HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեն կարողանում իրացնել արտադրած մթերքը

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում գյուղմթերքների իրացման խնդիրը շարունակում է անլուծելի մնալ գյուղացիների համար: Շատերը տեղյակ չեն, թե ինչ գներ են գործում իրենց գյուղապրանքների համար շուկա հանդիսացող քաղաքային համայնքների կաթնամթերքի շուկայում: Նրանց համար տեղում 1 լիտր կաթը 100-120 դրամով վաճառելը «գտած բան» է: Գյուղմթերքները հիմնականում իրացնում են վերավաճառողները, ովքեր գյուղացիներից 1 լիտրը 100 դրամով գնած կաթը Ալավերդիում վաճառում են 200 դրամով, այն էլ` չփաթեթավորված եւ հակասանիտարական վիճակում: Ալավերդու մթերային խանութներում մեծ է կաթի պահանջարկը, սակայն որեւէ խանութից կաթ գնելը խնդիր է: Հայպետշին թաղամասի շուկայի մթերային խանութի սեփականատեր, անհատ ձեռներեց Զեմֆիրա Գրիգորյանը կաթի իրացման կապակցությամբ ասաց, որ Վանաձորից եւ Երեւանից բերված փաթեթավորված կես լիտր կաթը 350 դրամ արժե, այդ բարձր գնի պատճառով էլ շատերը կաթ չեն գնում: «Ազիզ, թանկ ա, առնըմ չեն, թթվում ա: Ստիպված թափում ենք: Դրա համար էլ կաթ չենք ստանում»,- բացատրեց անհատ ձեռներեցը: Զեմֆիրա Գրիգորյանի խանութի հարեւանությամբ` գետնի վրա, որտեղով, շուկայի տարածքով անցնող կոյուղու դիտահորերի վթարների պատճառով, մշտապես կոյուղաջրեր են հոսում, «Կոկա-կոլա»-ի եւ «Ֆանտա»-ի պլաստիկ շշերում կաթ, ինչպես նաեւ պանիր էր վաճառվում: Գյուղացիները կարեւորում են տարածաշրջանում ինչպես կաթի վերամշակման եւ քաղաքակիրթ իրացման, այնպես էլ մսի վերամշակման ձեռնարկությունների ստեղծումը, որոնք էլ կլինեն իրենց արտադրանքի շուկան: Գյուղացիների պահանջին, սակայն, չի արձագանքում տարածաշրջանի անառողջ բիզնես միջավայրը: Մինչդեռ գյուղացիները վստահ են, որ իրենք գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություններին կարող են ապահովել անսահմանափակ հումքով: Ալավերդի-Ջիլիզա ճանապարհի 10 կմ հատվածում գտնվող «Դաչա» հանդամասում ապրում է Ալավերդու Սանահին թաղամասի 30 ընտանիք: «Դաչան» գեղատեսիլ վայր է: Խորհրդային տարիներին հանդամասը գարնան գալու հետ արոտավայր է ծառայել Սանահինի սովխոզի անասունների համար: «Մենք 20 տարի ա համարյա ստի ենք: Հիմի մեր «Դաչում»-ը մի 20 կով Սեդրակն ունի, Ապոն 7-8 կով ունի, Սաքոն մի 6 հատ ապրանք ունի: Էս ոչխարներն էլ Ապոյինն են»,- ասաց սանահինցի Ռոզա Վերանյանը, ում մայր ձիու` Ջուլոյի բկլիկ քուռակը մեր զրույցի ողջ ընթացքում մոր կրծքից պոկ չէր գալիս: Մեր այցելության պահին «Դաչա»-ի բնակիչների մեծ մասն իր անասունների հետ սարն էր տեղափոխվել: «Խոտը բոլ ա, բայց դե դժվար ա, էլի, պահելը, չենք կարում կաթնամթերքը ռեալիզացնենք: Կովերի կաթնատվությունը բարձր է, օրական մի կովից 20 լիտր կաթ ենք ստանում: Ջիլ ու պանիր ենք անում, բայց չենք կարում իրացնենք: Տանող չկա: Մնացած բաները թանկ ա` բացի կաթնամթերքից: Մեր արտադրանքը գալիս են ստեղից են վերցնում, շուկայի հետ մենք գործ չունենք»,- ասաց Սեդրակ Ռամազյանը: Վերավաճառողները «Դաչա»-ից ջիլ պանիրը գնում են 1 կգ-ը 500 դրամով, սովորական պանիրը` 1000 դրամով, տավարի միսը` 1800 դրամով: Սեդրակն ասաց, որ գառան միսը վերավաճառողները գնում են 1 կգ-ը 2500 դրամով, բայց թե շուկայում ի՞նչ գնով են վաճառում, նա չգիտեր: «Երեւանից տելվիզրով ցույց են տալիս, որ ոչխարի մսի կգ-ը 3500 դրամ, հնդուշկու մսի կգ-ն էլ 3000 դրամ է»,- իր տան բակում քայլող երկու հնդկահավերին ցույց տալով` ասաց Ապոյի կինը` Սուսանը: Նա պատմեց, որ հնդկահավը ամռանը սնվում է սարում` մորեխով, աշնանը կաղին է կուլ տալիս, ուտում է նաեւ կակալ: «Ուտում են ու խմորի պես գալի»,- ասաց նա: Երեւում էր` Ապոն ու Սուսանը ապրանք պահելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել էին շուկայում պահանջարկ ունեցող մսամթերքի գները: «Դաչա»-ում միայն նրանք էին բուծում ոչխար ու հնդկահավ: «Մսի կոմբինատ է պետք, որ գան հվաքեն, կամ մթերում ըլի, որ տանենք ելածը մթերենք, փողն ստանանք»,- ասաց Անդրանիկ Երիցյանը, ում սանահինցիները Ապո են կոչում: Վերավաճառողների մասին էլ Ապոն ասաց. «Գալիս ա, մասնավորը տանում ա, բայց էն գումարը չենք ստանում, որ իրենք վերավաճառում են: Մենք արտադրում ենք, բայց չենք կարում իրացնենք»,- համոզված է Ապոն: Նա գյուղմթերքների վատ իրացման այլ պատճառ էլ հայտնեց. «Մեր ծախիլը քիչ ա, առնող չկա, ժողովրդի ձեռին փող չկա: Աշխատող չկա, որ ժողովրդի ձեռին փող ըլի, կառնեն: Նեղանալու չի ոչ մեկից»: Երբ ասացինք, որ Ալավերդու բնակչության շրջանում կաթի պահանջարկ կա, իսկ իրենք դժգոհում են, թե կաթը չեն կարողանում իրացնել, Սեդրակն ու Ապոն պատասխանեցին. «Մենք հնարավորություն չունենք էստեղից Ալավերդի կաթ տեղափոխելու, դե, թե մի լավ տղա կա, թող գա մեր կաթը հավաքի, շնորհքով բաժանի խանութներին: Բայց դե Հայաստանի ամենաքյասիբ քաղաքը Ալավերդին է»: Զրույցի ընթացքում գյուղացիները աստիճանաբար անցան իրենց մյուս հոգսերին. « 25-30 տարի ես Սանահինի սովխոզումը ըշխատել եմ, սեփական հող չունեմ: Սովխոզի ամենաառաջավոր ըշխատողը ես եմ էղել: Կնիկս առաջավոր կթվոր ա եղել, ես դոկումենտներով կարամ ապացուցեմ, որ ես սեփական հող չունեմ»,- դժգոհեց Ապոն: Սեդրակն էլ ասաց, որ Սանահինում հողի սեփականաշնորհումից հետո շատերը չգիտեն, թե որտեղ է իրենց հողը: «Գեղըմը բերին թղթերը տվին ձեռըս, ասին` էս ինչ տեղը Ընդրանիկի հողերն ա, բայց գունի սօր չգիտենք` որդի ա էդ հողը: Ես խոտն առնում եմ»,- դժգոհեց Անդրանիկը: Նա նաեւ ասաց, որ պարտաճանաչ հարկատու է, 10 հազար դրամ գույքահարկ եւ մինչեւ օրս նույնքան էլ հողի հարկ է վճարել. «Հողի հարկ էլ եմ մուծել, պետությանը ես թշնամի չեմ, վրես հող ա գրած, բայց ոչ դոկումենտ ունեմ, ոչ էլ հողիս տեղը գիտեմ»,- ասաց նա: Մեր հարցմանը Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը պատասխանեց. «Սանահինում բոլորն էլ գիտեն իրենց սեփականաշնորհված հողերի տեղը, սակայն այդպես ներկայանում են հարկ չվճարելու համար»: Քաղաքապետի տեղակալին տեղեկացրինք, որ Անդրանիկ Երիցյանը բարեխղճորեն վճարել է իր հարկերը, բայց չգիտի իր հողերի տեղը: Արտավազդ Վարոսյանը «Հետք»-ին խոստացավ զբաղվել Անդրանիկ Երիցյանի անունով սեփականաշնորհված, սակայն մինչ օրս անհայտ հողի հայտնաբերման հարցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter