Քերոլայն Քոքսը դրական փոփոխություններ է նկատել թե Երեւանում, թե Ստեփանակերտում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Սերժ Սարգսյանն ասել է, որ բարոնուհու եւ նրա համախոհների ավանդական դարձած այցելությունները Հայաստան եւ Արցախ, հայկական կողմի հետ նրանց արդյունավետ համագործակցությունը բարձր գնահատանքի են արժանի: «Մեկ անգամ եւս շնորհակալություն Ձեզ եւ Ձեր ընկերներին` երկար տարիների հետեւողական աշխատանքի համար»,- ասել է նախագահը:
Բարոնուհի Քոքսը Նախագահ Սարգսյանին պատմել է իր` թվով արդեն 70-րդ այցելության ընթացքում ստացած տպավորությունները: Նա ասել է, որ ինչպես նախորդ այցերին, այնպես էլ այս անգամ ուրախությամբ արձանագրել է, որ թե Երեւանում եւ թե Ստեփանակերտում մեծ դրական փոփոխություններ են կատարվում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումներին: Քերոլայն Քոքսն ասել է, որ միջազգային հանրությունը միանշանակ բարձր է գնահատում Հայաստանի` հարեւան երկրների հետ խնդիրները բանակցությունների եւ համագործակցության միջոցով լուծելու դիրքորոշումը: Սակայն, բարոնուհու խոսքով, Հայաստանի զուսպ արձագանքը Ադրբեջանի ստահոդ ակտիվ քարոզչությանը վերջինիս հնարավորություն է տալիս հաճախ մոլորության մեջ գցելու նույն այդ հանրությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել