HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Դատավորը մեր սեփականությունը տվեց ուրիշին»

Բաբայանների ընտանիքի անդամները զարմացած են, թե ինչպես է դատարանը իրենց սեփականությունը հանդիսացող հողը տվել մեկ այլ քաղաքացու: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2009 թ. դեկտեմբերին Բաբայաններին պատկանող հողամասի 28.3 քմ-ը ճանաչել է որպես Անմար Գասպարյանի սեփականություն՝ հիմնվելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիր տարածքային ստորաբաժանման գրության վրա: Այդ գրության մեջ նշված է. «...Վ. Այգեկցու փող հ. 30 հասցեում Անմար Գասպարյանի կողմից օգտագործվող ավտոտնակի շինության տակի հողամասի մակերեսը կազմում է 28.3 քմ եւ ավտոտնակ տանող մուտքի ճանապարհը զբաղեցնում է 55.8 քմ մակերեսով հողամաս»: Դատավորը հիմնվել է այս գրության վրա, մինչդեռ Այգեկցու 30 տան բնակիչ Անուշ Դեմիրճյանը` Աշոտ Բաբայանի կինը, ունի Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանի գրավոր պատասխանը, որտեղ նշված է. «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության համաձայն՝ կոմիտեին դատարանի որոշումներով փորձաքննություն իրականացնելու եւ տեխնիկական եզրակացություն տրամադրելու գործառույթ վերապահված չէ»: «Դատարանը որոշում է կայացրել՝ հիմնվելով մի այնպիսի գրության վրա, որը Կադաստրը, փաստորեն, իրավունք չուներ տալու»,- ասում է Աշոտ Բաբայանը: Անմար Գասպարյանը 1973 թվականից օգտագործել է Բաբայանների հողատարածքը՝ այնտեղ կառուցելով ավտոտնակ: Տարիներ անց ընտանիքը որոշել է այլեւս վարձակալության չտալ տարածքը, իսկ Անմար Գասպարյանը դիմել է դատարան՝ պահանջելով ճանաչել այդ հողակտորի նկատմամբ իր սեփականության իրավունքը: Գասպարյանն իր հայցադիմումում նշել է. «...այդ մասնավոր տան շինություններից ազատ բակի վերջնամասում, որը համարվել է նաեւ բազմաբնակարան շենքի բակ, կառուցել եմ ավտոտնակը»: Սակայն, ավտոտնակի տարածքը գտնվում է սեփականության իրավունքով Բաբայաններին պատկանող 756 քմ հողի վրա, որի համար նրանք մինչ օրս վճարում են կատարում: «Անմարը դատարանին այնպես է ներկայացրել, որ ավտոտնակը գտնվում է իր շենքի բակում, բայց սա մեր սեփական հողն է՝ սեփականության վկայականով հաստատված»,- ասում է Աիդա Բաբայանը: Անմար Գասպարյանը դատարանին է ներկայացրել նաեւ ավտոտնակի համար «Շենքերի կառավարում» համատիրությանը իր կատարած վճարումները: Այնինչ, Այգեկցու փողոց 30 հասցեի տնատիրությունը այդ համատիրության կազմի մեջ չի մտնում, որի մասին վկայում է համատիրության թիվ 5 մասնաճյուղի տնօրենի գրությունը: «Ինքը իրենց շենքի բակում ավտոտնակ է ունեցել, դրա համար է վճարումներ արել, հիմա այդ վճարման անդորրագրերը ներկայացնում է որպես մեր տան բակի ավտոտնակի համար կատարված վճարումներ»,- ասում է Անուշ Դեմիրճյանը: Սա դեռ ամենը չէ. «Շենքերի կառավարում» համատիրության տված տեղեկանքի համաձայն՝ Անմար Գասպարյանին պատկանող ավտոտնակը 18 քմ է, որի համար էլ նա կատարում է վճարումներ: Իսկ Բաբայանների բակի ավտոտնակը 28.3 քմ է: Ստացվում է, որ Անմար Գասպարյանը դատարանին ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն առնչվում խնդրո առարկա ավտոտնակին, չնայած դրան՝ Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանները նրա օգտին են որոշումներ կայացրել: Իսկ Վճռաբեկ դատարանը չի ընդունել Բաբայանների բողոքը: Այցելեցինք Անմար Գասպարյանի բնակարան՝ նրա տեսակետը լսելու, նա մեզ ներս չթողեց, փոխարենը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի որոշումը՝ ասելով. «Գնացեք, կարդացեք»: Երբ Անմար Գասպարյանին ասացինք, որ Բաբայանները կասկածում են, թե նա կաշառել է դատավորներին, 72-ամյա տղամարդը բորբոքվեց. «Ես էլ ասում եմ՝ իրանք են մի մեծ գլուխ փող տվել, որ իմ մասին վատ բաներ խոսեն»: Իսկ Անուշ Դեմիրճյանը Գասպարյանի խուսափողական վարքագիծը որակեց որպես կեղծիքի դրսեւորում. «Եթե ինքն արդար է, ինչու՞ չի խոսում, չի բացատրում, թաքնվում է, որովհետեւ գիտի, որ կեղծել է»: Տիկին Անուշը մտահոգված է թոռների անվտանգությամբ. բացի այն, որ իրենց բակի ավտոտնակի տարածքը դատարանը ճանաչել է որպես Անմար Գասպարյանի սեփականություն, դեպի այդ հողատարածք տանող 55.8 քմ մուտքի ճանապարհի նկատմամբ սահմանել է հարկադիր սերվիտուտ: «Էրեխեքս խաղալու տեղ չունեն, ես ո՞նց ամեն անգամ հսկեմ, որ ավտոյի տակ չընկնեն, օտար մարդը ինչի՞ պիտի մեր բակի ավտոտնակում մեքենա կանգնեցնի»,- ասում է Անուշ Դեմիրճյանը՝ ցույց տալով պատից կախված դիպլոմներն ու պատվոգրերը: Անուշի որդին՝ 30-ամյա Կարոն, եւս զարմացած ու բարկացած էր. «Դատավորը ո՞նց կարող է մեր սեփականությունը տալ ուրիշին, վերցրին ու նվիրեցին: Ով հարուստ ա, ինչ ուզում անում ա, դատարանները իրա օգտին են աշխատում»: Անուշ Դեմիրճյանը հուզված ձայնով կրկնում էր, որ ամուսինը կռվել է հանուն հայրենիքի, որդին էլ 2 տարի հետախույզ է եղել բանակում, սակայն այսօր դատարաններն անարդար են վարվում իրենց ընտանիքի հետ. «Ամուսինս էլ, տղաս էլ կորցրել են իրենց առողջությունը էս երկրի համար, բայց սրա՞ համար են կռվել»,- ասում է տիկին Անուշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter