HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նոր գիրք` Արցախի պարբերական մամուլի մասին

Լույս է տեսել «Արցախի պարբերական մամուլի պատմությունից: Արցախի պարբերական մամուլի մատենագիտություն (1874-2009)» գիրքը, որը ներկայացնում է արցախյան պարբերականների ամբողջական ու ամփոփ` 135-ամյա պատմությունը: Վերհիշելով գրքի ստեղծման մտահղացման մասին` կազմող-հեղինակը` պատմաբան, լրագրող, Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը պատմում է. «Մեր կենտրոնում հավաքվում են Արցախում հրատարակված պարբերականների հավաքածուներ, որոնց հիման վրա մտադրություն կար ստեղծել Արցախի պարբերական մամուլի մատենագիտությունը: Այդ աշխատանքների շրջանակներում անցյալ տարի մենք առաջարկեցինք Արցախի ժուռնալիստների միությանը (ԱԺՄ) Արցախում լույս տեսած առաջին հայկական պարբերականի` «Հայկական աշխարհի» հրատարակման 135-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել, որն ընդունվեց սիրահոժար կերպով: Կազմակերպվեց կլոր սեղան, որտեղ ներկայացվեց Արցախում պարբերական մամուլի սկզբնավորման պատմությունը, անցած 135-ամյա ուղին եւ որոշվեց հենց այդ միջոցառման օրը` մայիսի 23-ը, հռչակել Լրագրողի օր»: ԼՂՀ կառավարությունը նույնպես հավանություն տվեց այդ որոշմանը, ու մայիսի 23-ը որպես Լրագրողի օր մտավ ԼՂՀ պետական տոնացույց: Բացի այդ` ԱԺՄ-ն որոշեց նաեւ կյանքի կոչել Արցախի պարբերական մամուլի ամբողջական մատենագիտության ստեղծման գաղափարը: «Ցավոք, գրքի վրա երկար ժամանակ աշխատելու հնարավորություն չունեցանք, քանի որ փորձում էինք այն լույս ընծայել նախքան այս տարի Լրագրողի օրը նշելը, որպեսզի ժուռնալիստներին կարողանանք հաճելի նվեր մատուցել,- ասում է Մ. Հարությունյանը:- Պատմության ու մատենագիտության վերստեղծումը տքնաջան ու մանրակրկիտ աշխատանք են պահանջում: Ընդ որում` նախորդ ուսումնասիրողները նույնպես բախվել այն խնդիրներին, ինչ մենք: Ամենամեծ խնդիրը պարբերականների հավաքածուների պակասն է: Օրինակ` անցյալ տարվա կլոր սեղանի ժամանակ առաջարկ եղավ Արցախի պարբերական մամուլի թանգարան ստեղծել: Սակայն մենք հակված ենք նրան, որ նախքան դա պետք է պարբերական մամուլի արխիվ ունենալ: Վերջինիս պահանջարկը շատ մեծ է: Դա զգացի, երբ աշխատում էի այս գրքի վրա, որովհետեւ առ այսօր ոչ միայն Արցախում, այլեւ ՀՀ-ում մենք չունենք բոլոր հայ պարբերականների ամբողջական հավաքածուները, որոնք թույլ կտան առավել ամբողջական ու հիմնավորապես ներկայացնել ինչպես պարբերական մամուլի պատմությունը, այնպես էլ մատենագիտությունը»: Հեղինակն ասում է, որ «Կաճառ» ԳԿ-ում այս ուղղությամբ արդեն բավականին աշխատանքներ են կատարվել. կենտրոնի գրադարանում մեծ թվով պարբերականների հավաքածուներ կան: «Կարծում եմ` ոլորտի պատասխանատուներն ու լրագրողները եւս շահագրգռված կլինեն մեր պարբերական մամուլի արխիվի ստեղծման աշխատանքներն ընթացքավորելու մեջ,- նշում է Մ. Հարությունյանը, ապա հավելում,- հուսանք, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում այդ գործը գլուխ կգա»: Անդրադառնալով գրքի ստեղծման դժվարություններին` հեղինակն ասում է, որ կան, օրինակ, պարբերականներ, որոնց միայն անուններն են հայտնի, ուսումնասիրողները դրանք չեն տեսել, բայց կան արժանահավատ վկայություններ: «Մեր նպատակն է եղել խմբագիրներին, լրագրողներին ու մամուլի պատմությամբ զբաղվողներին տալ մի որոշակի նյութ, որի վրա կարելի է աշխատել, լրամշակել, առաջարկություններ մտցնել եւ ավելի կատարյալ աշխատանք ունենալ»,- ասում է Հարությունյանը ու միաժամանակ խոստովանում, որ գիրքը հրատարակվել է տեխնիկական մի շարք թերություններով, ինչը ցույց է տալիս, որ «Արցախում առայժմ չունենք լուրջ հրատարակչություն. պոլիգրաֆիական որակի հարցը կարծես թե լուծվել է, բայց ահա հրատարակչական-մասնագիտական մոտեցման խնդիրն առկախ է մնում»: «Արցախի պարբերական մամուլի պատմությունից: Արցախի պարբերական մամուլի մատենագիտություն (1874-2009)» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 27-ին` Լրագրողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ (արցախցի ժուռնալիստները մայիսի 23-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների պատճառով ստիպված էին մի քանի օր ուշացումով նշել իրենց մասնագիտական տոնը): Գրքի հեղինակը, սակայն, նշում է, որ իրենք մտադիր են նաեւ մասնագիտական քննարկում կազմակերպել, որտեղ լրագրողները, ոլորտի ներկայացուցիչները հանդես կգան առաջարկներով: Այս ամենը հնարավորություն կտա երկրորդ հրատարակության ժամանակ ավելի ավարտուն, անսխալ գիրք ստեղծել: Նախնական մտահղացմամբ` հնարավոր է գրքի վերահրատարակումը նաեւ օտար` ռուսերեն, անգլերեն լեզուներով: Որպես պարբերական մամուլի պատմությանն ու մատենագիտությանը նվիրված աշխատանք` գիրքն ունի մի շարք առանձնահատկություններ: Բանն այն է, որ չնայած հայ պարբերական մամուլի ուսումնասիրողները որոշակիորեն անդրադարձել են նաեւ արցախյան մամուլին, սակայն մինչ այս, թերեւս, միայն Սմբատ Ավագյանն է, որ այդ թեման դարձրել է առանձին ամբողջական, մանրակրկիտ ու խոր ուսումնասիրման առարկա: «Ավագյանը, որը հիմնավորապես զբաղվել է Արցախի պարբերական մամուլի ուսումնասիրությամբ, սկզբում վերհանել է խորհրդային շրջանի մամուլը, հետո` մինչեւ 1920-ը եղած արցախյան մամուլի պատմությունը,- նշում է Մհեր Հարությունյանը:- Փաստորեն նա ուսումնասիրել է 1874-ից մինչեւ 1960-ականների պատմությունը: Ճիշտն ասած` ակնկալություն չունեինք, որ նոր բան կարող ենք ավելացնել նրա նյութին, բայց մեծ եղավ ուրախությունը, երբ նախախորհրդային շրջանի մի քանի անհայտ թերթերի մասին տեղեկություններ գտանք: Մինչեւ 1980-ականների արցախյան մամուլի պատմությունը ներկայացվել է Մանվել Բաբլոյանի հայ պարբերական մամուլի համահավաք ցուցակում` թեեւ էլի որոշակի բացթողումներով: Ու հիմա մեր խնդիրն է եղել ամբողջապես ներկայացնել մինչեւ 2009-ը Արցախում հրատարակված պարբերականները: Հատկապես կարեւորել ենք արցախյան շարժումից առ այսօր տպագրված պարբերականների ցուցակի ու տեղեկությունների մատուցումը: Բանն այն է, որ հատկապես 1988-1992 թթ. շրջանը գրեթե ուսումնասիրված չէր: Օրինակ` «Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի. 1987-1996» գրքում ներկայացված են Արցախում տպագրված 15 անուն պարբերականներ, մինչդեռ մեր հրատարակությունում դրանք մի քանի անգամ ավելի շատ են»: Հեղինակը կատարել է նաեւ Արցախի պարբերական մամուլի պատմության պարբերացում` այն բաժանելով 4 փուլի. առաջին` սկզբնավորման ու կայացման շրջան (1874-1920-ի մարտ), երկրորդ` խորհրդային բռնատիրության շրջան (1923-ի ապրիլ-1988-ի մարտ), երրորդ` անցումային շրջան (1988-ի ապրիլ-1991-ի սեպտեմբեր), չորրորդ` անկախության շրջան (1991-ի սեպտեմբերից մինչ օրս): «Արցախի պարբերական մամուլի պատմությունից: Արցախի պարբերական մամուլի մատենագիտություն (1874-2009)» գրքում ներկայացված են նաեւ Ղարաբաղում երբեւէ լույս տեսած օտարալեզու` ռուսերեն, ադրբեջաներեն պարբերականները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ադրբեջանցի պատմաբանների` Ադրբեջանական ԽՍՀ-ում, այդ թվում` նախկին ԼՂԻՄ-ում լույս տեսած ադրբեջաներեն պարբերականների թիվը արհեստականորեն մեծացնելու փորձերին: Հեղինակների հաշվարկները, համադրումները հանգեցրել են այն մտքին, որ Խորհրդային Ադրբեջանի տարածքում տպագրվել է ընդամենը 16 անուն ադրբեջաներեն թերթ: «Եվ հենց այս համեմատությունը Արցախում տպագրված պարբերականների թվի հետ ուղղակի վկայում է մեր ժողովրդի բարձր մակարդակի ու հասարակական-քաղաքական ակտիվության, ստեղծագործ մտքի մասին, ինչը չես ասի մեր հարեւանների վերաբերյալ,- ասում է Մ. Հարությունյանը:- Ընդ որում` նրանց ներկայացրած թվերի մեջ մեծ են Բաքվում, Գանձակում, Շամխորում ու Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում լույս տեսած հայկական պարբերականները: Նշենք նաեւ, որ ադրբեջանական շատ թերթեր տպագրվել են կամ անմիջապես հայ խմբագիրների, կամ հայերի գործուն մասնակցությամբ»: 1874-2009 թթ. արցախյան մամուլի մատենագիտությունն ընդգրկում է 180 անուն պարբերական` թերթեր, ամսագրեր, տեղեկագրեր, տարեգրքեր եւ այլն: «Պարբերական մամուլի նախորդ ուսումնասիրողները շատ բծախնդրորեն են ընտրել այն պարբերականները, որոնք ներկայացրել են իրենց ցուցակներում: Մինչեւ անգամ գերատեսչական տեղեկագրերը, տարբեր հաստատությունների տեղեկատու տարեգրքերը նրանք չեն ընդգրկել իրենց մատենագիտական ցանկերում, չեն ընդգրկել նաեւ միօրյա թերթերը, որոնք լույս են տեսել այս կամ այն նշանավոր իրադարձության առիթով,- ասում է Մ. Հարությունյանն ու ավելացնում: - Մենք գտանք, որ ցանկալի կլիներ ներկայացնել բոլոր այն պարբերականները, որոնք տպագրվել են Արցախում: Իհարկե, չեմ կարծում, թե կարողացել ենք ամբողջը ընդգրկել, բայց աշխատել ենք հնարավորինս շատ պարբերականների անդրադառնալ: Իսկ ահա փոքր տպաքանակ ունեցող ու անկանոն պարբերականությամբ լույս տեսնող պատի թերթերին, բյուլետեններին չենք անդրադարձել` դրանց լուսաբանած թեմաների կարեւորությունը, տարածման շրջանակները հաշվի առնելով: Բայց, այնուամենայնիվ, գրքում նշել ենք դրանց մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter