Վահագնաձորի դպրոցը շահագործման հանձնվեց
Նորակառույց դպրոցը կնպաստի ուսման առաջադիմությանը. համոզված են Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի դպրոցի սաները, որոնց հիշողության մեջ 2009-10 թթ. ուսումնական տարին էլ մտապահվեց ձմռան սառնամանիքով ու փայտե վառարաններով:
Դպրոցի նորամուտը տոնող աշակերտները զուգահեռներ են անցկացնում հին ու նոր դպրոցների միջեւ. «Հին դպրոցում, երբ ձմեռը ցուրտ էր լինում, երեխաները մրսում էին, հիվանդանում և չէին գալիս դպրոց»,-ասում է շրջանավարտ Մհեր Հակոբյանը:
«Դպրոցի պատերը լավը չէին, օրեցօր փլվում էին, մարզադահլիճ չունեինք, չէինք կարողանում խաղալ, լուսամուտների ապակները ջարդված էին»,-հիշում է Մինաս Հակոբյանը:
Երեխաները պատմում են, որ դասասենյակները ջեռուցվում էին փայտե վառարաններով, իսկ փայտը նրանք հիմնականում տնից էին բերում: Ցրտի պատճառով ձմռանը դասերը 10-15 րոպեով կրճատվում էին: Նաև` դասասենյակների պակաս կար:
Դպրոցի շրջանավարտներ Մուշեղ Փարեմուզյանն ու Մհեր Հակոբյանն ափսոսում են որ, չհասցրին գոնե վերջին տարին նոր դպրոցում սովորել, ինչպես խոստացել էին նախապես: Սակայն նրանք ուրախ են կրտսեր ընկերների համար, որոնք սովորելու են լուսավոր, հարմարավետ դպրոցում: Նոր, կահավորված դասասենյակներում նրանք իրենց ավելի լավ կզգան և հաճույքով կսովորեն:
Աշակերտներն այն կարծիքին են, որ դասասենյակներն անպայման նպաստում են դասի որակին: Օրինակ` Մինաս Հակոբյանը հաստատ որոշել է, որ առաջիկա ուստարում լավ է սովորելու. «Շատ եմ փոշմանել, որ լավ չեմ սովորել: Երևի դպրոցի պայմաններից էր. լավը չէին, չէի կարողանում սովորել: Նոր դպրոցում, հուսով եմ, կարող եմ լավ սովորել»:
Նոր դպրոցի կառուցման համար երկար ժամանակ ֆինանսական միջոցներ չէին հայթայթվում, բացի այդ, հարմար տարածք չկար: Իսկ հին դպրոցը վատթար վիճակում էր, նպատակահարմար չէր վերակառուցել: «Նախկին դպրոցն արդեն դարն ապրած, 100-ամյա դպրոց էր: Շենքի հետևի պատը հող էր, հողի մեջ էր, ոչ թե գետնից վերև»,-ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Ջոմարդյանը:
Վերջապես գտնվեց այս տարածքը, որի տեղում նախկին կիսավեր խանութ էր, և այն քանդելով` «Հայասատանի սոցիալական ներդրումների» հիմնադրամի կողմից կառուցվեց նոր դպրոցը:
Շինարարների հավաստմամբ` ընտրված տարածքն էլ այնքան հարմար չէր. այս տեղանքում երկաթգծի կառուցման ժամանակ հողի լցոնում էր եղել, և դպրոցի հիմքը դնելիս դժվարություններ առաջացան: Ստիպված են եղել խորացնել այն 6 մ-ով: Փաստորեն` այն 0-ից 6 մ խորն է:
Դպրոցը կառուցվել է Հայասատանի սոցիալական ներդրումների հիմնադրամի և «Վարդանանց ասպետներ եւ դուստրեր» կազմակերպության կողմից աշխարհասփյուռ պոլսահայերի աջակցությամբ` ի հիշատակ թուրքահայոց պատրիարք Գարեգին Խաչատրյանի: Դպրոցի շինարարությանը պետք է մասնակցեր նաև համայնքը` ծրագրի արժեքի 10 տոկոսի ներդրմամբ (ծրագրի արժեքը 110 մլն է): Բայց քանի որ համայնքը չուներ այդպիսի միջոցներ, ծրագիրն իրականացավ սփյուռքահայ բարերարների համաֆինանսավորմամբ:
Իրականացվել են կառույցի հարդարման աշխատանքներ, կատարվել է էլեկտրալուսավորում, ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման համակարգերի տեղադրում: Դպրոցը նույնպես կկահավորվի հիմնադրամի միջոցներով: Այն արդեն ապահովված է որոշակի գույքով, որի համար ծախսվել է մոտավորապես 3-4 մլն դրամ: Իսկ բարերարները կհոգան դպրոցի այլ կարիքները, օրինակ, կապահովեն ինտերնետ կապով, համակարգիչներով:
Դպրոցն անվանակոչված է Պոլսո Հայոց պատրիարք Գարեգին Խաչատուրյանի անվամբ: Պոլսում վարդապետ ձեռնադրվելով` նա անմիջապես սկսել է իր հոգևոր-մշակութային գործունեությունը. տարբեր եկեղեցիներում քարոզիչ-վարդապետ լինելուց բացի կրթական հաստատություններում տեսչի և ուսուցչի պաշտոններ է զբաղեցրել, զբաղվել հայերեն լեզվի դասավանդմամբ:
«Նրան առաջարկել են, որ Պոլսո պատրիարք դառնա, ասել է` միայն մեկ պայմանով կուգամ ես. Անատոլիու գավառներու մեջ այնքան կորսված հայեր կան, ու մենք դպրոց չունենք այնտեղ, ուրեմն ես այն պայմանով կու գամ` ինձի մի հատ դպրոց պիտի սարքեք Պոլիս քաղաքում, ես գավառից երեխեքը պիտի բերեմ, ու գիշերօթիկ այս դպրոցը պիտի ուսանեն: Ու այդ ձևով Դպրեվանքի հիմքը նետած է ինքը: Ու մինչև այս օրը գոյություն ունի դպրոցը, ու այդ դպրոցէն ելած աշակերտներուն 99 տոկոսը դարձած են նվիրյալ հայության համար»,-պատմում է Սեդրակ Այդնը, որը Դպրեվանքի սան է և 27 տարուց ավել է Փարիզում է ապրում:
«Այդ առաջարկությունը, որ եկավ մեզի` Դպրեվանքի միության, որ կը գտնվի Փարիզ, մի մասնաճյուղն է, մյուս մասնաճյուղը Ամերիկա է, մեկն ալ` Թուրքիա: Մենք կը կազմենք այն մասը, որ Փարիզ կը գտնվի: Այսպիսի աշխատանք տանելու համար օգնություն սպասեցին բոլոր Դպրեվանքի միություններուն, ու մենք, Փարիզի մարզ ըլլալով, իրենց մեր աջակցությունը բերած ենք»:
Դպրոցաշինության ծրագիրը պիտի շարունակվի. «Թեր¢ս տարի մը հետո մի նոր դպրոցի բացման համար պիտի գտնվինք Հայաստան»,-լավատես է բարերարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել