HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Նախագահի եղբայրը ցուցարարներին հայհոյել է մատների կոմբինացիայով Նախագահի պատգամավոր եղբայր Սաշիկ Սարգսյանը երեկ բավականին ուշագրավ «պատասխան» է տվել Մելիք-Ադամյան փողոցում օտարալեզու դպրոցների դեմ պայքարող ցուցարաններին: Երբ Սաշիկ Սարգսյանն իր թիկնապահների հետ մոտեցել է կառավարության շենքին, ցուցարարները, ինչպես բոլոր պատգամավորներին, այնպես էլ նրան դիմավորել են «Կողմ ես` հեռացիր» վանկարկումով, ինչին վերջինս պատասխանել է երեք մատի կոմբինացիայով: ՀՀ նախագահի եղբոր «քաղաքակիրթ» վերաբերմունքը ցնցել է ցուցարարներին, որոնք, մոռացած իրենց ակցիայի մասին, սկսել են ապշած քննարկել  ՀՀ նախագահի եղբոր վարքագիծը: Նրանցից ոմանք արձանագրել են. «Նախագահի եղբայրը եռագույնը հակադարձեց եռամատուվ»: ՀՅԴ-ի «թեւերը» Մեր տեղեկություններով` ՀՅԴ-ի ներսում հակասություններ են առաջացել, ինչն արտահայտվում է կուսակցության ներսում ռոբերտքոչարյանական  և սերժսարգսյանական թևերով: Սերժ Սարգսյանին պաշտպանելու կողմանկից է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, քարտուղար Արտաշես Շահբազյանը, դաշնակցական նախկին նախարարական թևը` Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան և այլք, իսկ ռոբերտքոչարյանական թևի ջատագովներն են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Վերջինները, ըստ մեր աղբյուրների, անգամ այլընտրանքային ծրագիր ունեն. եթե ժողովուրդը դեմ է Քոչարյանին, ապա դա կարելի է անել Վարդան Օսկանյանի դեմքով: Այս տեղեկությունները, բնականաբար, ՀՅԴ-ն հերքում է: Մհերյանի սպանության գործով վարույթը կասեցվել է «Առավոտի» տեղեկություններով` մոտ 10 օր առաջ կասեցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող ավելի քան 1 տարի առաջ իր տան շքամուտքում սպանված ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս տեղեկությունը ճշտելու համար երեկ թերթը դիմել է ՀՔԾ-ին եւ պաշտոնապես ու գրավոր պատասխան ստացանք, որով հաստատվեց մեր տեղեկությունը: Ավելին` ՀՔԾ-ից տեղեկացրին, թե «ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գ. Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ Քր. դատ. օր.-ի 31-որդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որպես մեղադրյալ ներգրավվման ենթական անձի հայտնի չլինելու հիմքով», կասեցվել է ոչ թե 10 օր առաջ, այլ դեռեւս մայիսի 3-ին: Միաժամանակ գրավոր հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանը` որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար: Փորձեցինք ստանալ նաեւ ՀՀ ոստիկանության մեկնաբանությունը` առավել եւս, որ ոստիկանության բարձրաստիճան սպաներն իրենց գործընկերոջ սպանության բացահայտումը մշտապես համարում էին իրենց պատվի գործը: Ոստիկանության ՀԿԼՎ պետ Սայաթ Շիրինյանն ասաց. «Եթե ՀՔԾ-ն այդ քր. գործի վարույթը կասեցրել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզ չլինելու պատճառաբանությամբ, դա դեռ չի նշանակում, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն էլ են կասեցված: Միանշանակ` ոչ: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ՀՀ ոստիկանությունում օպերատիվ որոնողական միջոցառումները շարունակվում են, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ»: Անօրինական է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անօրինականություն է որակել այն երևույթը, երբ ոստիկանները, առանց հիմնավորման, ընդդիմությանն արգելում են մտնել Ազատության հրապարակ: Այդ գնահատականը Հարությունյանը հնչեցրել է մեր թղթակցի հետ զրույցում: Նա ասել է, որ ինքը Ազատության հրապարակի շուրջ իրադարձությունների մասնամասներին ծանոթ չէ, բայց երևի ոստիկանները չեն հիմնավորում իրենց գործողությունները, քաղաքացիներին արգելում են մտնել հրապարակ այն կանխավարկածով, որ հասարակական կարգը կխախտեն, դրանք ՀՀ օրենդրությունից դուրս գործողություններ են: Այն ոստիկանները, որոնք քաղաքացիների իրավունքները սահմանափակելուց բացի նաև հայհոյում և բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ, ըստ Հարությունյանի, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: «Եթե ոստիկանը հայհոյում է որևէ քաղաքացու, նրա նկատմամբ չարդարացված բռնություն է կիրառում, դա արդեն քրեորեն պատժելի արարք է»,- ասել է Հարությունյանը: Վարձը ստացավ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը` Արզուման Հարությունյանը, Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ: Ա.Հարությունյանը համարվում է Մարտի 1-ի հիմնական դերակատարներից մեկը: Ա.Հարությունյանը նշանակվել է Ռոմիկ Հարությունյանի տեղը, ով Սերժ Սարգսյանի երեկվա մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է առաջին տեղակալ` մի քանի օր առաջ ՀՀ ՊՊԾ-ի պետ նշանակված Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչի) փոխարեն: Բա որ հարցնե՞ն Բանից պարզվում է` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Կիպրոսում տեղի ունենալիք համաժողովում ելույթ է ունենալու «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում» թեմայով: «ՉԻ» - Հետաքրքիր է` պրն Աբրահամյանն ի՞նքն է ընտրել այս թեման, թե՞ հանձնաժողովի կազմակերպիչներին են նրան առաջարկել, որպեսզի մի լավ «ղժան»: Եվ ընդհանրապես` Հավիկ Աբրահամյանը որտեղի՞ց իմանա, թե ինչպիսին են լինում ժողովարդավարական խորհրդարանները: Երեկ, օրինակ, նա որպես մեր Ազգային ժողովի «ժողովրդավարության» ապացույց` մատնանշում էր այն փաստը, որ խմբակցությունները 20 րոպեանոց ընդմիջում պահանջելու իրավունք ունեն: Սա, անկասկած, չտեսնված երևույթ է անգամ շատ բան տեսած Եվրոպայի համար, և պրն Աբրահամյանի ելույթը լսողները երևի հրացմունքից կուշաթափվեն: Միայն թե հանկարծ, «թու-թու-թու», որևէ մեկի մտքով չանցնի հարցնել, թե «ներողություն, իսկ ձեր երկրի ամենահզոր ընդդիմադիր ուժը ձեր ժողովրդավարական խորհրդարանում քանի՞ տոկոսով է ներկայացված»: Համաձայնվեք` անհարմար բան կստացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter