Վերահրատարակվել է Հայկական կինոյի կատալոգը
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը վերահրատարակել է 10 տարի առաջ լույս տեսած հայկական կինոյին նվիրված առաջին կատալոգի նորացված, առավել հարստացված տարբերակը: Կատալոգը հրատարկվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:
Կատալոգի գլխավոր խմբագիրներն են Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը, աշխատանքներին մասնակցել են նաև կինոգետներ Զավեն Բոյաջյանն ու Վալերի Գասպարյանը, Անահիտ Արփենը (Թադևոսյան), Տաթևիկ Մանուկյանը, թարգմանիչ Ռուզան Ամիրաղյանը:
Կատալոգի համար աղբյուր են ծառայել դեռևս 60-ականների սկզբին Դանիել Դզնունու հավաքած ֆիլմոգրաֆիան, ֆիլմերի մոնտաժային ամփոփագրերն ու տիտրերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Կինոյի տան արխիվային նյութերը, Գրականության և արվեստի թանգարանում պահվող վավերագրերը և այլն։
Վերահրատարակված կատալոգում ճշտվել են ֆիլմերի արտադրության տարեթվերը, տևողությունը, մասնակիցների կազմը, ընդգրկվել են մինչ օրս նկարահանված տեսաժապավենով ֆիլմերը։ Նոր հրատարակության մեջ ներառվել է նաև առանձին հավելված, որն ընդգրկում է 2009-ին արտադրված խաղարկային ֆիլմերը։ Ֆիլմերի հեղինակների անվանացանկում, ի տարբերություն նախորդ հրատարակության, այժմ անվանատառերի փոխարեն անունները նշվում են ամբողջությամբ` շնորհիվ արխիվային ուսումնասիրությունների։ Այս կերպ փորձ է արվել հայ կինոարվեստում ներդրում ունեցած բոլոր այդ անձանց փրկել մոռացությունից։
Հայկական կինոյի առաջին կատալոգն ընդգրկում էր 1924-1998 թթ. Հայաստանում ժապավենով նկարահանված ֆիլմերը, ինչը լինելով միակը նախկին Խորհրդային Միության երկրների կինոպատմության մեջ, արժանացել է Ռուսասատանի կինոգիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակին։ Երկլեզու (հայերեն, անգլերեն) կատալոգի առաջին հրատարակությունն իրականացվել էր Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել