HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Առավել շատ կեղծվում են թանկարժեք դեղերը

Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տվյալներով` Հայաստան դեղեր ներմուծվում են բոլոր խոշոր դեղարտադրող` հիմնականում Եվրամիության անդամ երկրներից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից: Սակայն միության տնօրեն Սամվել Զաքարյանը դեղ ներմուծող եւ արտադրող կազմակերպությունների մասին տեղեկություններ չտրամադրեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Այժմ մեզ մոտ գոյություն ունեն 14 հայկական դեղարտադրող ընկերություններ, սակայն Սամվել Զաքարյանը հրաժարվեց տեղական արտադրության դեղերի անունները նշել. «Ես իմ էթիկան ունեմ եւ չեմ կարող դեղերի անուններ տալ. կամերաները երբ անջատեք, կասեմ: Միայն կարող եմ ասել, որ հայ դեղարտադրողները 300-ից ավելի գրանցված դեղեր ունեն Հայաստանում: Եթե ուզում եք հայ դեղարտադրողի դեղերը գնել, ուղղակի դեղատանը խնդրեք թող տեղական արտադրանքի դեղ տան»,- ասաց պրն Զաքարյանը:

Նա նաեւ վստահեցրեց, որ տեղական արտադրության դեղերն ունեն հայերեն մատնանշումներ: Հայաստանի դեղատներից գնված ներմուծված դեղերի մեծ մասի վրա հայերենով պիտակներ չկան: ՀՀ օրենսդրությունը դա չի պահանջում. «Սխալ չէ, որ օրենքը դա չի պահանջում, որովհետեւ Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող պահանջել 100 կամ 1000 հատ տուփի վրա մեր լեզվով մատնանշել: Դեղի վրա հայերենով մատնանշում կատարելը գումարների հետ է կապված, եւ դեղարտադրող կազմակերպությունը կարող է հրաժարվել մեզ դեղ տրամադրելուց: Այս դեպքի համար կա ուրիշ լուծում. Վրաստանի օրինակով կարող ենք բոլոր դեղերի հայերեն մատնանշումները այստեղ տպել եւ փակցնել դեղատներում»:

Այս տարվա մարտին ԱԱԾ մարմինները դեղատներում բացահայտեցին կեղծ եւ ժամկետն անց դեղերի վաճառք: Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրենը նշում է, որ առավել շատ կեղծվում են թանկարժեք դեղերը: Կեղծիքները վերահսկելու հստակ գործողություններ միությունը չի իրականացնում. «Մենք ընդամենը մոնիտորինգներ ենք անում. դա էլ սկսել ենք այս տարի, եւ եթե կեղծ դեղեր բացահայտենք, պետք է դիմենք համապատասխան օրգաններին»,- ասաց Սամվել Զաքարյանը:

2009 թ. նոյեմբերին որպես մարդասիրական օգնություն Հայաստան էր ուղարկվել «Մելտոլան-5» կոչվող հոգեմետ դեղերի մեծ խմբաքանակ, որն արտադրում է հնդկական «Alkem laboratories» ընկերությունը: Սակայն դեղօգտագործողները մեծ բողոք բարձրացրին, թե տվյալ դեղը բացասական ազդեցություն է ունենում հոգեկան հիվանդ մարդկանց վրա: Այս դեպքի մասին Սամվել Զաքարյանը ոչինչ չասաց, քանի որ. «Դա ինձ համար նորություն է: Ինչ-որ մեկը տեղյա՞կ է այդ դեպքերի մասին` բացի ինձնից»,- հարցրեց պրն Զաքարյանը: Նա միաժամանակ պնդեց, որ «Հայաստանի թե՛ ներմուծող եւ թե՛ արտադրող ընկերությունները շատ ուշադիր են ժամկետների եւ կեղծիքների նկատմամբ, որովհետեւ դա շոկոլադ չէ, որ մարդն ուտի եւ չզգա. դա մարդու առողջության հետ է կապված: Դեղատան, խանութի աշխատակիցը կարող է փոխել ժամկետները, բայց արտադրողն այդպիսի բան չի անի»:

Ինչ վերաբերում է դեղեր ներմուծող ընկերությունների մրցակցությանը, Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրենը հավատացնում է, որ. «Մոտ 27 ներմուծող կազմակերպություն կա, որոնց միջեւ մրցակցություն, այո, կա: Դեղատեսակներ կան, որոնք չեն կարող մենաշնորհ չլինել, որովհետեւ էքսկլյուզիվ պայմանագրեր են կնքում դեղարտադրողների հետ եւ միայն իրենք կարող են ներկրել այդ տեսակ դեղերը: Իմ տեղեկություններով` 27 կազմակերպություններն էլ առանձին մարդկանց են պատկանում»:

Դեղարտադրողների եւ ներմուծողների միությունը հասարակական կազմակերպություն է եւ դեղերի շուկայի վրա ազդեցության որեւէ լծակ չունի:  Անդամավճարների հաշվին գործող միությունն իրականացնում է մոնիտորինգներ եւ կամզակերպում ակցիաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter