
Վաղը` հունիսի 11-ին, մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը, որն անցկացվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ աշխարհի ֆուտբոլասերներին հեռուստացույցների առաջ գամված կպահի մինչեւ հուլիսի 11-ը:
ՖԻՖԱ-ի 208 անդամ երկրներից Աշխարհի գավաթի ընտրական փուլին մասնակցել են 205 երկրներ, որից եզրափակիչ են անցել ընդամենը 32 հավաքականներ: Հայաստանի հավաքականը, ինչպես նախկինում, այս անգամ էլ չի մասնակցել եզրափակչին, սակայն ֆուտբոլային համաշխարհային իրադարձությունը Հայաստանում ֆուտբոլասերների ամենասիրելի իրադարձություններից մեկն է համարվում եւ շուտով ականատես կլինենք, թե ինչպես են քաղաքի սրճարանները թույլ տալիս, որ մարդիկ առատորեն խաղադրույքներ կատարեն:
420 մլն դոլար ֆուտբոլիստներին, ակումբներին, հավաքականներին
ՖԻՖԱ-ն հրապարակել է Աշխարհի գավաթի մասնակից հավաքականների համար նախատեսված պարգեւավճարների մասին: Այն հավաքականին, որին կհաջողվի տիրանալ Աշխարհի գավաթին, կստանա 30 մլն դոլար, իսկ նրան պարտվող թիմը` 24 մլն դոլար:
1/2 եզրափակիչ անցած հավաքականները կստանան 20 մլն դոլար, 1/4 եզրափակիչ անցածները` 18 մլն դոլար, իսկ 1/16 եզրափակիչ անցածները` 9 մլն դոլար: Իսկ յուրաքանչյուր հավաքականի համար նախատեսված պարգեւավճարը կազմում է 8 մլն դոլար:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, մասնակցելով առաջնությանը, իր ակումբին յուրաքանչյուր օր կբերի 1600 դոլար: Այսպիսով, 40 մլն դոլար էլ կստանան ֆուտբոլային ակումբները: Ընդհանուր առմամբ, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկի հավաստմամբ` պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմելու է 420 մլն դոլար, այսինքն` 61 տոկոսով ավելի, քան նախորդ` Գերմանիայում անցկացված առաջնության ժամանակ էր:
Ընձառյուծը` պաշտոնական խորհրդանիշ
Աշխարհի առաջնության պաշտոնական խորհրդանիշ է ընտրվել Զակումի մականունը կրող ընձառյուծը: Նրա բծերը հնգանկյան տեսք ունեն եւ հիշեցնում են ֆուտբոլային գնդակի ավանդական գունազարդումը: Ընձառյուծի մականվան առաջին երկու տառերը տեղի 11 պաշտոնական լեզուներից մեկում նշանակում է «Հարավային Աֆրիկա», իսկ «կումի»-ն աֆրիկյան մի շարք լեզուներում նշանակում է «10»:
Ֆավորիտները
Բուքմեյքերները կարծում են, որ այս տարի Աշխարհի գավաթի հավանական հաղթողը լինելու է Իսպանիայի հավաքականը, չնայած ֆավորիտներ են համարվում նաեւ Բրազիլիան, Անգլիան, ինչպես նաեւ Արգենտինան: Այն գլխավորում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում կատարված հարցման արդյունքում 20-րդ դարի ֆուտբոլիստ ճանաչված Դիեգո Մարադոնան, հանգամանք, որ, ֆուտբոլասերների կարծիքով, կարող է օգնել Արգենտինային, քանի որ ֆուտբոլային աստղը կփորձի վաստակել մարզչական ամենաարժեքավոր տիտղոսը: Մի մասի կարծիքով էլ` այն կխանգարի հավաքականին, քանի որ Մարադոնան հայտնի է յուրօրինակ, ոչ կանոնավոր բնավորությամբ:
Բուքմեյքերները համարյա զրոյական են գնահատում Նոր Զելանդիայի, Հոնդուրասի եւ Հյուսիսային Կորեայի հաղթանակների հավանականությունը:
Շաբաթվա խաղերը
Այս շաբաթ տեղի կունենան հետեւյալ հանդիպումները.
Հունիսի 11-ին, ուրբաթ
ժամը 19:00-ին`
ՀԱՀ-Մեքսիկա - A խումբ
ժամը 23:30-ին`
Ուրուգվայ-Ֆրանսիա - A խումբ
Հունիսի 12-ին, շաբաթ
ժամը 16:30-ին`
Հվ. Կորեա-Հունաստան - B խումբ
ժամը 19:00-ին`
Արգենտինա-Նիգերիա - B խումբ
ժամը 23:30-ին`
Անգլիա-ԱՄՆ - C խումբ
Հունիսի 13-ին, կիրակի
ժամը 16:30-ին`
Ալժիր-Սլովենիա - C խումբ
ժամը 19:00-ին`
Սերբիա-Գանա - D խումբ
ժամը 23:30-ին`
Գերմանիա-Ավստրալիա - D խումբ
Հունիսի 14-ին, երկուշաբթի
ժամը 16:30-ին`
Հոլանդիա-Դանիա - E խումբ
ժամը 19:00-ին`
Ճապոնիա-Կամերուն - E խումբ
ժամը 23:30-ին`
Իտալիա-Պարագվայ - F խումբ
Հունիսի 15-ին, երեքշաբթի
ժամը 16:30-ին`
Նոր Զելանդիա-Սլովակիա - F խումբ
ժամը 19:00-ին`
Կոտ դ,Իվուար -Պորտուգալիա - G խումբ
ժամը 23:30-ին`
Բրազիլիա-Հս. Կորեա - G խումբ
Հունիսի 16-ին, չորեքշաբթի
ժամը 16:30-ին`
Հոնդուրաս-Չիլի - H խումբ
ժամը 19:00-ին`
Իսպանիա-Շվեյցարիա - H խումբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել