Հարկայինն ընդդեմ ոստիկանության
Երեկ, ժամը 18-ին մոտ, Ազատության հրապարակ են այցելել ՀՀ պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները և հրահանգել բոլոր գործող ատրակցիոնների աշխատանքը դադարեցնել: Պատճառը եղել է այն, որ այդ ատրիակցիոնները գործում են օրենքից դուրս: Սա ուշագրավ է նրանով, որ դրանք տեղադրվել են իշխանությունների նախաձեռնությամբ` Ազատության հրապարակը ընդդիմության ներկայացուցիչների առաջ փակելու պատճառ սետղծելու համար:

Դրանք, իրոք, գործում են անօրիանական, բայց կարծում ենք, ատրիակցիոնների տեղադրման պատճառն այնքան «զորեղ» է, որ կարելի է նաև աչք փակել դրանց գործունեության օրինականության վրա, և հավանաբար, շատ շուտով դրանք կվերսկսեն աշխատանքը: Ի դեպ, երեկ Youtube-ում տեղադրվել են տեսակադրեր այն մասին, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ուղղություն ցույց տալիս ատրիակցիոնների տերերին, թե որտեղ տեղադրեն դրանք:
Ինքնասպանություն է գործել
Երեկ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հերթական ինքնասպանությունն է գրանցվել: Սավանի միջոցով կախվել է դատապարտյալ Վարուժան Հովհաննիսյանը: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Հովհաննիսյանը 23 տարեկան էր և դատապարտված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Այլ մանրամասներ պաշտոնական աղբյուրը չհաղորդեց, պատճառաբանելով դեպքի կապակցությամբ սկսված քննությունը:
Այլ աղբյուրներից ճշտեցինք, որ հունիսի 8-ին Հովհաննիսյանի գործով դատավճիռ է կայացվել, որից հետո նրան տեղավորել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային բաժանմունքում: Երիտասարդը չի կարողացել հոգեբանորեն ընդունել իր պատիժը և գիշերը վերջ է տվել կյանքին: Հիշեցնենք, որ սա վերջին մեկ ամսում երկրորդ ինքնասպանության դեպքն է «Նուբարաշենում» և ակնհայտ է, որ կատարվածն ուղղակիորեն առնչվում է իրավապահ համակարգում` դատարաններում, ՔԿՀ-ներում տիրող վիճակի հետ:
Կարող են լինել նաև ռուսական
Երեկ «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունները քննարկելու ժամանակ դաշնակցական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը հետաքրքրվեց ԿԳ նախարարից` արդյոք խոսքը վերաբերու՞մ է ռուսական դպրոցների բացմանը: Նախարարը չբացառեց, որ կարող են լինել նաև ռուսական դպրոցներ, սակայն պետք չէ նախաձեռնությունը քաղաքականցնել և փնտրել արտաքին ազդեցության լծակներ: «Ես չեմ բացառում, որ օրենքի ընդունումից հետո մենք կարող ենք ունենալ միջպետական կամ միջկառավարական համաձայնագրի ռուսական, ֆրանսիական, անգլիական կամ որևէ այլ` կառավարության հետ միջպետական դպրոցների մասով»,- նշեց նախարարը:
Կամ տեղյակ չեն, կամ շահարկում են
Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երեկ, անդրադառնալով Հայաստանում օտարալեզու հաստատույթունների ստեղծման հարցին, ասել է, որ իրականում քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայասատանում հիմնելու խնդիրը: Նրա հավաստմամբ, երկրի նախագահը դրական է վերաբերվում այդ խնդրին:
«Սա հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ մեր երկրում լիարժեք կրթություն ստանալ: Ընդ որում, այդ դպրոցներում հայագիտական առարկաների ուսումնասիրությունը պարտադիր է լինելու: Այդպիսի դպրոցների շնորհիվ սփյուռքահայ երեխաները կարող են Հայաստանում կրթություն ստանալ և սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ»,- ասել է Ա. Արզումանյանը և հիշեցրել, որ այդ դպրոցների թիվը սահմանափակվում է օրենքով, իսկ դրանց հիմնադրումը յուրաքանչյուր առանձին դեպքում դառնալու է կառավարության քննության առարկա:
Կրթության և գիտության նախարարությունն էլ պատասխանատվություն է կրելու որակի վերահսկման համար: «Օրենքը քննադատողները հաճախ տեղյակ չեն նախագծի մանրամասներին կամ հարցը միտումնավոր տեղափոխում են ամբողջությամբ այլ ոլորտ և իրենց հայտարարություններով խառնաշփոթ ստեղծում խնդրի հանրային ընկալման մեջ»,- նշել է Ա. Արզումանյանը:
Սարգսյանը հիասաթափվել է Սարգսյանից
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանն օրերս իր մտերմիկ շրջանակներում խոստովանել է, որ ինքը մինչև հիմա մտածում էր, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խելացի տղա է, սակայն հիմա հասկացել է, որ նրա` խելացի լինելու մասին խոսակցություններն ընդամնը միֆ են և որևէ առնչություն չունեն իրականության հետ: փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը մարդկանց մասին իր կարծիքը փոխում է բացառապես այն ժամանակ, երբ տվյալ մարդն իր նկատմամբ փորձում է, ըստ իրենց, դավաճանական քայլերի դիմել:
Բոլորովին այլ աղբյուրից երեկ տեղեկացանք, որ օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ վերնախավի և «ժառանգության» առանձին ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ նա խորհուրդ է տվել այս երկու կուսակցություններին ակտիվանալ, և հետևողական քննադատել ՀՀ իշխանություններին, մասնավորապես` Սերժ Սարգսյանին և, առհասարակ, նախագահական ապարատին: Այս երկու տեղեկատվական հոսքերը համադրելիս հասկանալի է դառնում, թե ինչու է փոխվել Սերժ Սարգսյանի կարծիքը Տիգրան Սարգսյանի մասին:
Արմեն Ջիգարխանյանին մրցանակ են տվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դարձել է Ռուսաստանի թատերական բարձրագույն մրցանակի` «Բյուրեղապակյա Տուրանդոտի» դափնեկիր: Այս հեղինակավոր մրցանակը նա ստացել է թատրոնին «անձնվիրաբար ծառայելու, պատվի և արժանիքների» համար: Ի դեպ, այս տարի լրանում է մեծ դերասան Արմեն ջիգարխանյանի 75-ամյակը:
Das ist fantastisch
«Միջազգային փորձի ուսումնասիրության ժամանակ ո՞ր երկրներում եք օտարալեզու դպրոցներ նկատել»,- երեկ ԱԺ-ում «Լեզվի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նա պատգամավորին խորհուրդ է տվել այդ տեղեկատվությունը ստանալու համար մտնել ինտերնետ, բացել Google.com կայքը, հավաքել «բրիթիշ սքուլ» և ստանալ իր հարցի պատասխանը: Իսկ մեր թղթակցի հարցին, թե ինչպիսի՞ն է կառավարության տրամադրվածությունը օտարալեզու դպրոցի ծրագիրը ավագ դատարանում կիրառելու առաջարկին, Ա. Աշոտյանը պատասխանել է. «Խիստ կոնստրուկտիվ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել