Ճանապարհ դեպի տաճար
Դովեղը հռչակված է Սուրբ Սարգիս վանքով, որը բնակավայրից մոտ 6 կմ հեռու, անտառապատ բարձունքում է գտնվում: Վանքի փրկիչ զորության մասին մեծ է հավատը: Խորհրդային տարիներին, ընդհուպ 1970-ական թվականների վերջը, այստեղ էին գալիս Հայաստանի տարբեր վայրերից, Վրաստանից, անգամ Հյուսիսային Կովկասից:
Սուրբ Խաչի տոնին այնքան մեծ է եղել հավատացյալների հոսքը, որ պետավտոտեսչությունը գյուղում հատուկ պահակակետ է հիմնել: Ուշագրավ է, որ Սուրբ Սարգսի հրաշագործ ուժին հավատացել են նաեւ ադրբեջանցիները, ովքեր հաճախ իրենց հիվանդներին այստեղ են բերել:
Վանքից ներքեւ ժայռեր են: Հավատք է եղել, որ ծանր, անհույս հիվանդը բարձունքից այդ մեծ քարերի վրա ցատկելով` բժշկվել է: Դովեղում հիմա ծերունի կա, ում տասնամյակներ առաջ անհույս հիվանդ էին համարում. նա անցել է այդ փորձությունը:

Համայնքապետ
Սամվել Գորգինյանի «Նիվայով» Սուրբ Սարգիս ենք գնում: Անտառային ճանապարհը դեռ անձրեւներից չի չորացել: Ճանապարհն անանցանելի է դարձրել ինչ-որ «Ջիփ», որը տեղապտույտներ անելով` շարքից հանել է ճամփան: Ստիպված մնացած ուղին` մոտ 1 կմ վերելքը, ոտքով ենք հաղթահարում:
«Խեչի դուռը ոտքով պետք է գնալ»,- ասում է համայնքապետը: Ճանապարհին նա ցույց է տալիս մի զառիթափ ու ասում. «Մայրս պատմում է, որ այստեղ ադրբեջանցի ուխտավորների բեռնատարը թեքվել, քիչ է մնացել ձորն ընկնի, մերոնք քաշել-հանել են»:
Մինչ վանք հասնելը, տեսնում ենք քանդված իջեւանատունը, ուր գիշերել են ուխտավորները: Բազում պատմություններ կան այստեղ ընտանիքներով, հարազատներով գիշերակացի, ջահել տղաների միջեւ կռիվների մասին: Վանքի պատերի մեջ հին խաչքարեր կան եւ գրաբարով փորագրություններ:
Հուշարձանների պահպանության գործակալությունն անցյալ դարի 80-ական թվականների վերջին քանդել է Սուրբ Սարգիս վանքի տանիքը, որպեսզի նորոգի: Սակայն շուրջ 20 տարի այն բաց էր մնացել: Նոյեմբերյանցի գործարար Վոլոդյա Վարդանյանը անցյալ տարի իր միջոցներով նորոգել է տանիքի առավել քանդված մասերը:

Սուրբ Սարգիսը մի տեսակ «անտեր է», այն Հայ առաքելական եկեղեցուն չի պատկանում, Հուշարձանների պահպանության գործակալությունն էլ բառացիորեն մոռացել է այն: Հիմա մոսկվաբնակ դովեղցիները որոշել են գումար հանգանակել` հոգեւոր այս կառույցը փրկելու համար:
Դովեղը Նոյեմբերյան քաղաքից 5 կմ հեռավորության վրա է: Գյուղի անվան ծագման տարբեր բացատրություններ կան: Մի վարկածով հնում բնակավայրի անվանումը Դավեղ է եղել, այսինքն` դեպի վեր: Նաեւ կարծիք կա, թե տեղի Սուրբ
Սարգիս վանքի հրաշագործ զորությունից բուժվել են ծանր հիվանդները, այդ թվում նաեւ հոգեկան հիվանդները` դիվահարները, եւ այդտեղից էլ գյուղի անվանումը` Դվեղ:
Դովեղը փառավոր անցյալ ունի եւ ոչ դյուրին ներկա: 2008 թ. հոկտեմբերից համայնքը ղեկավարող, մասնագիտությամբ պատմության ուսուցիչ Սամվել Գորգինյանի համոզմամբ` հայոց նորօրյա ազատագրական շարժումը այստեղից է սկիզբ առել:
Խորհրդային տարիներին գյուղի հողերի մի մասը ադրբեջանցիներն էին տնօրինում: Դովեղցիներն անընդհատ պայքարում էին դրանք վերադարձնելու համար, նամակներ էին գրում Մոսկվա` Կրեմլ:
Համոզվելով, որ Հայաստանից ուղարկված նամակները Մոսկվա չեն հասնում, նրանք ԽՄԿԿ ղեկավարությանը բողոքներ ուղարկում էին Թիֆլիսից:
Այդ բողոքների արդյունքում 1984 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը Դովեղի Սրիգյուղ հանդամասում հանդիպել է իր ադրբեջանցի կոլեգայի հետ:
Այստեղ կացնով եւ եղաններով զինված շուրջ 200 ադրբեջանցի ծեծել են Մովսիսյանին, Դովեղի խորհտնտեսության տնօրեն Հրաչիկ Մեհրաբյանին: Մովսիսյանին տարել են մոտակա ադրբեջանական գյուղ` Քյամառլու, ստիպել, որ ստորագրի Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենալու թղթի տակ, սակայն նա հրաժարվել է:
Դրանից հետո ստեղծվել է միութենական հանձնաժողով, որը զբաղվել է սահմանների ճշգրտմամբ: Արդյունքում 14 450 հա տարածք, որից 1850 հա` Նոյեմբերյանի սահմանագոտում, Ադրբեջանից վերադարձվել է Հայաստանին:
Դովեղցիները հպարտանալու նաեւ այլ առիթ ունեն. այս գյուղում մորական պապից` վաստակաշատ ուսուցիչ Սարգիս Ավագյանից է շախմատ սովորել Լեւոն Արոնյանը:
Երկու տարի առաջ դովեղցի Հայրենական պատերազմի վետերան Սարգիս Ավագյանը մահացավ: Լեւոնի քեռին էլ հիմա Երեւանում է բնակվում: Լավ է, որ գոնե այդ օջախը, գյուղի 7 տների նման, այժմ դատարկ չէ. Արոնյանի պապի տունը գնել է տեղացի մի երիտասարդ:
Սարգիս պապը Հայրենական պատերազմի կենդանի մնացած դովեղցի վերջին վետերանն էր: Համայնքապետարանն այս տարի շուքով նշեց Մեծ հայրենականում հաղթանակի 65-ամյակը, սակայն մասնակցությամբ Երկրորդ աշխարհամարտից չվերադարձածների զավակների, 80-ն անց աշխատանքի վետերանների ու տեղի երկրապահների:
Ադրբեջանցիները Դովեղն անվանել են «Բալաքենդ», այսինքն` փոքր գյուղ, ասելով, որ «փոքր գյուղից խեր չկա»: «Խեր չկա», քանզի երբեք ադրբեջանցիները չեն կարողացել գյուղ ներխուժել, այստեղ տներ հրկիզել:
Ադրբեջանի հետ 19 կմ սահման ունեցող Դովեղում 90-ական թվականներին ադրբեջանական գնդակոծությունից 3 խաղաղ բնակիչ է զոհվել: Այստեղ լավ գիտեն խաղաղության գինը: Այդ է պատճառը, որ փոքրիկ շենից 16 հոգի պայմանագրային զինծառայող է, եւս 4 հոգի զինվորագրվելու նպատակով դիմում է տվել:
Անցած 20 տարում եւ դրանից առաջ էլ գյուղից արտագաղթ է եղել, դովեղցիների մի մասն այժմ Մոսկվայում է, Ստավրոպոլում, Դոնի Ռոստովում: 650 բնակիչ ունեցող գյուղի միջնակարգ դպրոցն այժմ 87 աշակերտ ունի, մինչդեռ 70-ական թվականներին տեղի ութամյա դպրոցում 139 սովորող է եղել: Դովեղ իմ այցելության օրը տղա էր ծնվել, ինչը համայնքապետին ոգեւորել էր:
«Այս տարի 3 ծնունդ ենք ունեցել, 5 ծնունդ էլ սպասվում է», - ասում է համայնքի ղեկավարը:
Բյուջե եւ գործեր
Գյուղի այս տարվա բյուջեն 9 մլն 816 հազար դրամ է, որից 6 մլն 756 հազար դրամը` պետբյուջեից լրավճար: Դովեղն ունի 302 հա վարելահող, որից մոտ 100 հա-ն է մշակվում, մնացածը սահմանամերձ, վտանգավոր գոտում է:
Գյուղի բնակիչներից մեկը հացահատիկահավաք կոմբայն է գնել, որի հույսով գյուղացիները 60 հա աշնանացան եւ 3 հա գարի են ցանել:
Համայնքի բյուջեն պետբյուջեից 817 հազար դրամ փոխհատուցում է ստացել սահմանամերձ սեփականաշնորհված, չմշակվող հողերրի համար, իսկ սահմանագոտու չօգտագործվող պահուստային հողերի համար փոխհատուցում չի հատկացվում:
Համայնքապետարանը 7 աշխատող ունի, որոնց թվում նաեւ` նախակրթարանի դաստիարակչուհի:
Նախադպրոցական այս հաստատությունը վերաբացվել է 2007 թ. եւ ներկայումս 17 սան ունի: Համայնքապետարանի ֆինանսիստ Ռուդիկ Ամիրխանյանն ասում է, որ անցյալ տարի սահմանամերձ համայնքի բյուջեն 105 տոկոսով կատարվել է:
Համայնքային բյուջեով գյուղում ամսական երկու անգամ աղբահանություն է կատարվում, ընթացիկ նորոգումներ են կատարվել 8 հա խաղողի եւ 6 հա դեղձի այգիները սնուցող ոռոգման ջրագծերում:
Անցյալ տարի պետբյուջեից 8 մլն դրամ է հատկացվել 1000 տոննանոց օրվա կարգավորիչ ջրամբար կառուցելու համար: Վարձատրովի հասարակական աշխատանքների ծրագրով գյուղի վերին թաղամասում երկրորդ ջրագիծ է անցկացվել:
Այդ նպատակով տարածքի պատգամավոր Միքայել Վարդանյանը խողովակներ է տրամադրել: Նա նաեւ 200 հազար դրամի աջակցություն է ցուցաբերել նախակրթարանին:
Նույն` վարձատրովի հասարակական աշխատանքների ծրագրով գյուղում 10 հատ բաշխիչ դիտահորեր են կառուցվել, եւ դովեղցիներն ազատվել են ձեռքով ջուր կրելուց: Ամեն օր բնակիչներն իրենց տանը միջինը 3 ժամ խմելու ջուր են ստանում:
Խմելու ջրի խնդրի լուծմանն օգնել են նաեւ մոսկվաբնակ դովեղցիները, ովքեր 700 դոլար են հանգանակել: Այդ գումարով խմելու ջրագծի ներքին ցանցում նորոգում է արվել:
Կազմակերպված շաբաթօրյակով դովեղցիները խճապատել են գյուղամիջյան ճանապարհները, գյուղի կենտրոնում գտնվող զբոսայգում ծառատունկ է արվել, այստեղ կառուցվել է հանգստի տաղավար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել