HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերահսկիչ պալատը չարաշահումներ է արձանագրում, իսկ մարզպետները դրանք չեն նկատում

«Հետքի» նախորդ համարում անդրադարձել էինք, որ վերջին տարիներին ավելացել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնված համայնքապետերի թիվը: Նրանց դեմ հարուցված քրեական գործերում գերիշխում են համայնքի բյուջեից հափշտակումները, պաշտոնական կեղծիքի եւ դիրքի չարաշահումները: Քրեական գործեր հարուցելու հիմք են հանդիսանում նաեւ Վերահսկիչ պալատի (ՎՊ) բացահայտած չարաշահումները: Գերիշխող են հատկապես Լոռու մարզի համայնքապետերի դեմ հարուցված քրեական գործերը: Վերջին 2 տարիների ընթացքում քրեական գործեր են հարուցվել մարզի Դեբեդի գյուղապետ Գ. Նազլուխանյանի, Ջրաշենի համայնքապետ Վ. Ուռուսյանի ու գյուղապետարանի հաշվապահ Ա. Հակոբյանի, Լեռնապատի համայնքապետ Վ. Եղիազարյանի, Ախթալայի քաղաքապետ Ս. Թամազյանի եւ այլոց նկատմամբ: Քանի որ մարզպետարանները ստեղծված են տարածքներում պետական կառավարում իրականացնելու համար, իսկ տարբեր վարչությունները օրենքով պարտավոր են ստուգումներ կատարել եւ վերահսկել համայնքապետերի գործունեությունը, մի քանի մարզպետարանների տեղական ինքնակառավարման վարչության պետերից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ համայնքապետերի աշխատանքի թերություններն ու օրինախախտումներն առաջինն իրենք չեն նկատում ու տեղում բացահայտում: Համայնքապետերի դեմ հարուցված քրեական գործերով «ռեկորդակիր» Լոռու մարզի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Ասատրյանը նախ լսեց մեր հարցերը, ապա ասաց, թե «Հետք» շաբաթաթերթի մասին նոր է լսում եւ հեռախոսով մեր հարցերին չի կարող պատասխանել: «Ընենց հարց ես տալիս, որ ես հեռախոսով պատահական մարդու չեմ կարող պատասխանեմ: Եկեք, ձեր վկայականը ցույց տվեք, հարցերը գրեք, կպատասխանեմ»,- ասաց Վ. Ասատրյանը: Վարչության պետից ընդամենը պետք է հարցնեինք, թե ինչու՞ է այդքան մեծ մարզի օրինախախտ համայնքապետերի թիվը, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նոր օրինախախտումները կանխելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործեր կան նաեւ Արմավիրի մարզի համայնքապետերի դեմ: 2009 թ. մարտի 27-ին Վերահսկիչ պալատը բացահայտել էր, որ մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը մի քանի ՍՊԸ-ների հետ ծառայություններ մատուցելու եւ աշխատանքներ կատարելու պայմանագրեր է կնքել, արդյունքում գումարներ են հավելագրվել եւ յուրացվել: ՎՊ-ն բացահայտումներ արեց նաեւ Փարաքար եւ Մարգարա գյուղերում, մինչդեռ համայնքապետերը հայտարարեցին, թե ՎՊ-ն ստուգումները ճիշտ չի կատարել, եւ իրենք ամենեւին էլ հակաօրինական արարք թույլ չեն տվել: Արմավիրի ՏԻՄ վարչության պետ Արսեն Ղուկասյանն ասաց, որ Վերահսկիչ պալատի բացահայտած փաստերին նախօրոք չեն տիրապետել, հակառակ դեպքում օրինախախտումները կկանխվեին: «Բայց Մարգարայում հետո ուսումնասիրվեց եւ պարզվեց, որ այդ տարածքից գյուղատնտեսական նշանակության ոչ մի հող չի օգտագործվել ավազի հանման համար, ինչը արձանագրել էր Վերահսկիչ պալատը»,- ասաց Ա. Ղուկասյանը: Իսկ ՎՊ-ն բացահայտել էր, որ «Արաքս-ավազան» եւ «Վինեկա» ՍՊԸ-ներին հատկացվել է 4-ական հա հող` 1 հեկտարը 25 հազար դրամով: Արսեն Ղուկասյանը նշեց, որ համայնքապետերի գործունեությունը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուշադրության կենտրոնում է: «Մարզպետի կարգադրությամբ հանձնաժողով է ստեղծվում, ունենք նաեւ վերահսկողություն իրականացնող հատուկ խումբ, որը աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ»,- ավելացրեց վարչության պետը: Նա համաձայն չէր մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում մարզպետարանը ոչ մի բացահայտում էլ չի արել, եւ ստուգումներ չեն իրականացվում: «Ո՞նց չի արվում, բացահայտումներն արվում են, մարզպետի մոտ քննարկումներ են լինում, վերականգնողական աշխատանքներ են կատարվում եւ այլն, ո՞վ է ասում, որ չի լինում»,- ասաց Արսեն Ղուկասյանը: Այնուամենայնիվ, նա դժվարացավ նշել մեկ դեպք, որը մարզպետարանն է բացահայտել: Դեպքերի չբացահայտվածության մասին է վկայում նաեւ այն, որ մարզպետարանը երբեք չի բարձրաձայնել, որ այս ինչ համայնքապետը ապօրինություն է արել, եւ դա կանխվել կամ բացահայտվել է մարզպետարանի ուսումնասիրության արդյունքում: «Մարզխորհրդի նիստերի ժամանակ, մարզպետի մոտ քննարկումներում այդ բոլոր հարցերը լուսաբանվում են»,- պարզաբանեց ՏԻՄ վարչության պետը: Վերահսկիչ պալատը Արագածոտնի մարզում ստուգումներ կանի այս տարվա ընթացքում: Մարզի 7 համայնքներում արդեն ֆինանսական ստուգումներ է իրականացնում մարզպետարանի հանձնաժողովը, որը ղեկավարում է ՏԻՄ վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանը: Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորիկ Գալստյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը չի կարող բացահայտել այն համայնքները, որտեղ հատուկ աուդիտորական հանձնաժողովը ստուգումներ է իրականացնում: «Դրանք ներքին ստուգումներ են, եւ ես պաշտոնապես իրավունք չունեմ դա բացահայտել»,- ասաց նա: Մարզպետարանի ՏԻՄ վարչության պետն էլ նշեց, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով մարզպետարանը կատարում է վարչական եւ ֆինանսական վերահսկողություն համայնքի ղեկավարի գործունեության նկատմամբ, իսկ տարեկան գրաֆիկը հաստատվում է տարածքային կառավարման նախարարի կողմից: «Ստուգումների արդյունքում, եթե թերություններ են հայտնաբերվում, եւ դրանք ենթակա են վերականգնման, ապա վերականգնում ենք: Բայց կան խնդիրներ, որ ասենք` խախտվել է «Գնումների մասին» օրենքը, բայց փաստացի աշխատանքները կատարված են, պարզապես ձեւակերպման սխալներ կան, նման դեպքերում փորձում ենք իրավական դաշտ տեղափոխել ձեւակերպումները»,- նշեց Ս. Հովսեփյանը: «Սովորաբար մարզպետարանները, երբ ստուգումներ են անում, արդյունքների մասին չեն բարձրաձայնում, այդ թվում նաեւ Արագածոտնում» մեր այս դիտարկման հետ Սիրասնիկ Հովսեփյանը չհամաձայնվեց: «Չէ, չէ: Շատ ներողություն, բայց արդեն 2 տարի է, ինչ ստուգումներից հետո քննարկում ենք կազմակերպում ավագանու նիստով: Համայնքի բնակչությունը տեղյակ է լինում, թե համայնքապետարանում ինչ իրավական խախտումներ են եղել: Բացի դա, համայնքապետերին պարտադրում ենք, որ ստուգման ակտը ամբողջությամբ հրապարակվի թերթում եւ փակցվի համայնքապետարանի ցուցատախտակի վրա»,- ասաց Ս. Հովսեփյանը: ՏԻՄ վարչության պետի խոսքով` վերջին տարիներին համայնքներում մարզպետարանի կողմից աղաղակող խախտումներ չեն հայտնաբերվել: «Գյուղապետերն ինչքան էլ անգրագետ լինեն, փորձում են այդ խախտումներին որոշակի իրավական գնահատական տալ: Միգուցե ճիշտ հայերեն ձեւակերպումների մասով խախտումներ լինեն, բայց դրանք իրավական չեն, եւ դա այլ խնդիր է»,- ավելացրեց Ս. Հովսեփյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter