Դադարեցվել է Ալավերդու քաղաքապետին պատկանող խանութի աշխատանքը
Պետեկամուտների կոմիտեի նախագահի հունիսի 9-ի որոշմամբ, հունիսի 10-ից գնորդին հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու պատճառով կնքվել և 5-օրյա ժամկետով դադարեցվել է Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանին պատկանող «Կատա առևտրային տուն» ՍՊԸ-ի առևտուրը:
ՊԵԿ նախագահի նույն որոշմամբ, «Կատա առևտրային տուն» ՍՊԸ-ն նաև տուգանվել է 300 հազար դրամով: Ստուգման նպատակով «Կատա»-ի գրենական պիտույքների բաժնից հարկայինի աշխատակիցը հունիսի 9-ին գնել է 1 մատիտ և 1 տետր, որոնց արժեքը կազմել է 80 դրամ: Այստեղ էլ «Կատա»-ի վաճառողը զլացել է գնորդին տալ կտրոն:
Ինչպես տեղեկացանք Թումանյանի հարկային տեսչության աշխատակիցներից, սա «Կատա առևտրային տուն» ՍՊԸ-ում գնորդին հաշվիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու հարկայինների կողմից արձանագրված 2-րդ դեպքն էր: Առաջինն արձանագրվել է Թումանյանի հարկային տեսչության կողմից, որի համար ՍՊԸ-ն նախազգուշացվել է:
Պետեկամուտների կոմիտեի նախագահի որոշմամբ, կնքվել և դադարեցվել է նաև Ալավերդու «Պավլե Ալեքսանյան անհատ ձեռներեց» խանութի գործունեությունը: Վերջինիցս էլ հարկային հսկիչը գնել է ընդամենը 1 ջերմուկ և կրկին վաճառողից չի ստացել հաշվիչ դրամարկղային կտրոն:
Նոր պետ
Հավելենք նաև, որ վերջին օրերին Ալավերդիում հասարակական լուրջ քննարկումներ են ընթանում Պետեկամուտների կոմիտեի նախագահի հունիսի 2-ի հրամանով Թումանյանի հարկային տեսչության պետի պաշտոնից ազատված Նորիկ Այվազյանի շուրջ:
Պետեկամուտների կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Թումանյանի հարկային տեսչության պետ է նշանակվել Արթուր Սարգսյանը, որի հարկային գործելակերպին ալավերդցիները առայժմ հետևում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել