
«Ժամանակի» փաստաբանը միջնորդեց դատարան հրավիրել վկաներին
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Գլենդել Հիլզ» ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու հայցով դատաքննության շարունակությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի (հիմնադիր` «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ):
Հիշեցնենք, որ թերթը տեղեկություն էր տպագրել Գյումրի քաղաքում երկրաշարժից տուժած ընտանիքների համար «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից կառուցված Մուշ-2 թաղամասի շենքերի ոչ որակյալ շինարարության մասին` հղում կատարելով բնակիչների բողոքներին: Այս դեպքում «Ժամանակ» օրաթերթը ոչ թե ընդունել և հերքել է իր օրաթերթում հրապարակված տեղեկատվությունը, այլ հրապարակել է հայցվորի կողմից հերքում պահանջելու գրությունը:
Պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց «Ժամանակ» օրաթերթի սույն գործով վիճարկվող հոդվածում հրապարակված քննարկման ենթակա հետևյալ 4 հարցադրումները.
1. Եղե՞լ է ինքնափլուզում կամ փլուզում, թե՞ ոչ,
2. Բնակիչներին «Գլենդել Հիլզ»-ն առձեռն առաջարկե՞լ է 1000 դոլար գումար,
3. Փորձ արե՞լ են ամեն գնով համոզել բնակիչներին, որպեսզի նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին,
4. Հակառակ դեպքում բնակարանը չի՞ վերանորոգվի:
Ինչ վերաբերում է առաջին հարցին, ապա կողմերն այլևս չանրադարձան դրան, քանի որ այն բավականին երկար քննարկվել էր նախորդ նիստի ընթացքում:
Պատասխանողն հարց ուղղեց հայցվորին, թե ցանկացած իրականությանը չհամապատասխանող տեղեկություն մեխանիկորեն զրպարտությու՞ն է դիտվում: Հայցվորը պատասխանեց` «ոչ» և ավելացրեց, որ իրենք որպես զրպարտություն են դիտում այս գործով ամբողջ հոդվածի համատեքստում գրվածը:
Նիկոլայ Բաղդասարյանն ուզում էր, որ հայցվորները կոնկրետ ճշտեն, թե հոդվածի որ մասերն են համարում զրպարտություն, որ դրանց դեմ հակափաստարկներ ներկայացնի: Հայցվորի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանի պարզաբանումներին, թե որ նախադասություններն են դիտում զրպարտություն, այնուամենայնիվ, պատասխանողին դրանք կրկին հարցական մնացին:
Ն. Բաղդասարյանը նշեց, որ «Գլենդել Հիլզ»-ը բնակիչներին առձեռն առաջարկել է 1000 դոլար, իրենց լրագրողը դա հրապարակել է, քանի որ բնակիչներից մեկը նման արտահայտություն է արել: Այլ հարց է, թե լրագրողը ճշտե՞լ է այդ ինֆորմացիան, թե՞ ոչ: Այս հարցն էլ կպարզվի նրա` վկայություն տալու ժամանակ:
Փաստաբան Բաղդասարյանը հերթական հարցը տվեց, թե արդյոք հայցվորը չի՞ բացառում, որ մի անձ կարող է ինֆորմացիա տալ լրագրողին, հայցվորը պատասխանեց, որ չի բացառում: Փաստաբանը շարունակեց հարցադրումը, թե` եթե իրենք բացահայտեն լրագրողի ինֆորմացիայի աղբյուրը, ապա իրենք կազատվե՞ն պատասխանատվությունից: Ա. Սարդարյանը պատասխանեց «ոչ»` մեկնաբանելով, թե, համաձայն օրենքի, լրագրողը կարող է ազատվել պատասխանատվությունից, եթե հրապարակած տվյալներն այլ անձի բարեխիղճ վերարտադրությունն են, և եթե հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին: Այստեղից հետևում է, որ եթե հղում չի արվել, ապա պատասխանատվությունը կրում է տեղեկատվությունը հրապարակային ներկայացնողը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ այս դեպքում ստացվում է, որ լրագրողը չի բացահայտում տեղեկատվության աղբյուրին, ապա ինքն է պատժվում, իսկ եթե բացահայտում է, ապա նորից լրագրողն է կրում պատասխանատվությունը: Հայցվորը հաստատեց, որ, ըստ օրենքի, պատասխանատվությունը կրում է հրապարակողը:
Օրաթերթի ներկայացուցիչը վիճարկում էր այն պնդումը, թե իրենց տպագրած նյութում չեն վիրավորել հայցվորին` հրապարակելով 1000 դոլարի մասին: Ըստ փաստաբանի` նրանք այդ գումարը նշել են որպես փոխհատուցում և դրանով չեն զրպարտում հայցվորին:
«Գլենդել Հիլզ»-ը վիճարկում էր հոդվածի վերնագրում «1000 դոլար լռելու համար» բովանդակությունը, որից զարմացավ պատասխանողը` մեկնաբանելով, որ տեքստում այդպիսի բան նշված չէ, առավել ևս վերնագրի մասին հայցադիմումի մեջ նշված չի եղել, և հայցվորը նոր այդ համագամանքը ի հայտ բերեց, որպեսզի փրկի իրավիճակը: Սակայն հայցվորն ընթերցեց հերքման այն հատվածը, որտեղ ասվում է «լռության» մասին:
Պատասխանողի հերթական հարցին, թե տվյալ բնակչին հայցվորի կողմից որքա՞ն գումար է տրվել, հայցվորը պատասխանեց, որ դա պատասխանողի գործը չէ և չի պատրաստվում այդ հարցին պատասխանել: Ն.Բաղդասարյանը, այնուամենայնիվ, նույն հարցը տարբեր ձևակերպումներով հայցվորին հղելուց հետո, ի վերջո, ստացավ պատասխան, որ «Գլենդել Հիլզ»-ը փոխհատուցել է վնասները, և որ դա դիտվում է որպես փոխհատուցում կրած վնասների, այլ ոչ թե լռության դիմաց: Սակայն պատասխանողի բազմիցս հնչեցրած հարցին, թե ինչքան գումար են վճարել հայցվորները բնակչին, ստացավ պատասխան, որ որևիցե գումար բնակչին չի տրվել, միայն կատարվել է հասցված վնասների նորոգում և վնասված ապրանքների փոխհատուցում:
N. Բաղդասարյանը, այնուամենայնիվ, պնդում էր, որ գումար փոխանցվել, դրա ապացույցը գտնվում է հայցվորի մոտ:
Պատասխանողը դատարանին միջնորդեց դատարան հրավիրել վկաներին, և դատական նիստը հետաձգել պատրաստվելու համար: Հերթական դատական նիստի օր նշանակվեց հոկտեմբերի 11-ը:
Մեկնաբանել