HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Եթե հասարակությունը չբարեփոխվի, մենք չենք կարող բարեփոխումներ կատարել»

Մոտ մեկ ժամ առաջ ավարտվեց «Սարդարապատ» քաղաքացիական նախաձեռնության այլընտրանքային «Ազգային Ժողովի» սոցիալ-տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում ճշտվեցին առաջիկա ծրագրերն ու աշխատանքները: Նիստը համակարգող Ժիրայր Սեֆիլյանը նշեց հանձնաժողովի նպատակները: Դրանցից առաջինը ազատ բեմահարթակ ստեղծելն է, որտեղ կհնչեցվեն եւ կքննարկվեն բոլորի կարծիքները:

Աշխատանքներում պետք է ներգրավվեն երիտասարդ մասնագետներ. «Որովհետեւ առանց ոլորտի երիտասարդացման` չենք պատկերացնում փոփոխություներ»,- նշեց Սեֆիլյանը: Այլընտրանքային «Ազգային ժողովի» «պատգամավորները» պետք է նաեւ լուծեն ժողովրդի անունից լիազորվելու խնդիրը, որպեսզի իրենց ներկայացրած փաստաթղթերը իրավական հիմք ունենան:

Սոցիալ-տնտեսական հանձնաժողովի անդամ Հայկ Բալանյանը նշեց առկա 3 խնդիր, որոնց հաղթահարումն էլ հանձնաժողովի նպատակներից է:

1. Դեինդուստրացիա. արդյունաբերության կորուստը սովետական կարգերի փլուզումից հետո

2. Դեսոցիալիզացիա: Ըստ Հայկ  Բալանյանի` դեինդուստրացիան հանգեցրել է դեսոցիալիզացիայի, երբ միջին խավ ձեւավորված չէ:

3. Դեպոպուլիզացիա: Հայրենիքից դժգոհ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում գիտնականները, մտավորականներն ու ստեղծագործող մարդիկ, վերջին տարիներին լքել են հայրենիքը:

Հայկ Բալանյանը մեր հասարակությունը անվանեց «թլպատված», քանի որ որակյալ մասնագետների մեծամասնությունը Հայաստանում չէ այժմ: Բանախոսը նշեց, որ իրենց հանձնաժողովը բաց է լինելու կարծիքների եւ քննադատության համար. «Այդպես մենք էլ կփոխվենք, հասարակությունը պետք է բարեփոխվի, այլապես մենք չենք կարող բարեփոխումներ կատարել»:

Հանձնաժողովը նպատակադրվել է ծրագիր կազմելուց հետո այն ներկայացնել հանրությանն ու արժանացնել ժողովրդի հավանությանը, քանի որ վստահ է, որ միայն սոցիալական պահանջի դեպքում ծրագիրն իրականություն կդառնա:

Հայկ Բալանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ծրագրի հաստատումից հետո իրենք կայցելեն մարզեր եւ մարդկանց կներկայացնեն այն: «Մենք ունենք ռազմավարական ծրագիր, որը չենք ցանկանում հրապարակել»,- ասաց Բալանյանը:

«Պատգամավոր» Ալեք Ենիգոմշույանն իր խոսքում նշեց, որ պետք է իդեալ ունենան, որին հասնելուն էլ ուղղված կլինեն իրենց բոլոր քայլերը: Այդ իդեալը այնպիսի Հայաստան ունենալն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա իրացնել ինքն իրեն: «Կացությունը գնալով օրհասական է դառնում: Եթե այսպես շարունակվի, մի 30 տարի անց մենք կկորցնենք մեր պետությունը, հայրենիքն ու ժողովուրդը»,- կարծում է Ենիգոմշույանը:

«Ժառանգություն» կուսակցությունից վերջերս դուրս եկած Մովսես Արիստակեսյանը մտահոգված էր, որ մասնագետների ռեսուրսները մասնատվում են, եւ աշխատանքն անարդյունավետ է դառնում: Ի պատասխան` Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրենք պետք է համախմբեն բոլորին, քանի որ մասնագետները բաժանված են 3 մասի` իշխանություն, Հայ ազգային կոնգրես եւ նրանք, ովքեր չեն համակրում ոչ իշխանությանը, ոչ ՀԱԿ-ին:

Տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստի համակարգողը նշեց, որ իրենց անհրաժեշտ են ֆինանսական ռեսուրսներ, որոնք, սակայն, չպետք է ստացվեն միջազգային կազմակերպություններից: «Սփյուռքում կան անհատներ, որոնք պատրաստ են մեզ օժանդակել ֆինանսապես, եւ այդ հոսքը կլինի», - ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ նշեց, որ Հայաստանին իշխաններ պետք չեն, այլ ծառաներ են պետք, որոնք հրավիրվում են աշխատելու:

Նշենք, որ «Ազգային ժողովի» սոցիալ-տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter