HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Քաղաքացին «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ից պահանջում է մոտ 17 մլն դրամ տուգանք

Ալբերտ Բաբաջանյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ին պարտավորեցնել պատշաճ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ թույլ տված կետանցի համար տուգանք վճարել: 2005 թ. Ալբերտ Բաբաջանյանը պայմանագիր է կնքել Հայաստանի Հանրապետության եւ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի հետ, որով իրեն պատկանող` Աբովյան 4/6 շենքի թիվ 3 բնակարանը հանձնել է «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ին, իսկ վերջինս պարտավորվել է Բաբաջանյանին հանձնել իր կողմից կառուցվող բնակելի շենքի 2-րդ հարկից 50 քմ ընդհանուր մակերեսով բնակարան` 25 ամիսների ընթացքում: 2008 թ. կողմերի միջեւ կնքվել է համաձայնագիր, որով պայմանագրի կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2008 թ. դեկտեմբերի 31-ը: Բնակարանը սեփականության իրավունքով դեռեւս չի հանձնվել Ալբերտ Բաբաջանյանին, թեեւ բնակարանի բանալիները վերջինիս մոտ է: Համաձայն կնքված պայմանագրի 2.3 կետի` «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար Բաբաջանյանին պետք է վճարի տուգանք` կառուցվող բնակարանի տվյալ պահին գոյություն ունեցող շուկայական արժեքի 0.1 տոկոսի չափով: Հայցվորը հաշվարկել է հայցադիմումը ներկայացնելու պահին ժամկետանց օրերի քանակը, այն բազմապատկել է բնակարանի 1 քմ-ի շուկայական արժեքով եւ արդյունքում «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ից պահանջում է 16 մլն 789 հազար 500 դրամ: Այսօր կայացած նախնական դատական նիստի ժամանակ Բաբաջանյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը լրացրեց հայցի հիմքը, դրան ծանոթանալու համար դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 1-ը: «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն ներկայացնող փաստաբան Սեյրան Գրիգորյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter