրառման օրինականության հսկողության իրականացնող բաժնի դատախազ, 39-ամյա Հակոբ Սահակի Հակոբյանը:

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բուժքույր Գոհար Եսայանը պատմել է հետեւյալը. «Կանչը ստացել ենք ու բժիշկ Հրաչյա Խաչատրյանի հետ «ՈւԱԶ»-իկով գնացել ենք Լիճք գյուղ: Հիվանդը նևրոզով մի կին էր: Տանը գտնվող մի կին, որի անունը Անգին էր, ասեց, որ ինքը բուժքույր է: Ներարկման ժամանակ ինձ հարցրեց, թե ինչ եմ ներարկում, ես էլ ասեցի, որ էդ հարցով դիմեք բժշկին, քանի որ մեզ ցուցված չի հիվանդի ներկայությամբ մանրամասնել, թե ինչ ենք ներարկում:

Անգինը սկսեց բղավել վրաս եւ վիճաբանել ինձ հետ: Այդ աղմուկին ներս մտավ բժիշկը եւ նրա հետ մի տղամարդ, ով սկսեց ամենավերջին հայհոյանքները տալ իմ հասցեին եւ ապտակեց ինձ: Բժիշկը կանխեց նրա հետագա հարձակումն իմ վրա, սակայն այդ ընթացքում նա հասցրեց ոտքով հարվածել որովայնիս, որից հետո բժիշկը բարկացած նրան դուրս հրավիրեց:

Իսկ Անգինն սկսեց ինձ մեղադրել, թե «դուք հիվանդ մեռցնող եք, մի քանի օր առաջ էլ եկաք մեկի տուն, մեռել տարան»»:

Բուժքույրն ասել է նաեւ, որ այդ դեպքը եղել է մեկ շաբաթ առաջ, եւ բրիգադը մահացածի տուն հասել է վերջինիս մահից 15 րոպե հետո:

«Բուժական միջամտություններն ավարտելուց հետո դուրս եմ եկել ու կատարվածի մասին պատմել մեր վարորդին` Հանիբալ Ենոքյանին: Արդեն դրսում էդ տղամարդը նորից բռունցքներով հարձակվեց իմ վրա, հետո էլի մեր բժիշկը միջամտեց, ու մենք վազելով նստեցինք մեր «ՈՒԱԶ»-իկը»,-պատմել է Գոհար Եսայանը:

Վարորդ Հանիբալ Ենոքյանը ֆոտոլրագրողին ասել է. «40 տարուց ավելի շտապօգնության ավտո եմ քշում, էղել ա, որ հիվանդների հետ խոսք ու զրույցներ են եղել, բայց չեմ տեսել, որ օգնություն ցուցաբերող բժշկուհուն ծեծեն: Բայց մեկ ա, մենք նույն օրը ճշտեցինք, ասեցին, որ էդ մարդը մեծամեծների հետ նստում վեր ա կենում, ոչ մի բան էլ չեք կարա անեք, ընենց որ ձեններդ կտրեք, տեղներդ նստեք»:

Լիճքում Շամշյանին պատմել են, որ մի տարի առաջ էլ է դատախազ Հակոբ Հակոբյանն ինչ-որ պատմությունների մեջ ընկել, բայց էլի «ջրից չոր ա դուրս եկել»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (5)

Vahe 2010
Երբ կշառակերությունը համատարած է իշխում ապա իշխանության եկամտաբեր պաշտոններում, ոչ թե մեկն կամ երկուսն են կաշառակեր, այլ համատարած /հնարավոր եմ համարում մեկի երկուսի բացառությամբ/ , մեծամասնությունը թալանչիներ են: Եվ ըստ քրեական օրենքների ենթակա են պատժի:
gayane
3. Vahe 2010 Պարզ գրված է` ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պատիժների եւ հարկադրանքի, այլ միջոցների կիրառման օրինականության հսկողության իրականացնող բաժնի դատախազ, 39-ամյա Հակոբ Սահակի Հակոբյանը: Նշանակում է բուժքույր Գոհար Եսայանը համոզված Չի, որ տվյալ պաժտոնը զբաղեցնող անձը ենթակա է պատասխանատվության, առավել ևս` ճշտեցինք, ասեցին, որ էդ մարդը մեծամեծների հետ նստում վեր ա կենում, ոչ մի բան էլ չեք կարա անեք: Գոհար Եսայանը բողոքում է, բայց համոզված է, որ գործ ունի անպատժելիության և հովանավորչության հետ: Ելնելով ներկա, թերևս անկառավարելի իրավիճակից, Առողջապահության նախարարությունը կարող է դիմել Պ. Նախարարությանը` պատժել դատախազ Հակոբ Սահակի Հակոբյանին կարգապահական և էթիկական նորմերի խախտման համար: Ես իրավաբան չեմ, և երևի ձևակերպումս ճիշտ չի, բայց միտքը երևի հասկացաք:
Vahe 2010
Հարգելի, սիրելի Gayane, հիանում եմ կարդալով քո հայրենասիրությամբ լի, մարդասիրական մեկնաբանությունները: Սակայն այս թիվ 1 մեկնաբանությունում ինձ համար պարզ չդարձավ թե ինչպես կարող է ՊՆ զին դատախազությունը քննել ինքն իրեն: Դուք պատկերացնում եք թե ինչ կլինի եթե ոչ թե ձևական, այլ լուրջ քննություն ընթանա:
GAGIK
Մեկնաբանությունը...Tesnes ed takankin ov e erashxavorel vor DATAXAZ ashxati,,,,ed erashxavoroxin piti ,,,,,,,,,,,,,,,,,,Carok sa arajin depk@ chi ,,,De NAXARAR Kushkyani dux@ kheriki es angam skzbujkajnutun cuc talu hamar?
gayane
Ահա այս բարոյականության տեր զինվորականներն էն զինվորին հասցնում խելագարության, ինքնքսպանության, մահվան: Այս գործը զին. դատախազության և ՊՆ քննելիք գործ է: Երևի հենց այստեղից պետք է սկսել բարեփոխումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter