HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 մլն դրամը խնայվել է մանկատան շրջանավարտների առողջության և բարեկեցության հաշվին

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունը ԱԺ հունիսի 8-ի նիստում Երկու շաբաթ առաջ այցելել եմ մանկատների 12 աղջիկ շրջանավարտներով բնակեցված Քանաքեռի «Ծիածան» տուն և Աբովյանում 2009 թ. հուլիսին շահագործման հանձնված, ավելի շատ ավերակ հիշեցնող նորակառույց, որի 18 բնակարանները տրված են տարբեր տարիների տարբեր մանկատների 18 շրջանավարտի: Քանաքեռի տան տանիքը վնասված է, որի հետևանքով որոշ սենյակների պատեր անտանելի թաց են, շարքից դուրս են եկել տաք ջրի համակարգը, բաղնիքը: Անկողինները քրջերի կույտեր են հիշեցնում, տարիներով սպիտակեղեն չեն ստացել: Աղջիկներից մեկը, գրանցում չունենալու պատճառով, հաշմանդամության թոշակ չի ստանում, ոչ մեկը գրանցված չէ և չէ օգտվում իր սահմանադրական իրավունքներից: Աղջիկներից 4-ն է աշխատում, այն էլ ապօրինի, նրանց հետ աշխատանքային պայմանագիր չեն կնքում: Ապրում են կիսասոված պայմաններում: Ասացին, որ Աբովյանի տան կառուցողների նկատմամբ քրեական գործ է հարուցված, բայց իրենց ընտանիքների կողմից լքված, քանդված տարածք ստացած այս երիտասարդներին ի՞նչ օգուտ դրանից: Նրանց հետագա ճակատագրով զբաղվելու նպատակով` բյուջեով նախատեսված միջոցները տնօրինում է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը: 2009 թ.-ի պետական բյուջեում, ինչպես տեղեկացրել է համապատասխան վարչության պետ Լալա Ղազարյանը, «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նրանց կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցելու համար նախատեսված է եղել 37.5 մլն դրամ: Ըստ նույն տեղեկանքի` 2003-2006 թթ. վերոնշյալ ծրագիրն իրականացրել է «Ժողովրդավարական ֆորում» ՀԿ-ն, իսկ 2006-ից` ՀՕՄ-ը: Տեղեկանքին կից աղյուսակից հայտնի է դառնում, որ 37.5 մլն դրամի 7 մլն-ը խնայվել է երիտասարդների առողջության, մասնագիտական կողմնորոշման, սոցիալական պայմանները բարելավելու հաշվին: Իսկ «Ծրագրի իրականացման ապահովման համակարգման աշխատանքների ծախսեր» բաղադրիչը կատարվել է 100 տոկոսով, որը, ինչպես տեսաք, ամբողջ գումարի 53 տոկոսն է: Ակնհայտ է, որ մանկատների շրջանավարտների համար բյուջեով նախատեսված գումարները տարիներ շարունակ ամբողջությամբ չեն ծախսվում նրանց նվազագույն կարիքների ապահովման վրա, և այն զզվելի պաշտոնյաները, ովքեր, մարդկային խիղճը կորցրած, այդ երեխաների դրամներով են հարստանում, չեն պատժվում օրենքով: Այսպիսի փաստերը 2009 թ.-ի տարեկան բյուջեի հաշվետվության մեջ բազմաթիվ են: Ոլորտները ստանձնած քաղաքական ուժերը պետք է բացատրություն տան, թե ինչ է արվում այդ ուղղությամբ: Իսկ Կառավարությունը պարտավոր է արմատական քայլեր կատարել սոցիալական պետության կերտման և սոցիալական արդարության արմատավորման ուղղությամբ, որը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության պահանջն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter