HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ներդրումների արդյունավետությունը պարզելու համար դեսպանն առաջարկում է հարցում անցկացնել

Սա Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի երկրորդ պաշտոնական այցն է Լոռու մարզ: Երկօրյա աշխատանքային այցի նպատակն է տեղեկանալ ԱՄՆ կառավարության կողմից Լոռու մարզում իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին: «Ցանկացած երկրի դիվանագիտական կորպուսի ղեկավար այդ երկրում հետաքրքրություններ է տեսնում»,- դեսպանի այցը դրական ու կառուցողական գնահատելով` նշեց Լոռու մարզպետը: Մարիա Յովանովիչն արդեն այցելել է Ալավերդի, եղել Ալավերդու մանկապարտեզներից մեկում, որի հետ կապված աշխատանքներ են իրականացվել «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության» աջակցությամբ, եղել է Օձունի ամբուլատորիայում, Վանաձորի պոլիկլինիկաներից մեկում, որտեղ տեղակայված է «ԱՄՆ միջազագային զարգացման գործակալության» հովանու ներքո ձևավորված մայրության դպրոցը: Այցի ընթացքում դեսպանը կլինի նաև Սպիտակում, կհանդիպի Սպիտակի քաղաքապետի հետ, կծանոթանա Սպիտակի նորակառույց ինքնահոս ոռոգման համակարգին: Լոռու մարզպետի հետ հանդիպման ընթացքում բացի «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» գործողություններից քննարկվել են նաև այլ` կրթական, տնտեսական, բնապահպանական, գյուղատնտեսական, առողջապահական բնույթի խնդիրներ: Դեսպանը հետաքրքրվել է տնտեսական ճգնաժամի, վերջին ամիսների բնակլիմայական պայմանների` մարզի տնտեսական վիճակի վրա թողած հետևանքներով, նաև այն հարցերով, որոնց վրա սևեռված է պետական իշխանության` ի դեմս տարածքային կառավարման մարմնի ուշադրությունը: Դեսպանի տեղեկացմամբ` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» շրջանակներում Լոռու մարզի ֆերմերների համար կազմակերպվել են դասընթացներ, տրամադրվել են վարկային ռեսուրսներ: Ծրագրի շրջանակներում կատարվում են ոռոգման ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքներ, ձևավորվում են ցուցադրական տնտեսություններ, որտեղ ներկայացվում են նոր գյուղատնտեսական տեխնոլոգիաները, բարձրարժեք մշակաբույսերի աճեցման եղանակները և այլն: Նախատեսվում է ծրագիրն ավարտել 2011թ. սեպտեմբերին: Մինչ այդ, նշանակությամբ կօգտագործվի Հայաստանի գյուղական վայրերին հատկացված 180 մլն ԱՄՆ դոլարը: Ֆինանսական ներդրումների արդյունավետությունը պարզելու համար դեսպանն առաջարկում է  հարցում անցկացնել ֆերմերների շրջանում` չթաքցնելով իր անձնական կարծիքը. «Երբ ես ճանապարհորդում եմ մարզերում, տեսնում եմ, թե ինչ փոփոխությունների է հանգեցնում ծրագրի իրականացումը, սիրտս ջերմանում է դրանից»: Դեսպանը նկատում է մարզում ծրագրի հաջող իրագործման երկու ուղղություններ` ոռոգման և կրթական£ Միաժամանակ կարևորում է Հայաստանի կառավարության հետ երկխոսության խորացումը ժողովրդավարության հարցերի շուրջ: Մարի Յովանովիչը չի թաքցնում նաև իր անձնական դիտարկումը Լոռու բնության մասին, որով ինքն ուղղակի զմայլված է: «Ինչքան գեղեցիկ, ինչքան կանաչ է ամեն ինչ, ինձ թվում էր, թե ես ուղղակի արձակուրդում եմ գտնվում, հանգստյան եմ դուրս եկել: Ճիշտ ենթակառույցների առկայության պայմաններում մեծ ներուժ կա զբոսաշրջության զարգացման համար»,-ասում է դեսպանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter