HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Ի վիճակի չեմ տեղյակ լինելու Երեկ ԱԺ այցելած արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից թերթը փորձել է տեղեկանալ, թե քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը տեղափոխվե՞լ է քաղաքացիական հիվանդանոց: Ս. Միքայելյանը, ով 2 տարուց ավելի բանտում է, անցյալ տարի սրտի վիրահատություն էր տարել, այժմ կրկին վիրահատության կարիք ունի, և նախնական տեղեկություններով` հունիսի 11-ին պետք է վիրահատվի: «Ի՞նչ եք կարծում` արդարադատության նախարարը էս տեղեկատվության ծանրաբեռնվածության պայմաններում պետք է նաև հստակ իմանա, թե որ դատապարտյալը որտե՞ղ է գտնվում: Ես տեղյակ չեմ, ի վիճակի էլ չեմ տեղյակ լինելու: Դա իմ խնդիրը չէ»,- հայտարարել է նախարարը: Թերթի այն դիտարկմանը, թե խոսքը հայտնի քաղբանտարկյալ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի մասին է, նախարարը հակադարձել է. «Ինձ համար բոլոր դատապարտյալները ունեն միևնույն կարգավիճակը, և իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ միասնական է: Ի՞նչ է նշանակում հայտնի քաղբանտարկյալ»: Ով է նա, ով է նա ՀՀ արդարադատության խորհուրդը գաղտնի է պահում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թափուր պաշտոնի համար հայտեր ներկայացրած թեկնածու-դատավորների թիվը և անունները: Դատարանի նախագահի թեկնածուների հայտերն ընդունվել են մինչև հունիսի 4-ը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը թերթի թղթակցին ասել է, որ մինչև ԱԽ-ի համապատասխան որոշում կայացնելը որևէ տվյալ հրապարակման ենթակա չէ: Թերթի տեղեկություններով` թափուր պաշտոնի համար նույն դատարանի առնվազն երկու դատավոր է պայքարում` Գագիկ Պողոսյանը և Մնացական Մարտիրոսյանը: Երկուսն էլ «վաստակաշատ» դատավորներ են` բազմաթիվ ապօրինի դատավճիռներ են կայացրել: Սակայն նախագահականում դեռ չի որոշվել, թե նրանցից ով է «ընտրյալը»: Խնդիրը կհստակեցվի հունիսի 11-ին նշանակված ԱԽ նիստից առաջ, այդ ժամանակ թեկնածուների ցուցակում կմնա միայն «ընտրյալի» անունը, որն էլ կներկայացվի Սերժ Սարգսյանի հաստատմանը: Այսպիսով հնարավոր կլինի քողարկել մերժվածի անունը: «Ջրաշխարհի» «վիշապը» Երեկ Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչներից մեկն է զանգահարել թերթի խմբագրություն և բողոքել, որ «Ջրաշխարհն» իր գործունեությամբ ուղղակի զզվեցրել է բնակիչներին: Պարզվում է, հենց ամառը բացվում է, Նոր Նորքի բնակիչները ժամը 10:30-ից մինչև ժամը 18-19-ը ջուր չեն ունենում: «Մենք ջրաչափ ենք տեղադրել, փող ենք մուծում, որ շուրջօրյա ջուր ունենանք, հետո ինչ, որ «ջրաշխարհը» մեր հարևանությամբ է գործում: Կրակն ընկա՞նք, թող էդ հարցերը կարգավորեն»,- դժգոհել է բնակիչն ու ասել. «Փաստորեն, մեր խողովակների մոտ էլ էն հեքիաթների նման վիշապ է նստել և չի թողնում, որ ջուրը հասնի մեզ: Մենք էլ կմտածենք, թե ում գտնենք, որ գա, վիշապին սպանի, ջուրը հասցնի բնակիչներին»,- իրավիճակից դուրս գալու ելքը այսպես է նկարագրել բնակիչը: Ինչ վերաբերում է «Երևան ջրմուղին», ապա մարդիկ վաղուց դադարել են այդ կազմակերպությանը լուրջ վերաբերվել ու ինչ-որ ակնկալիքներ ունենալ: «Նրանց ասած-չասած` նույնն է»,- պնդում է սպառողների մեծ մասը: Գործող ընդդիմությանն այլընտրանք է փնտրում Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, որը 2008 թվականի աշնանից ի վեր քննադատում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներին քաղաքական ակտիվ գործողություններից հրաժարվելու համար, երեկ ի պատասխան «Առավոտի» հարցին`  հայտարարել է. «Կարծում եմ` ակնհայտ է, որ Կոնգրեսի ներսում ամեն ինչ որոշվում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, և այդ վիճակը ներսում փոխել հնարավոր չէ: Հիմա ես մտածում եմ նոր ընդդիմադիր ձևաչափ ձևավորելու ուղղությամբ, որն ավելի ակտիվ կլինի, կվերցնի 2008-ի շարժման ակտիվ մասը, բայց դրան կգումարի նաև հասարակության այն շերտերին, որոնք չմիացան այդ շարժմանը»: Պետական չեն լինի Ըստ պատգամավոր Արտակ Զաքարյանի. «Օրենքն ընդունելու դեպքում մենք միջազգային մակարդակ ունեցող, բայց սահմանափակ քանակի օտարալեզու հանրակրթական դպրոցներ կունենանք, որոնք կարող են իրագործել միջազգային կրթական ծրագրեր: Այս կարգի բոլոր դպրոցները մասնավոր են լինելու: Օտարալեզու պետական դպրոցներ չեն գործելու: Բարեփոխված օրինագիծը սահմանել է նաև, որ այլալեզու հանրակրթական ծրագրեր իրականացնելու են միայն ավագ դպրոցում: Իսկ դա նշանակում է, որ մեր երկրի քաղաքացուն հայ ինքնությունից կտրելու մտավախությունը վերացած է»: Վարչապետը ճգնաժամից ստացած դասերն է նշում, իսկ ընդդիմախոսները 2009-ի բյուջեի կատարողականը քննադատում են Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր 2009 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: Ու չնայած այդ կատարողականի ընդդիմախոս դաշնակցականներն ու ժառանգականները կառավարության` ճգնաժամային տարվա գործունեությանը էլ ինչ որակումներ ասես չտվեցին, ու անգամԱրծվիկ Մինասյանը կառավարության կազմի հրաժարականի պահանջի հասավ, սակայն ընդհանուր առմամբ 2009-ի բյուջեի կատարողականի ընդդիմախոսները փոքրամասնության մեջ էին, նրանց մնում էր հարցեր ուղղել ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին` այդ հարցերի մեջ դնելով ընդդիմադիր իրենց ողջ կիրքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter