Տիգրան Սարգսյան. «Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ՏՏ ոլորտի հիմնախնդիրները»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «DigiTec Business-2010» 3-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումի բացմանը։ Վարչապետի հովանու ներքո կազմակերպվող ֆորումն անցկացվում է «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով։ Կառավարության ղեկավարն ընդգծել է ավանդական դարձած բիզնես-ֆորումի կարևորությունը և արդյունավետությունը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում։
Վարչապետը կարևորել է կառավարության որոշմամբ ՏՏ ոլորտի հռչակումը որպես առաջնահերթություն և ոլորտում աճի արձանագրումը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում։
Մատնանշելով «DigiTec Business-2010» ցուցահանդես-ֆորումին մասնակցող ձեռնարկությունների թվի ավելացման կարևորությունը` Տիգրան Սարգսյանը, մասնավորապես նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգացող ոլորտ է, և մեր քաղաքացիները տարեցտարի զգում են ծառայությունների որակի բարձրացումը, այդ ծառայությունների հասանելիությունը և գների նվազումը։ Կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները հենց այդ ուղղվածությունը պետք է ունենան։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում է գտնվում ոլորտի մասնագետների կողմից բարձրացվող հարցադրումների մի մեծ ցանկ, և վարչապետին կից հասարակական խորհուրդը մշտապես քննարկում է այդ հարցերը»:
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, այնուհետև Տիգրան Սարգսյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել տեղական ու միջազգային ընկերությունների ներկայացրած ապրանքներին և ծառայություններին։
Հունիսի 9-10-ն անցկացվող ֆորումը, կազմակերպված Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, կոչված է նպաստելու տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) կիրառմանը։ Դրա շրջանակներում նախատեսվում է նաև տեխնոլոգիական սեմինարների, թեմատիկ կլոր սեղանների և «Start up» ֆորումի կազմակերպում։
Առանձին տաղավարով ներկայացվել էին նաև ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում կիրառվող ՏՀՏ միջոցները և էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվն այս տարի հասել է 35-ի։ Բացմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջաթինդեր Չիման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել