HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ընդունելության թեստերը` ինքնասպանության պատճա՞ռ

Այս տարվա ընդունելության քննությունների ընթացքում գրանցված 17-ամյա աղջնակի ինքնասպանության դեպքը պատճառ եղավ` հոգեբանների ուշադրությունը քննական սթրեսներին սեւեռվելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպեցին հոգեբան Կարինե Նալչաջյանը եւ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով` ընդունելության քննությունների ընթացքում առաջացած սթրեսները մեծ ազդեցություն են ունենում երիտասարդների հոգեբանական կայունության վրա. «Խաթարվում են մտածողության հոգեբանական որակները, քանի որ առաջանում է գերմոտիվացիա, որի հետեւանքով գործունեությունը կարող է կազմալուծվել, այսինքն այդ նույն պարապմունքները կարող են արդյունք չտալ: Բուհ ընդունվելը չպետք է համարել կյանքի նպատակ: Հենց հարազատները պետք է օգնեն դիմորդին այս հարցում: Մեզ մոտ հակառակ պրոցեսն է. դիմորդը իր վրա է կրում ոչ միայն իր, այլ նաեւ հարազատների, կրկնուսույցների, ուսուցիչների սթրեսները»,- նշում է Նալչաջյանը:

Հունիսի 5-ին իրենց տան 7-րդ հարկից իրեն գցած 17-ամյա դիմորդի ինքնասպանությունը Ռուբեն Պողոսյանը հետեւյալ կերպ է բացատրում. «Նա մեծ սպասումներով մտել է քննության` ամբողջովին համոզված լինելով, որ պետք է բարձր գնահատական ստանա: Եւ այդ գնահատականը չստանալը միանգամից հարված է եղել նրա համար: Նա չի կարողացել կարգավորել իր սթրեսները եւ միանգամից անիմաստ է համարել կյանքի շարունակականությունը»:

Բանախոսները համարում են, որ քննական թեստերը եւս կարող էին պատճառ լինել այս տեսակ ողբերգությունների. «Ճշմարտության քառուղիները հաստատ չեն տանում Կրթության եւ գիտության նախարարություն: Քննական թեստերը կառուցված չեն գիտական հիմքերով եւ դրանց կազմմանը չեն մասնակցել ո՛չ մանկավարժները եւ ո՛չ էլ հոգեբանները: Դպրոցական տեստերը նայելիս պարզ երեւում է, որ ձախը չգիտի, թե ինչ է անում աջը: Այնտեղ բերվել են հարցեր, որոնք ծրագրով բացարձակապես նախատեսված չեն: Սա էլ ահազանգ է, որ ստեղծվեն այս տեսակ պայմաններ եւ այսօր մենք արդեն ինքնասպանություն ունենք»,- ասում է Ռուբեն Պողոսյանը:

Իսկ Հետքի հարցին, թե ինչո՞ւ հոգեբանները քննություններից առաջ չեն բարձրաձայնել թեստերի սխալ եւ դիմորդի առողջության համար վտանգավոր լինելը, Կարինե Նալչաջյանը պատասխանեց. «Իհարկե, այս ամենի մեջ մենք բոլորս ունենք պատասխանատվության մեծ բաժին, բայց մյուս կողմից յուրաքանչյուրս մեր գործն ունենք, եւ կան կառույցներ, որոնք ի պաշտոնե զբաղվում են այդ հարցերով: Հենց այդ կառույցները պետք է մտածեն, որ կան խնդիրներ, որտեղ հարկավոր է մասնագիտական օգնություն»:

Իսկ Ռուբեն Պողոսյանն ավելացրեց. «Թող բարի լինեին այդ կառույցները մեզ հրավիրելու: Ինչո՞ւ նրանք չեն հրավիրում բազմամյա փորձ ունեցող մանկավարժներին, այլ մասնագետների, որոնց միջամտությունը, այդ թեստերի կազմելիս, անհրաժեշտ է»: Հոգեբան Կարինե Նալչադյանի գնահատմամբ մեծ մեղավորություն ունեն հենց թեստեր կազմողները. «Այդ թեստերն ավելի շատ ուղղված են եղել կազմողների կոլեգաներին` թե տեսեք` ինչքան շատ բան մենք գիտենք: Կարծես դիմորդը նրանց թշնամին է եւ նպատակը նրան բազմաթիվ ծուղակներով անց կացնելն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter