HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտերը չորանում են, բայց ջուր, ինչպես վստահեցնում են, կա

Մի քանի տարի առաջ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի տներից մեկն այրվել է: Կրակը մեծ դժվարությամբ է հաջողվել մարել, քանի որ գյուղում ջուր չի եղել, առուները ցամաքած են: Ջուր չլինելու խնդիրն այսօր էլ առկա է թե այս, թե Դիմիտրովին հարակից մյուս գյուղերում՝ Մասիսում, Բուրաստանում եւ այլն: Գյուղացիները հավատացնում են, որ չնայած այս տարվա առատ անձրեւներին՝ իրենց դաշտերն ամբողջովին չորացել են, իսկ բերքը չորությունից փչացել է: Արտաշատի տարածաշրջանի գյուղերում ոռոգման ջրի խնդիրը նոր չէ: Ըստ գյուղացիների` 10 տարուց ավելի է, ինչ գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում, բայց վերջում ջուր չլինելու պատճառով դատարկաձեռն են մնում: Օրերս Դիմիտրով գյուղում էինք: 73-ամյա Մանյա Գեւորգյանը, իշխանավորներին անիծելով, տնետուն ընկած` հարեւաններից ռետինե խողովակ էր խնդրում: Նա ցանկանում էր խողովակով ջուր հանել արտեզյան հորից եւ այդ եղանակով ջրել իր տնամերձ հողամասը. «Ինչքան կգնա, կգնա, մնացածը թող մնա չորանա»: Նրա պատմելով` գյուղացիները դաշտերը չեն կարողանում ջրել, քանի որ ոռոգման ջուր չեն տալիս: «73 տարեկան եմ, էս տարիքիս հող եմ մշակում, հազար մետր հող եմ արել, բայց մի շաբաթ ա՝ ջուր չեն տալիս, որ մենք ջրենք: Գյուղապետին ասում եմ, ասում ա՝ դա մեր գործը չի, բա լավ, ու՞մ գործն ա»: 73-ամյա կինը վրդովված էր, ասում է՝ եթե հիմա սրտի աշխատանքը ստուգեն, կտեսնեն, որ նորմայից մի քանի անգամ ավելի է զարկում: «Հիմա են մեզ սպանում, հիմա թող գան սպանեն, ավելի ձեռնտու է, քան որ 73 տարեկանում էդքան տանջվում եմ, որ հաց ստեղծեմ, ձմեռը նստեմ, ուտեմ: Եկեք մեր դաշտերը նայեք, ամայի են, չորացած»,- ասում է Մանյա Գեւորգյանը: Իր միակ եկամտի՝ 18 000 դրամ թոշակի մեծ մասը տիկին Մանյան ծախսել է սերմացու ձեռք բերելու վրա: «Էն ժամանակ որ ընտրություն է գալիս, 5000-ով խաբում են ժողովրդին, աում են՝ ընտրեք մեզ, եթե չընտրեք էլ, մենք ընտրված-պրծած ենք,- ասում է Մանյա տատն ու ավելացնում:- Ընտրվում են ու քամում ժողովրդին: Ջրում պրծնում ենք, ջրի վարձը տալիս ենք: Բայց ջուր չկա: Ասում են՝ փողը տուր: Բայց որ ես ցանք չունեմ, եկամուտ չեմ ստեղծում, որտեղի՞ց տանեմ փող տամ: Մեշոկները լցրել են պատգամավորները, իսկ քյասիբին քացով խփում են»: Գյուղի վիճակը բոլորովին այլ գույներով ներկայացրեց Դիմիտրովի համայնքապետ Արման Իոնանովը: Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե գյուղն ինչ խնդիրներ ունի, Ա. Իոնանովը խուսափեց կոնկրետ պատասխան տալ` ասելով, թե բոլոր գյուղերն էլ խնդիրներ ունեն, եւ Դիմիտրովը բացառություն չէ: «Բայց գյուղ կա՞, որ խնդիրներ չունենա: Պրինցիպի, գլոբալ խնդիրներ չունենք»: Գյուղի կենտրոնում համայնքապետի շուրջ հավաքված գյուղացիները դժգոհում էին, որ Դիմիտրովում ոռոգման ջուր չկա, իսկ համայնքապետը հակադարձում էր, թե` նորմալ ա, մենք ջրի խնդիր չունենք: «Գյուղում աշխատող մարդն աշխատում է, իր համար ամեն ինչ ստեղծում է, ջուրն էլ, ամեն ինչն էլ»,- համոզված է համայնքապետը: Արման Իոնանովը սաստում էր այն գյուղացիներին, ովքեր դժգոհում էին իշխանությունների անտարբերությունից: «Տո ի՞նչ է եղել, ամեն ինչ լավ է»,- անընդհատ կրկնում էր համայնքապետը: Երբ նրան հրաժեշտ տվեցինք, գյուղացիները բացատրեցին, թե ինչու է Ա. Իոնանովը այդքան գովում իշխանություններին եւ խուսափում լրագրողներին ներկայացնել գյուղի իրական խնդիրները: Գյուղացիների ասելով` համայնքապետը խնամիական կապեր ունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, այդ պատճառով էլ չի անկեղծանում: Անդրադառնալով գարնան ցրտահարության ու անձրեւների պատճառով գյուղացիներին հասցված վնասերին` Ա. Իոնանովն ասաց, որ հիմնականում վնասվել են ծիրանի այգիները: Վտանգի տակ են նաեւ ցորենի ցանքատարածությունները: Անձրեւներից հացահատիկի արտերը դեղնել են, ինչը լավ բերք չի ենթադրում: Դիմիտրովում նույնպես մարդիկ ապավինել են վարկերին. գյուղի 80 տոկոսը տարբեր բանկերից վարկեր է վերցրել: Համայնքապետի ասելով` ռիսկը մեծ է եղել, ուստի մարդիկ մեծ գումարներ չեն վերցրել` միջինը 800-1000 դոլար: Դիմիտրովի գյուղատնտես Հրաչ Յակուբովն էլ հաստատեց, որ իրենց գյուղի առաջնահերթ խնդիրը ոռոգման ջուրն է: «Չգիտեմ` ինչով է դա բացատրվում, բայց ժամանակին ոռոգման ջուր չեն տալիս»: Այս խոսքից հետո համայնքապետը կարգադրեց գյուղատնտեսին «ավելորդ բաներ չխոսել»: Գյուղատնտեսը փորձեց վերաձեւակերպել իր ասածը ու ամբողջ մեղքը գցեց անձրեւների վրա: Ապա ավելացրեց, որ ջուրն էլ է ապրանք, ու դրա համար պետք է գյուղացիները վճարեն: «ՋՕԸ-ի պետը մի քանի օր առաջ իմ մոտ էր, ասում էր, որ մարդիկ պետք է հավաքվեն, պահանջ ներկայացնեն, որ իրենց ջուր տան: ՋՕԸ-ի համար էլ է դժվար, եթե մի հոգի ջուր է ուզում` ընկերությունը չի կարող այդ մեկին ջուր տալ: Օրինակ` երեկ մի կին էր եկել գյուղապետի մոտ, ասում էր` ես պետք է իմ հողամասը ջրեմ, ջուր տվեք, բայց ընկերությունը մի հոգու չի կարող ջուր տալ, պետք է մի քանի հոգի միանան, ջուր տանեն, որ կարողանան դրա համար էլ վճարել»,- ասում է Հրաչ Յակուբովը: Գյուղատնտեսը հավաստիացրեց, որ մոտ օրերս կմիացվի գյուղի արտեզյան հորի պոմպակայանը, եւ բոլորն էլ ջրով կապահովվեն: Համայնքապետն էլ ասաց, որ արտեզյան հորից ջուր վերցնելու համար մեծ պոմպ են աշխատացնում, ու եթե պոմպը միացնեն, պետք է գիշեր-ցերեկ աշխատի, հակառակ դեպքում 5 անգամ միացնել-անջատելով` այն կայրվի: «Տարվա ընթացքում պետք է 3 անգամ անջատվի, սովորական նասոս չի, որ երբ ուզենք, միացնենք ու անջատենք»,- ասաց Ա. Իոնանովը: Զրուցեցինք նաեւ Արտաշատի տարածաշրջանի 30 գյուղերի ոռոգման ջրի մատակարար «Ազատ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Արման Գեւորգյանի հետ, ով նշեց, որ գյուղացիները պետք է նախ իրենց պարտականությունները կատարեն` վճարեն, նոր ջուր պահանջեն: «Ուզում են առանց վճարելու ջուր անեն: Խնդիրը կապված է գյուղացիների չվճարելու հետ, բայց ես հիմա էլ իրենց ջուր տվել եմ, այս պահին էլ պոմպակայանները միացրած են»: Ա. Գեւորգյանը մեզ վստահեցրեց, որ բողոքողները հիմնականում անպարտաճանաչ գյուղացիներն են, որոնք նախորդ տարիների պարտքերը դեռ չեն վճարել, բայց «կռիվ են անում, որ իրենց ջուր տանք»: Ըստ նրա` գյուղացիները ՋՕԸ-ին պարտք են մոտ կես մլրդ դրամ: «Մեր ջրբաժանները գյուղերում են, գյուղացիների հետ պայմանավորվում են, պայմանագրեր են կնքում, որ գյուղացիները վճարումներն անեն ու ջուրը տանեն: Պարտաճանաչ մարդը վճարում, նորմալ ջրում է, անպարտաճանաչն էլ ուզում է ջրագողությամբ հողամաս ջրի: 300 հազար կիլոմետր առու եմ սպասարկում, եթե բոլոր առուներով ջուր գնա, ամբողջ Հայաստանի ջուրը չի հերիքի»,- ասաց նա: Մենք եղել էինք նաեւ Մասիս եւ Բուրաստան գյուղերում եւ տեսել, որ ոչ մի առվով էլ ջուր չէր հոսում: Ա. Գեւորգյանը մեր այս նկատառմանն ի պատասխան՝ ասաց, որ Մխչյանի ջրանցքում այս պահին մեծ քանակությամբ ջուր կա, եւ վայրկյանում 200 լիտր ջուր է գնում գյուղեր: «Ջուրը ո՞նց չի հասնում գյուղացիներին, բա էդ ջուրն ու՞ր ա գնում: Միանգամից չեն կարող բոլորը ջրեն, որ դուք բոլոր առուներում ջուր տեսնեք,- ասաց Ա. Գեւորգյանը եւ ավելացրեց,- ջրամատակարարում ասելով գյուղացիներն ի՞նչ են հասկանում, պիտի իրենց փոխարեն տանենք մենք ջրե՞նք իրանց հողերը: Ջրամատակարարումն այն է, որ տեղամասի ջրբաժանը ջուր է բաց թողնում ու ասում է, թե ով ջրի, կարո՞ղ է իրանց տեղն ել մենք ջրենք»: «Ազատ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենն ասաց, որ ջրաչափով չափել են` մշակվող մեկ հա լոլիկի հողատարածքը մեկ անգամ ջրելու համար գյուղացիները պետք է վճարեն 13 000 դրամ: Ըստ նրա` եթե գյուղացիները կասկածեն, որ այդ գումարն օրինական է, ցանկացած ջրօգտագործողի հողամասի գլխամասում կարող են ջրաչափ տեղադրել ու ըստ ցուցիչի գանձել վարձավճարը: Գյուղացիներին այս խնդիրն էլ էր մտահոգում, ինչը գյուղապետին դուր չէր գալիս: Ոչ մի գյուղացի չի կարող շահեկան վիճակում հայտնվել, եթե ամառվա շոգ օրերին 3 օրը մեկ ջրվող հողամասի համար ամեն անգամ վճարի 13 000 դրամ: Ստացվում է, որ մեկ հա լոլիկ մշակող գյուղացին ամեն շաբաթ պետք է նվազագույնը 30000 դրամ վճարի, որ բերքը ջրի ու այն հավաքելու հույս ունենա: Եթե դրան էլ գումարվեն վար ու ցանքի, սերմացուի, պարարտանյութի, թունաքիմիկատների բարձր գները, ինչպես նաեւ` հողի հարկը, ապա դժվար թե գյուղացին եկամուտ ստանա իր մշակած հողից, մանավանդ որ երաշխիք չկա, թե գյուղացու արտադրանքն անպայման կիրացվի: Դիմիտրովն ունի մոտ 280 հա վարելահող, բայց մշակվում է դրա 70 տոկոսը: Գյուղացիների ասելով` հողերը չմշակելու պատճառը ոռոգման ջրի, ինչպես նաեւ ֆինանսական դժվարություններն են: Մինչդեռ Արման Իոնանովն ասաց, թե չմշակվող հողերի սեփականատերերը գյուղում չեն` Ռուսաստանում են: «Մի քանիսն էլ կան, որ գյուղում են ապրում, բայց իրենց հողերը չեն մշակում: Դրանք գյուղի «լոդրներն» են»,- ասաց համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter