HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մոտակա տարիների համար մեր տնտեսական համակարգի գերագույն խնդիրը պետք է լինի դիվերսիֆիկացիայի բարձրացումը»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ ԱԺ-ում «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ Ազգային ժողովում` հանձնաժողովների համատեղ նիստում մենք մանրակրկիտ ներկայացրել ենք 2009 թ.-ի պետական բյուջեի հաշվետվությունը։ Հակիրճ կանդրադառնամ 2009 թ.-ի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությանը։ Ծրագիրն արտացոլված է նաև թվերով` հաշվետվության մեջ, որը ձեզ ներկայացված է։ Առաջինը պետք է նշեմ, որ 2009 թ.-ը նորագույն պատմության մեջ բավական լուրջ մարտահրավեր էր մեր տնտեսական և ֆինանսական համակարգերի համար, ինչպես նաև մեր սոցիալական պաշտպանության ցանցի դիմադրողականության գնահատման առումով։ Ունենալով 14,2 % տնտեսական անկում` միևնույն ժամանակ փաստում ենք, որ մեր ֆինանսական, սոցիալական և տնտեսական համակարգը դիմադրողականության բարձր աստիճան դրսևորեց, և հակաճգնաժամային մեր ծրագրերը դրական արդյունք տվեցին. առաջին հերթին հնարավորություն տվեցին մեղմացնել սոցիալական բացասական հետևանքերը։ Երկրորդ` դրանք ուղղված էին տնտեսական աճը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու գործին։ Մեր ռազմավարության տրամաբանությունը բավական պարզ էր և հասկանալի։ Այն պարագայում, երբ համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամը բերել էր մասնավոր ներդրումների կտրուկ նվազեցման Հայաստանի Հանրապետությունում, անհրաժեշտ էր, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունն ուղղված լինի տնտեսությանը` խթանիչ մեխանիզմների ներդրմամբ, ինչը և մենք իրականացրինք` մասնավորապես, որդեգրելով այն քաղաքականությունը, որ ճգնաժամի պարագայում նպատակահարմար չէր բյուջետային ծախսերը կրճատելու` հարկային եկամուտների նվազմանը զուգահեռ։ Հասկանալի է, որ այդ պարագայում կառավարությունն ավելացնում է իր պարտքերը և հարկային բեռը, ինչը և տեղի ունեցավ։ 2009 թ.-ի ընթացքում 13 %-անոց արտաքին պարտքը մենք հասցրինք մինչև 36 % համախառն ներքին արդյունքի մեջ և ներգրավեցինք լրացուցիչ ֆինանսական միջոցեր, որոնք ուղղվեցին պետական բյուջեի միջոցների ծախսմանը։ Արդյունքում ավելացավ պետական բյուջեի դեֆիցիտը, և մենք 2009 թ.-ին արձանագրեցինք վերջին 10 տարվա համար ամենաբարձր բյուջետային դեֆիցիտի ցուցանիշ` շուրջ 7,4 %։ Այս ընդլայնողական քաղաքականության ներքո կարևոր հարց էր, թե պետությունն ինչ ծախսեր պետք է իրականացնի։ Ակնհայտ է, որ առաջին հերթին մեր ծախսերը պետք է իրականացվեն ենթակառուցվածքների ոլորտում` ճանապարհաշինարարություն, ոռոգման համակարգ, խմելու ջուր, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում և բիզնես միջավայրում ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելուն։ Դա մեր հակաճգնաժամային ծրագրի առաջին բաղկացուցիչ մասն էր։ Վարկային միջոցներն ուղղվեցին հիմնականում այդ ծրագրի համար։ 2009 թ.-ին մենք պատմության մեջ ամենաշատ ճանապարհները կառուցեցինք` 411 կմ։ Անցկացրինք նաև խմելու ջրերի ցանց և այլն։ Երկրորդ ֆունդամենտալ ուղղությունն այն էր, որ մենք պետք է բարելավեինք բիզնես միջավայրը, և աշխատանքներն այդ ուղղությամբ ընթացան։ Առաջինը` ստեղծվեցին փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ. մի կողմից` հարկային ռեսուրսներ տրամադրվեցին, մյուս կողմից` օրենսդրական դաշտը բարեփոխվեց, հարկային բեռը թեթևացրինք` հարկային վարչարարությունը պարզեցնելով, ինչը նույնպես մենք ձեզ հետ իրականացրինք։ Արդյունքում` հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի վրա նվազեց, ինչը բարձրացրեց մեր տնտեսության դիմադրողականությունը։ Երրորդ ուղղությունը, կառուցվածքաստեղծ, համակարգաստեղծ ձեռնարկություններին օժանդակելն էր, որոնք ժամանակավոր դժվարություններ ունեին` պայմանավորված համաշխարհային բացասական գների կոնյունկտուրայով։ Օպերատիվ ձևով այդպիսի ֆինանսական օժանդակություն տրամադրվեց խոշոր ձեռնարկություններին, և դա նպաստեց, որ հազարավոր աշխատատեղեր պահպանվեցին, կրճատումներ տեղի չունեցան։ Մեզ հաջողվեց մեղմացնել սոցիալական լարվածությունը խոշոր ձեռնարկություններում, իսկ տրամադրված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ վերադարձվեցին պետական բյուջե։ Դա նույնպես վկայում էր այդ միջոցառումների արդյունավետության մասին։ Հասկանալի է, որ այս հակաճգնաժամային միջոցառումների ընդլայնողական քաղաքականությունն իր ազդեցությունը պետք է թողներ տնտեսության վրա, և մենք դա արձանագրեցինք 2009 թ. երկրորդ կիսամյակում։ Տնտեսական անկումը 18.3 %-ից սկսեց նվազել, և մենք տարին ավարտեցինք 14.2 %-ով, իսկ 2010 թ. այդ միջոցառումները տվեցին իրենց դրական արդյունքը, և մենք 4 ամսվա ընթացքում արդեն իսկ ունեինք 7.2 % տնտեսական աճ։ Մենք համոզված ենք, որ 2010 թ. ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան մենք կանխատեսում էինք տարվա սկզբում։ Այս հակաճգնաժամային միջոցառումները հիմնված էին մեկ կարևոր գաղափարի վրա, այն է` պետությունն իր սոցիալական պարտավորությունները պետք է կատարեր ամբողջությամբ։ Ավելին, պետք է նշեմ, որ 2009 թ.-in մենք ավելացրել ենք թոշակները, և թոշակային ֆոնդը աճել է 16 %-ով։ Ավելացրել ենք սոցիալական նպաստները, և հասկանալի է, որ այս միջոցառումները նույնպես հնարավորություն են տվել մեղմել ճգնաժամի բացասական սոցիալական հետևանքները։ Միևնույն ժամանակ ճգնաժամը հնարավորություն է բացահայտելու մեր տնտեսական համակարգի ուժեղ և թույլ կողմերը և դասեր քաղել ապագայի համար։ Առաջին կարևորագույն դասը մեզ համար տնտեսության և դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն է, որի պատճառով էլ մեզ մոտ անկումն ավելի մեծ էր, քան այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ այն երկրները, որտեղ տնտեսության դիվերսիֆիկացիան ավելի բարձր մակարդակի վրա է, հիմնականում զարգացած երկրներն, ունեին ավելի ցածր տնտեսական անկման ցուցանիշներ` ի համեմատություն զարգացող երկրների, որտեղ տնտեսական անկման ցուցանիշները ավելի բարձր են։ Իհարկե, կախվածություն կա միայն շինարարական ոլորտից, որտեղ էլ անկումը ամենամեծն էր, և շինարարության տեսակարար կշիռն էլ համախառն ներքին արդյունքի մեջ ամենաբարձրն էր։ Հասկանալի է, որ շինարարության մեջ մասնավոր ներդրումների նվազումն էական հարված հասցրեց մեր համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա, և մոտակա տարիների համար մեր տնտեսական համակարգի գերագույն խնդիրը պետք է լինի դիվերսիֆիկացիայի բարձրացումը։ Երկրորդ խնդիրը մրցակցային միջավայրն է և մրցակցային կանոնները, որը հենց նաև խթան է ներդրումների և նոր ոլորտների ի հայտ գալու համար։ Այստեղ մենք լուրջ անելիքներ ունենք և միասին պետք է լինենք հետևողական, մի կողմից, հարկային և մաքսային բարեփոխումները հասցնելու իրենց տրամաբանական ավարտին, մյուս կողմից` բարելավելու մրցակցային դաշտը։ Երրորդ դասը մեզ համար էքսպորտային պոտենցիալի բացահայտումն է և էքսպորտի խրախուսումը, նոր աշխատատեղերի ստեղծումը։ Այն նախաձեռնությունները, որոնք մենք այսօր իրականացնում ենք, մասնավորապես, Զվարթնոց օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, պետության մասնակցությամբ էքսպորտը խթանող ձեռնարկությունների հիմնադրումը, գյուղատնտեսության ոլորտում նոր մեխանիզմների ներդրումը, նպաստելու են էքսպորտի պոտենցիալի բացահայտմանը։ Չորրորդ դասը մեզ համար ռեֆորմներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունն է, որը հնարավորություն է տալու արդիականացնել մեր տնտեսական համակարգը։ 2010 թ.-ի առաջին հինգ ամիսը ցույց է տալիս, որ ընտրված ռազմավարությունն արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները, և ես կցանկանայի ուղղակի թվարկել մի քանի կարևորագույն ռեֆորմներ, որ մենք ձեզ հետ միասին պետք է իրականացնենք և արդեն սկսել ենք իրականացումը։ Ազգային ժողովը հաստատել է պարտադիր ապահովագրության վերաբերյալ օրենսդրական փաթեթը, և 2011 թ.-ի հունվարից Հայաստանի Հանրապետությունում երրորդ անձանց ռիսկի պարտադիր ապահովագրման ռեժիմը, բնականաբար, ստեղծելու է նոր միջավայր ֆինանսական հատվածում։ Կենսաթոշակային բարեփոխումները հնարավորություն են տալու մեր կենսագործունեության բոլոր ոլորտներում ներդնել ժամանակակից նոր մեխանիզմներ, որոնք բարձրացնում են մեր քաղաքացիների պատասխանատվությունն իրենց տնտեսական և սոցիալական խնդիրների ապագայի վերաբերյալ։ Ազատ տնտեսական գոտու հայեցակարգի ներդրումը հնարավորություն կտա էապես խթանել գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ Պարտադիր աուդիտի ինստիտուտի ներդրումը խոշոր ձեռնարկությունների համար 2010 թ.-ին ավելի թափանցիկ կդարձնի մեր տնտեսական դաշտը և էապես կհեշտացնի պետական եկամուտների կոմիտեի համար ռիսկերի վրա հիմնված հայեցակարգի ներդրումը։ Պետական ծառայությունների ոլորտում «Մեկ պատուհանի» գաղափարի ներդրումը, որը մենք պետք է իրականացնենք 2010 թ.-ին, էապես կբարելավի, մի կողմից, բիզնես միջավայրը, ձեռնարկությունների գրանցման գործընթացները, մյուս կողմից` մեր քաղաքացիների սպասարկումը կդառնա ավելի դյուրին։ Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված մեր միջոցառումները 2009 թ.-ին տվեցին դրական արդյունք, քանի որ դուինգ բիզնեսի մեր ցուցանիշը 7 կետով բարելավվեց: Բայց հասկանալի է, որ աշխատանքներն այս ուղղությամբ պետք է շարունակվեն։ Երկարաժամկետ բարեփոխումների տեսանկյունից կարևոր են նաև այն պրոյեկտները, որ մենք իրականացնելու ենք ռեալ հատվածում, մասնավորապես ատոմակայանի նոր բլոկի կառուցումը, Հյուսիս-Հարավ ճանապարհային շինարարությունը, Հյուսիս-Հարավ երկաթգծի կառուցումը, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, առողջապահական-օնկոլոգիական կենտրոնի ստեղծումը ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա, Տաթևի համալիրի վերականգնման աշխատանքները և այլն։ Կարծում ենք, որ բոլոր այն միջոցառումները, որոնք թվարկված են կառավարության ծրագրում, կնպաստեն այն խնդիրների լուծմանը, որոնք մենք բացահայտեցինք 2009 թ.-ի ընթացքում։ Իմ գործընկերները ձեզ ավելի մանրակրկիտ` թվերով, կներկայացնեն 2009 թ.-ի բյուջեի կատարողականը: Ավարտելով իմ ելույթը` ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Ազգային ժողովի պատգամավորներին համագործակցության համար, քանի որ բազմաթիվ հակաճգնաժամային միջոցառումներ մենք կարողացանք իրականացնել ձեզ հետ միասին` ընդունելով օրենքներ, որոնք, մի կողմից, բարելավում էին բիզնես միջավայրը, մյուս կողմից` հստակ մեխանիզմներ էին պարունակում, որ մեր ֆինանսական օգնությունը և օժանդակությունը լինեն նպատակային և նպաստեն տնտեսական աճին։ Կարծում եմ, որ 2010 թ.-ին մենք ձեզ հետ միասին կարձանագրենք համատեղ աշխատանքների դրական արդյունքները։ Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter