Ֆրանսիացի պատգամավորները` ԼՂՀ-ում
Երեկ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը: Ֆրանսիացի խորհրդարանականների եռօրյա ճանաչողական այցը Ստեփանակերտ իրականացել է ԼՂՀ իշխանությունների հրավերով, որը կատարվել է դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի վերջերին, երբ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցով գտնվում էր Ֆրանսիայում:
Ինչպես փոխանցում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը, պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը և նույն խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան, Ռիշար Մալիեն, Առլետ Գրոսկոստը, Ռընե Ռուքեն, Միշել Դիֆենբաքերը, Պասկալ Կրոզոն: Պատվիրակցությանն ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարևորել է վերջին շրջանի շփումները երկու խորհրդարանների միջև: «Պարոն Ռոշբլուանի հետ,- ասել է նա,- սա մեր երրորդ հանդիպումն է մեկ տարվա ընթացքում, որից երկուսը կայացել է Արցախում, և ես անչափ ուրախ եմ, որ նա այս անգամ Արցախ է ժամանել իր գործընկերների հետ, նրանց, ովքեր արդեն գիտեն Լեռնային Ղարաբաղը և նրանց, ում համար մեր երկիրը նոր պիտի բացվի իր հմայքով»:
Իր հերթին Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է. «Մեզնից նրանց համար, ովքեր մինչ այդ այցելել են ձեր երկիր, մեծապես հաճելի է վերագտնել Արցախը, իսկ մյուսների համար, ովքեր առաջին անգամն են այստեղ` հայտնաբերել Արցախը»:
Զրույցի ժամանակ հիմնականում շոշափվել են Արցախի ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակին, ԼՂՀ վերջին խորհրդարանական ընտրություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին, խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման անհրաժեշտությանը և այլ խնդիրների առնչվող թեմաներ, որոնց վերաբերյալ ԱԺ նախագահը հանգամանալի պարզաբանումներ է տվել:
Համաձայն այցի ծրագրի` հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով` ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանի, Արպատ Ավանեսյանի, Վահրամ Աթանեսյանի և Արմեն Սարգսյանի մասնակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել