Դատախազությունը միջնորդել է Փաշինյանի պատժաչափի վերաբերյալ
Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ. Ավետիսյանը գրավոր միջնորդագիր է ներկայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տ. Նավասարդյանին՝ օրենսդրությանը հակասող ակտը վերանայելու մասին:
Այս տարվա մայիսի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի որոշմամբ կատարվել է դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ, համաձայն որի նշանակված պատժաչափը կրճատվել է 1/2-ով` երեք տարի մեկ ամիս մեկ օրով, որի արդյունքում վերջնական պատժաչափը կազմել է երեք տարի 10 ամիս 29 օր: Կայացված որոշման ստուգմամբ պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի կողմից դատապարտյալ Ն. Փաշինյանի պատժաչափի չկրած մասի հաշվարկը կատարվել է 2010 թ. ապրիլի 30-ից` դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
««Համաներում հայտարարելու մասին» որոշումը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2009 թ. հունիսի 19-ին, որը կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարած կամ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, մինչդեռ դատապարտյալ Ն.Փաշինյանը արգելանքի է վերցվել 2009 հուլիսի 1-ին, իսկ մեղսագրվող արարքը կատարել է մինչև համաներման ակտի ընդունումը, հետևաբար դատարանի կողմից նշանակված և չկրած պատժի մասի հաշվարկը պետք է կատարվեր 2009 թվականի հուլիսի 1-ից, այն է` նշանակված և չկրած յոթ տարի ժամկետով ազատազրկումը «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 19.06.2009 թ. որոշման 7-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով պետք է կրճատվեր կիսով չափ` երեք տարի վեց ամիս, իսկ վերջնական պատժաչափը կկազմեր` երեք տարի վեց ամիս»,- նշված է գլխավոր դատախազության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:
Վ. Ավետիսյանը միջնորդել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ վերանայել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի 25.05.2010 թվականի թիվ 31 որոշումը և դատապարտյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի պատժաչափի չկրած մասի հաշվարկը կատարել 2009 թվականի հուլիսի 1-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել