HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետ կանչել Թուրքիայի և Ադրբեջանի ազգային-պետական շահերը սպասարկող արձանագրությունները

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը ԱԺ 2010թ. հունիսի 8-ի նիստում Հարգելի հայրենակիցներ, «Ժառանգություն» խմբակցությունը ցանկացած պարագայում դեմ է շրջափակումը` որպես քաղաքական գործիք օգտագործելուն: Այս առումով դեմ ենք նաև Գազայի շրջափակմանը, բայց դատապարտում ենք Թուրքիայի` Գազայի իբրև թե ապաշրջափակմանն ուղղված, սակայն իրականում տարածաշրջանի կայունությունը ակնհայտորեն վտանգող սադրիչ ակցիան: Մի երկիր, որը 1973 թ.-ից օկուպացրել է Կիպրոսի հյուսիսային մասը և մինչ օրս պահպանում է օկուպացիոն ռեժիմը` հակադրվելով Եվրոպային և համայն աշխարհին, 1993թ. սկսել և մինչ օրս շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը: Հիմնադրման օրվանից մինչ օրս Թուրքիան վարում է իսլամադավան քրդական ժողովրդի, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնությունների դեմ դաժան և անզիջում խտրական քաղաքականություն: Բացի դրանից` նա դեռ խորհրդային ժամանակաշրջանում ոգևորել է Ադրբեջանին` սկսել Արցախի, ապա նաև Հայաստանի Հանրապետության շրջափակումը: Թուրքիայի այդօրինակ գործողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ այսպես կոչված հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի քաղաքական էլիտայի ընկալմամբ հանդիսանում են ազգային նպատակներին հասնելու ևս մեկ գործիք: Թուրքիայի պահվածքն Իսրայելի նկատմամբ միաժամանակ ցույց է տալիս, որ անգամ երկարատև սերտ և բարիդրացիական հարաբերութուններ ունենալով որևէ երկրի հետ` Թուրքիան երբեք ետ չի կանգնի որևէ սադրիչ գործողութուն իրականացնելուց, եթե դա համապատասխանում է 21-րդ դարում տարածաշրջանում գերտերություն դառնալու իր անհագ ցանկությանը: Նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և մասնավորապես սպորտային լեզվով բնութագրվող դիվանագիտությունը պարունակում են ավելի մեծ վտանգներ և ծուղակներ, քան մինչ օրս հնչեցվել են: Հայաստանի խանությունների կողմից ստորագրված, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված տխրահռչակ արձանագրությունների` Ազգային ժողովի մեծ օրակարգ հապճեպ մտցնելն ու միևնույն ժամանակ Արցախի Հանրապետության ճանաչմանն ուղղված «Ժառանգության» նախաձեռնած օրինագծի` Ազգային ժողովի մեծ օրակարգ մտցնելը երեք տարի շարունակ անընդմեջ մերժելը խոսում է այն մասին, որ Հայաստանը վարում է իրավիճակային և անհեռանկարային արտաքին քաղաքականություն: Միաժամանակ գործող իշխանությունը շարունակում է նաև սոցիալական, տնտեսական, քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարումն ու ազատությունների սահմանափակումը, ինչը վատթարացնում է ժողովրդի լայն խավերի վիճակը և անմիջականորեն վնաս է հասցնում պետության անվտանգությանը: «Ժառանգություն»-ը ևս մեկ անգամ պահանջում է հետ կանչել հայ-թուրքական հարաբերությունների` այսպես կոչված հաստատմանն ու կարգավորմանն ուղղված, սակայն իրականում Թուրքիայի և որոշ իմաստով նաև Ադրբեջանի ազգային-պետական շահերը սպասարկող արձանագրությունները: Միաժամանակ «Ժառանգություն»-ը կոչ է անում բոլոր քաղաքական և հասարակական ուժերին միավորել իրենց ջանքերը` հանուն իրավական, ժողովրդավարական և սոցիալական Հայաստանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter