
Այսօր Մասիսի թիվ 1 մանկապարտեզի շենքին հարող տարածքում սեփականատերերը սարքավորում էին մտցրել, փորձելով վերականգնել այդ տարածքը մանկապարտեզից բաժանող ցանկապատը, ճոճասայլակները, ապամոնտաժել մանկական ատրակցիոնները, որպեսզի կարողանան սկսել շինարարությունը:

«Տեխնիկայով, միլիցայով, եկել են լցվել, կոտրել, ջարդել: Որտե՞ղ է գրված, որ մանկապարտեզի տարածքում պետք է բան կառուցեն»,- ասում է բնակիչներից Օլգա Սարգսյանը` հավելելով, որ եթե քաղաքապետը ցանկանար, ապա ավագանիով չեղյալ կհայատարեր որոշումը:
Ցանկապատը, սեփականատերերի վստահեցմամբ, անցած գիշեր բնակիչներն են քանդել: Նրանք ասում են` բնակիչներն իրավունք չունեին դա անել, քանի որ իրենք փող են ծախսել դրա վրա: Սեփականատերերը պնդում են, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, իսկ բնակիչներն էլ` հակառակը. «Ունեմ սեփականության վկայական և շինարարության թույլտվություն. կառուցում եմ բնակելի տուն: Ամեն ինչ օրենքի սահմաններում է: 400 քմ է, մենք մեր միջոցներով ուզում ենք ցանկապատը կառուցենք, իսկ իրենք խոչընդոտում են»,- ասում է 5 սեփականատերերից մեկը:
Նշենք, որ Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը գործում է 1972 թվականից. կառուցվել է համայնքի հիմնադրումից 3 տարի հետո: Այն այսօր ունի 3 խումբ` 70 երեխաներով: 2000 թ. կատարված նոր քարտեզագրման ժամանակ մանկապարտեզի տարածքը փոքրացել է` 8340 քմ-ից դառնալով 6178 քմ: Այդ 2162 քմ-ն, որն արդեն մանկապարտեզինը չէ, 2008 թ. Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը, որպես համայնքի սեփականություն, դրել է աճուրդի և վաճառել 5 քաղաքացու: Մանկապարտեզի աշխատակիցներն ու հարակից շենքի բնակիչներն ասում են, թե դրանից ոչ ոք տեղյակ չի եղել, իսկ աճուրդը կատարվել է անօրիանական:

«Ես այստեղ բավականին ներդրում եմ կատարել, այս լողավազանը իմ միջոցներով եմ վերականգնել: Միլիցիայի օգնությամբ եկել են էս բոլոր ատրիակցիոնները ջարդել, կտրտել են, հիմա էլ նախկին քաղաքապետի թեթև ձեռքով էս հողատարածքը` 2000մ, 5 բաժին են արել: Բոլորը ես եմ ներկել: Գիտենք` էդ սեփականության իրավունքը ո՞նց է տրվում: Նախկին քաղաքապետը տվել է, ներկան էլ շինարարության թույլտվություն է տվել: Ապօրինի է, սա պետք է մնա երեխաներին»,- ասում է բնակչուհի Օլգա Սարգսյան, ով մանկապարտեզի տնօրենի մայրն է:
Մանկապարտեզի աշխատակիցները պատմում են, որ երբ մանկապարտեզը կառուցեցին, այստեղ ամայի տարածություն էր, ավելի ճիշտ` ճահիճ, իրենք իրենց ձեռքով մաքրել են, ծառ տնկել, դույլերով ջուր բերել ու ջրել, իսկ հիմա երեխաների տարածքը դարձել են բիզնեսի առարկա:

Սեփականատերերը պատրաստակամություն են հայտնել վերականգնել թե ատրիակցիոնները, թե լողավազանը: Մանկապարտեզի աշխատակիցներն էլ խնդրում էին գոնե լողավազանը չքանդել:
«Երկու տարի առաջ եմ գնել աճուրդով: Եթե խոսքը վերաբերում է լողավազանին, մտեք, տեսեք, դա մանկական բասեի՞ն է, թե՞ չէ»,- ասում է սեփականատեր Վալեր Ալեքսանյանը` նշելով, որ կառուցվելու է շենք, ատրիակցիոններն էլ վերականգնվելու են:
Մանկարապարտեզի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր դիմում-բողոքները միայն մեկ պատասխան ունեն` նախկին քաղաքպետն է այդպես որոշել, մե՞նք ինչ կարող ենք անել:
Մինչ շենքի ետևի մասում վիճում էին սեփականտերերը և բնակիչները, մանկապարտեզի շենքի առաջամասում` ասֆալտի վրա, երեխաները խաղում էին:
Լուս.` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել