HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են ՀՀ-ում ծննդյան գրանցում չունեցող երեխաների հայտնաբերման եւ ուղղորդման ծրագրի արդյունքները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց Հայաստանում ծննդյան գրանցում չունեցող երեխաների հայտնաբերման եւ ուղղորդման ծրագրի արդյունքների ներկայացման նպատակով կազմակերպված միջոցառմանը: Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի եւ Հայ օգնության միության միջեւ կնքված պայմանագրի համաձայն` 2009թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, որի շրջանակում ՀՕՄ-ը կատարել է սոցիոլոգիական հետազոտություն` ծննդի պետական գրանցում չստացած երեխաների թվի, հիմնախնդրի պատճառների բացահայտման նպատակով: Ծրագրի իրականացմանն աջակցել են ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արդարադատության, առողջապահության նախարարությունները, ինչպես նաեւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը: Անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով` Երեւանի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում ուսումնասիրված  1330 տնային տնտեսությունում հայտնաբերվել է  ծննդի պետական գրանցում չստացած  126 երեխա: ՀՀ մանկական խնամակալական հաստատություններում ծննդի պետական գրանցում չի ունեցել 19 երեխա: Երեխաներից 35-ը ծնվել է տնային պայմաններում: Ներկայացված են  բոլոր այն պատճառները, որոնք խոչընդոտել են երեխայի ծննդի գրանցմանը: Հատկապես մարզերում արձանագրվել են դեպքեր, երբ տնային ծնունդներից հետո ծնողները  տեղյակ չեն եղել երեխայի  ծնունդը գրանցելու անհրաժեշտության եւ ընթացակարգերի մասին: Հետազոտության հեղինակները գտնում են, որ ծնողների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու համար մեծ դեր կարող է ունենալ մարզային հեռուստառադիոընկերություններով իրազեկման հաղորդումների հեռարձակումը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ հանրապետությունում երեխայի ծննդի պետական գրանցման հետ կապված խնդիրները, առկա օրենսդրական բացթողումներն ուսումնասիրելու նպատակով արդեն ստեղծված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի առաջարկություններ` խնդրի համալիր լուծման մեխանիզմների վերաբերյալ: Փոխվարչապետը նշեց, որ պետական եւ հասարակական հատվածի համագործակցությամբ պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն այս երեւույթը վերացնելու ուղղությամբ, քանի որ նման երեխաները խոցելի են նաեւ բռնության, շահագործման, թրաֆիքինգի  ենթարկվելու առումով: Այս մասին տեղեկացնում է հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter