Սամբոյի միջազգային մրցաշար` Երևանում
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Ռուսատանի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչությունը 2010թ հուլիսի 16-ից 19-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի պատվո հովանաու ներքո Երևանում անց են կացնելու հռչակավոր հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի միջազգային հուշամրցաշար` նվիրված երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան նշում է, որ մրցաշարը ոչ միայն մարզական առումով կկարևորվի, այլև կունենա ռազմահայրենասիրական դաստիարակության ու բարոյահոգեբանական նշանակություն: Նելսոն Ստեփանյանն այս առումով իսկապես բացառիկ է, միակը, որ կրկնակի հերոսի կոչմանն է արժանացել հենց երկրորդ աշխարհամարտի ընթացքում:
Պատմական տեղեկանք
1913-ի մարտի 28-ին Շուշիում ծնված Նելսոնը իր հասակակիցներից շատերի նման երազել էր օդաչու դառնալ: Որդու երազանքը իրականություն դարձնելուն նախ հայրն է նպաստել` տեղափոխելով Երևան, ուր որդին սովորել է Մաքսիմ Գորկու անվ. դպրոցում, ապա ընդունվել Երևանի ռազմա-նախապատրաստական դպրոցը: Ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Ռուսաստան, ընդունվել և փայլուն առաջադիմություն ցուցաբերել Բատայսկի քաղաքացիական նավատորմի օդաչուական դպրոցում: Ավարտական քննություններին «ասսերին» հատուկ քննական-ցուցադրական թռիչքից հետո, ստանալով մասնագետների հիացական գնահատականն ու դիպլոմը, իրավունք է ստացել որպես օդաչու-հրահանգիչ աշխատել Բատայսկում: Զուգահեռ ուսանել է Միներալնիե Վոդիի քաղաքացիական օդային նավատորմի օդաչուական բարձրագույն դաընթացներին, որն ավարտելը համընկել է երկրորդ աշխարհամարտի սկզբին: 1941-ի սեպտեմբերից ռազմա-ավիացիոն օղակի հրամանատար Նելսոն Ստեփանյանը Բալթիական նավատորմի 8-րդ ավիաբրիգադի 57-րդ գնդի 2-րդ էսկադրիլիայի կազմում պաշտպանել է Լենինգրադը, մարտերում ցուցաբերած խիզախության և արիության համար արժանացել Խորհրդային միության հերոսի կոչման: Այդ ժամանակ նա ընդամենը 28 տարեկան էր: 1942-ի աշնանը կապիտան Ստեփանյանը նշանակվել է էսկադրիլիայի, 1943-ին` մայորի կոչում ստանալուց հետո` 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատար: 1944-ի ապրիլին գործուղվել է Ղրիմ, աչքի ընկել Սևաստոպոլի, Թեոդոսիայի, Սուդակի շրջաններում մղված մարտերում: Նույն տարվա մայիսին վերադառնալով Բալթիական նավատորմ` մասնակցել է Ֆիննական ծովածոցում թշնամու ուժերի ոչնչացմանը, Մերձբալթիկայի գրավմանը: Աչքի ընկնող մարտական ծառայությունների և անձնական խիզախության համար երկրորդ անգամ` 1944-ի օգոստոսի 20-ին ներկայացվել է հերոսի կոչման: Մինչ այդ օրը նրա կենսագրության մեջ գրանցվել էր 239 մարտական թռիչք, խմբովին` 53: Անձամբ ջրասույզ է արել թշնամու 13 նավ, ոչնչացրել 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 օդանավ: Թվեր, որոնք լավագույնս են ներկայացնում նրա խիզախությունն ու Սովետական Միության կրկնակի հերոսի կոչումը: Ծովային մարտերում ցուցաբերած խիզախության և թռիչքային բարձր վարպետության համար ստացել է «Բալթիական մրրկահավ» պատվանունը: Պետական բարձր պարգևների ասպետ էր, արժանացել էր «Լենինի» 2 և «Կարմիր Դրոշի» 3 շքանշանների: 1944-ի դեկտեմբերի 14-ին նրան վիճակված էր վերջին անգամ երկինք բարձրանալ: Բալթիկ ծովում` Լատվիայի Լիեպայա քաղաքի մոտ թշնամու արկից բոցավառվող նրա ինքնաթիռը փրկության ոչ մի տարբերակ չուներ, կրակը հասնում էր օդաչուական խցիկ, դա վերջն էր...
Նելսոն Ստեփանյանը դիմում է միայն օդային ասսին ու հերոսին հատուկ գործողության` այրվող ինքնաթիռով ուղղակի մխրճվում է թշնամու նավախմբի մեջ, կյանքի գնով ոչնչացնելով երկու ռազմանավ: Նրա այս «իմացյալ մահը» դարձավ արիության, քաջության և անձնազոհության վառ օրինակ օդային ռազմական պատմության մեջ:
Նրա անունով հետագայում փողոցներ, դպրոցներ ու ձկնորսանավ է կոչվել: Հուշարձաններ են կագնեցվել Լիեպայայում /հետխորհրդային տարիներին տեղափոխվել է Կալինինգրադ/ Շուշիում ու Երևանում:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությունը միտված է Նելսոն Ստեփանյանի անունը նաև հուշամրցաշարով հավերժացնելու գործին, մրցաշար, որը կարող է դառնալ ավանդական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել