
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինն իր ամենամյա ճաշկերույթով օրերս մեկնարկեց Շուշիի մշակույթի կենտրոնի վերառուցմանն ուղղված դրամահավաքը, որի պատվավոր հյուրն էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը:
Երեկոյի սկզբում հյուրերին ներկայացվել է միջոցառման կարգախոսը. «Տորոնտոյից Շուշիին` աշխարհի ամենալավ քաղաքին, երկրորդ ամենալավ քաղաքից»: Երեկոն վարել է դոկտոր Պերճ Մինասյանը, որն իր բացման խոսքում զուգահեռներ է անցկացրել Զեյթունի եւ Շուշիի միջեւ:

Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը ցուցադրել է մայիսին տեղի ունեցած Սպիտակաշեն գյուղի դպրոցի բացման արարողության իր տեսագրությունը, որն ընդունվել է բուռն ծափահարություններով, հատկապես, երբ վերջին կադրերում գյուղի աշակերտներն իրենց երախտագիտությունն են հայտնել «Շնորհակալություն Տորոնտո» տառ առ տառ հավաքվող պաստառով:
Այնուհետեւ ներկայացվել է Շուշիի մշակույթի կենտրոնի վերակառուցման նոր ծրագիրը: Կենտրոնը կունենա 400-տեղանոց դահլիճ: Նախատեսվում է, որ վերակառուցումից հետո կենտրոնում կգործեն երաժշտական գործիքների, նկարչության, արվեստների եւ արհեստների, թատերական, ավանդական հայկական պարերի եւ բալետի, ինչպես նաեւ տիկնիկային թատրոնի դասարաններ: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 450 հազար ԱՄՆ դոլար:
Արկադի Ղուկասյանն իր ելույթում կարեւորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը Հայաստանում եւ Արցախում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում` միաժամանակ շնորհակալություն հայտներով բոլոր նվիրատուներին ցուցաբերած շարունակական աջակցության համար: Ելույթից հետո, պարոն Ղուկասյանը Տորոնտոյի մարմնի վարչության անդամ Արա Բոյաջյանին փոխանցել է ԼՂՀ ներկայիս նախագահ պարոն Բակո Սահակյանի շնորհած Արցախի «Երախտագիտության» մեդալը:
Բուն դրամահավաքը մեկնարկել է Տորոնտոյի հայկական դպրոցների աշակերտների հավաքագրած 3 500 ԱՄՆ դոլարի չեկի ներկայացմամբ: Ուշագրավ էր նաեւ 13-ամյա աշակերտուհի Վիկտորիա Խաջավիի կողմից միայնակ հանգանակված 2 200 ԱՄՆ դոլարը: Երեկոյի վերջում, ներկաները հանգանակությունները հասցրել են 260 հազար դոլարի, որը կազմում է ծրագրի համար պահանջվող գումարի կեսից ավելին:
Պերճ Մինասյանը փակման խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին եւ նշել, որ հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ Շուշիի երեխաներն ու պատանիները կհաճախեն նորոգ մշակույթի կենտրոն եւ կասեն. «Շնորհակալություն Տորոնտո»:
Հայաստան» համահայկական հիմնադրամ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել