HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

24-ամյա Էմիլը ցանկանում է վերականգնվել աշխատանքում

Փախստական Էմիլ Ղազարյանը դատի է տվել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ին` պահանջելով վերականգնել իրեն աշխատանքում եւ վճարել բաց թողնված ամիսների աշխատավարձը: Էմիլը 2009 թ. օգոստոսից աշխատել է Ֆիլհարմոնիայում որպես ադմինիստրատոր: «Ինձ հետ պայմանագիր չեն կնքել, ասացին, որ 45 հազար կստանամ, բայց ստացա 30 հազար»,- «Հետքին» ասաց Էմիլը: Տղայի խոսքով` իրեն խոստացել են աշխատավարձի բարձրացում, քանի որ բացի ադմինիստրատիվ աշխատանքից` կատարել է նաեւ առաքիչի եւ բանվորի աշխատանք, նույնիսկ գիշերային ժամերին: «Հունվարի 12-ին գեղարվեստական ղեկավարը` Տիգրան Հեքեքյանը, ինձ ասաց, որ փետրվարի 1-ից ինձ կրճատում են, բայց համոզում էր, որ ես դիմում գրեմ իմ սեփական համաձայնությամբ»,- նշել է Էմիլը հայցադիմումում: Նա հրաժարվել է դիմում գրել, ապա փետրվարի 15-ին, իր խոսքով, ստացել է ազատվելու հրամանի պատճենն ու աշխատանքային պայմանագրերը: «Պայմանագրերը հետին ամսաթվով էին, ես էլ դրանք ստորագրեցի, բայց նախկինում ինձ հետ պայմանագիր չէին կնքել»,- վստահեցնում է Էմիլը: Դատարանում Էմիլի շահերը ներկայացնում է մայրը` Ջուլիետա Ղազարյանը: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տղային գրավոր չեն ծանուցել աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ, մինչդեռ պարտավոր էին` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի: Հունիսի 9-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նախնական դատական նիստի ժամանակ Ֆիլհարմոնիայի ներկայացրած գրավոր պատասխանում նշված է, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի աշխատակիցը աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը Էմիլին է հանձնել 2009 թ. դեկտեմբերի 19-ին, սակայն վերջինս հրաժարվել է ծանուցումը ստանալուց եւ ստորագրելուց, որից հետո Ֆիլհարմոնիայի աշխատակիցների մասնակցությամբ կազմվել է համապատասխան արձանագրություն: «Ստում են, ինձ ծանուցագիր չեն ներկայացրել»,- ասում է Էմիլը: Նշենք, որ Ֆիլհարմոնիայի ներկայացրած գրավոր պատասխանում բացակայում էր վերոնշյալ արձանագրությունը, սակայն դատավորը չպահանջեց այն: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ը գտնում է, որ Էմիլ Ղազարյանի հայցադիմումն ամբողջովին անհիմն է եւ ենթակա է մերժման: Փաստաթղթով Էմիլ Ղազարյանը աշխատանքից ազատվել է դեկտեմբերի 30-ին, սակայն տղան պնդում է, որ աշխատանքից ազատման հրամանը նրան տվել են 2010 թ. փետրվարի 15-ին: «Եթե ես ասեմ, որ նա սուտ է ասում, ինքս ինձ լավ չեմ զգա, բայց այլընտրանք չունեմ: Մինչեւ ինքը չկարողանա դրանք փաստերով ապացուցել, ես ոչինչ չեմ կարող նրա համար անել»,- «Հետքին» ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Արուս Արամյանը: Նա տնօրենի աշխատանքից ազատվել է ապրիլի 1-ից: Արուս Արամյանը վստահեցրեց, որ իրենց կողմից Էմիլ Ղազարյանի նկատմամբ «որեւէ անօրինական բան երբեէ չի կատարվել»: Հայցվորի ներկայացուցիչ Ջուլիետա Ղազարյանը դատարանում ցանկություն հայտնեց լրացնել հայցի հիմքը, քանի որ` Էմիլի իրավունքները խախտվել են նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ եւ 115-րդ մասերով, որը նա գրավոր կներկայացնի հաջորդ դատական նիստին: Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով: Էմիլի դժգոհության եւ դատարան դիմելու փաստը Արուս Արամյանն այսպես մեկնաբանեց. «Այդ տղայի մայրը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում, Էմիլը, ըստ իս, այս պարագայում զոհ է, որովհետեւ նրա մայրը, իսկապես, տարօրինակ կին է»: «Արուս Արամյանը պատգամավոր Լարիսա Ալավերդյանի դուստրն է, տիկին Ալավերդյանը ելույթ է ունենում, խոսում է փախստականների իրավունքներից, իսկ նրա աղջիկը փախստականին աշխատանքից հեռացնում է, տղաս կարմիր դիպլոմով է բարձրագույն ուսումն ավարտել, իսկ հիմա անգործ է»,- իր դժգոհությունն է հայտնում Ջուլիետա Ղազարյանը: Արուս Արամյանն այս կապակցությամբ ասաց, որ ինքը նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել Էմիլի հետ եւ բարյացակամ է եղել նրա հանդեպ, սակայն որպես տնօրեն դժգոհ է եղել նրա աշխատանքից. «Ինքը, իսկապես, լավ չի աշխատել, շատ է բացակայել` անհարգելի պատճառներով»: Էմիլ Ղազարյանն էլ որպես աշխատանքից բացակայելու պատճառ ներկայացրեց Արաբկիրի պոլիկլինիկայի տեղեկանքը, համաձայն որի` ինքը դեկտեմբեր ամսին անաշխատունակ է եղել հիվանդության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter