HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարի Յովանովիչի այցը` Ալավերդի

Հունիսի 7-ին աշխատանքային այցով Ալավերդի էր ժամանել Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Այցը ճանաչողական էր: Դեսպանն այցելեց Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերություն և թիվ 6 մանկապարտեզ: Ալավերդու քաղաքապետարանում նա հանդիպեց  քաղաքապետ Արթուր Նալբանդյանի և ավագանու անդամների հետ: «Մեզ համար մեծ պատիվ է, որ դուք այցելել եք մեր քաղաք: Այս այցով մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ դուք ավելի հետևողական եք Ձեր աշխատանքի մեջ, որը մեզ նույնպես պարտավորեցնում է հետևողական լինել Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման գործում»,- դեսպանին ասաց քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Վերջինս իր խոսքում ներկայացրեց քաղաքի ընդհանուր նկարագիրը. «Ինչպես տեսաք, Ալավերդին իր աշխարհագրական դիրքով և ռելիեֆով տարբերվում է մնացած քաղաքներից: Անկեղծորեն պետք է ասեմ, երբ նայում ենք քաղաքի աշխարհագրական դիրքին, մտածում ենք` իմաստ ունե՞ր այստեղ քաղաք կառուցել, թե՞ ոչ, որովհետև նմանատիպ աշխարհագրական դիրք ունեցող քաղաքները կրկնակի, եռակի ծախսեր են պահանջում»,- նշեց Արթուր Նալբանդյանը:
Հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացավ, որ պղնձաձուլական գործարանը 240 տարվա պատմություն ունի: Այդ տարիներին Ալավերդին դարձել է հայտնի արդյունաբերական կենտրոն: Ներկայումս քաղաքը 17 հազար բնակիչ ունի: Արթուր Նալբանդյանը դեսպանին շնորհակալություն հայտնեց Ալավերդու քաղաքապետարանում իրականացրած ծրագրերի համար. «Քանակը  շատ է և բազմապրոֆիլ: Դրանք ոչ միայն այն ծրագրերն են, որոնք միանվագ են, այլև ունենք մշտական գործող ծրագրեր, որոնցից է, ասենք` «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանը կամ «Վորլդ Վիժն» կազմակերպության ստեղծած նախադպրոցական ծրագիրը»: Դեսպան Մարի Յովանովիչը իր պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ջերմ ընդունելության համար և ցանկություն հայտնեց հավաքվածների հետ խոսել 2 հարցերի մասին. առաջինը` նոր դարաշրջանի ճանապարհի դժվարությունների մասին, ինչի վերաբերյալ դեսպանին հետաքրքրում էր հավաքվածների կարծիքը, երկրորդը` «Տեղական ինքնակառավարում» ծրագրի 3-րդ փուլի մասին: Դեսպանի նշած առաջին հարցի շուրջ հանդիպման ընթացքում կարծիքներ այդպես էլ  չփոխանակվեցին: «Տեղական ինքնակառավարում» ծրագրի 3-րդ փուլից Ա.Նալբանդյանը դեսպանին պատմեց Ալավերդիում նոր աղբավայրի կառուցման  ծրագրի մասին: Նշեց, որ աղբավայրեր չունեն նաև Թումանյանի տարածաշրջանի մնացած համայնքները, և Ալավերդիում նոր աղբավայր կառուցելու դեպքում դրանից կօգտվեն նաև այլ համայնքներ: Ակնհայտ էր, որ Արթուր Նալբանդյանը նոր աղբավայրի կառուցման համար Ամերիկայի դեսպանից ակնկալում էր ֆինանսական ծրագրերի աջակցություն, թեև նա նաև տեղեկացրեց, որ 2011թ.-ի պետբյուջեից համայնքի բյուջեին հատկացված բնապահպանական սուբվենցիաների առյուծի բաժինը նախատեսել է օգտագործել նոր  աղբավայրի կառուցման նպատակով: Դեսպանին  հետաքրքրեց, թե աղբահանման ծրագրերի հաշվին բյուջեի մուտքերը ավելացե՞լ են, թե՞ ոչ: Քաղաքապետը պատասխանեց. «Մենք աղբահանման գումարներ ենք հավաքում բնակիչներից: Այն, ինչ ավագանին նախատեսել է, մենք այդ թիվը ապահովում ենք»: «Հնարավո՞ր չէ այնպես անել, որ աղբահանումը Ալավերդիում դառնա եկամտաբեր»,- քաղաքապետին դիմեց դեսպանը: Վերջինս էլ դեսպանին բացատրեց, որ քաղաքի աղբահանումը իրականացվում է պետբյուջեից հատկացված դոտացիոն գումարների հաշվին, բնակչության կողմից աղբահանության վարձավճարներով հնարավոր չէ ապահովել քաղաքի աղբահանումը: Արթուր Նալբանդյանը դեսպանի մեկ այլ հարցին պատասխանելիս ասաց. «Մենք մտածում ենք այնպես անել, որ բնակչության աղբահանության վարձավճարները ավելացնեք»: «Տեղական ինքնակառավարում - փուլ 3» ծրագիրը բարձր գնահատեց ավագանու անդամ, բժշկուհի Ռուզանա Միրզոյանը. «Որպես գործընթացի զարգացում մենք իրականացնում ենք ավագանիների կողմից բնակչության ընդունելություն, ապահովելով` բնակչության հետ համահունչ աշխատանքը և նրանց ներգրավվածությունը ՏԻՄ-ում»: Մարի Յովանովիչին հետաքրքրեց նաև քաղաքի բնապահպանական վիճակի  նկատմամբ քաղաքապետի կարծիքը: Քաղաքապետն էլ անդրադարձավ դեսպանին` պղնձաձուլական գործարանի հանդիպումից հայտնի գործարանի ծխնելույզը Կոշաբերդ սարի գագաթը բարձրացնելու խնդրին: Դեսպան Յովանովիչը իր մտահոգությունը հայտնեց նաև Ալավերդի քաղաքի սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործում ստեղծված  հակասությունների շուրջ. «Սոցիալական խնդիրներ ամեն տեղ կան: Կան նաև ԱՄՆ-ում: Ալավերդիի խնդիրը առանձնանում է նրանով, որ այն կանգնած է` մի կողմից տնտեսական, մի կողմից` բնապահպանական խնդիրրների առաջ: Պղնձաձուլական գործարանում այսօր խոսվեց, որ բնապահպանական հիմնախնդիրների պատճառով հնարավոր է ձուլարանի աշխատանքները դադարեցվեն: Այդ խնդիրները կան: Ի՞նչ պետք է անի քաղաքը, երբ նման դեպքում դժվարությունների առաջ է կանգնելու»,- հարցրեց նա քաղաքապետին: Արթուր Նալբանդյանը  փաստեց, որ Ալավերդիում տնտեսությունը միակողմանի է զարգացել և մշտապես կախվածության մեջ է եղել հանքարդյունաբերությունից. «Մենք փորձում ենք տնտեսության այլ ճյուղերի զարգացման մասին մտածել»,- ասաց նա: Այս առումով նա նշեց տուրիզմի զարգացման տարածաշրջանի հնարավորություններն ու  վերջինիս ենթակառուցվածքների ստեղծման կարևորությունը: Նա նշեց, որ ենթակառուցվածքների կայացման համար փորձում են ակտիվացնել մասնավոր սեկտորը: «Աստված չանի, եթե ձուլարանը փակվի, բնակչության արտահոսք կլինի»,- նշեց քաղաքապետը: Արթուր նալբանդյանը դեսպան Մ. Յովանովիչին հավաստիացրեց, որ քաղաքում արտահոսք չսկսվելու առումով ոչ միայն համագործակցում է «Էյ-Սի-Փի» ընկերության հետ, այլև հույսերը կապում է Թեղուտի հետ. «Դրա շնորհիվ ոչ միայն գործարանը չի փակվի, այլև արտադրության ծավալները կմեծանան»,- դեսպանին վստահեցրեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter