HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունում և Ալավերդիում կանայք սկսել են ակտիվություն ցուցաբերել

Մոտ  մեկ տարի է արդեն`  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից   Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքներում իրականանում է «Կանանց կարողությունների  զարգացում ՀՀ Լոռու մարզում» ծրագիրը: Ծրագրի շահառուներն  են Ալավերդի, Ախթալա, Օձուն, Հաղպատ, Աքորի, Մեծ Այրում,  Շամլուղ, Նեղոց  համայնքները: Ծրագրի շրջանակներում այդ համայնքներում ձևավորվել են կանաց խորհուրդներ,  որոնք նպատակ են հետապնդում  բարձրաձայնել համայնքներում կանանց առկա հիմնախնդիրները` նպաստելով համայնքների զարգացմանը:

Ծրագիրն իրականանում է Նիդեռլանդների թագավորության դեսպանության  աջակցության շնորհիվ. «Բացի վերջինիցս,  ծրագրի գործընկերներն են  Լոռու մարզպետարանն իր ողջ անձնակազմով, մի շարք տեղական կազմակերպություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, ի դեմս Բրիտանական խորհրդի և «Վոլդ Վիժդն» կազմակերպության»,-   «Հետքին»  ասաց ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ին Ախթալայում բացվեց կանաց աջակցության կենտրոն. «Կենտրոնը  ունի տարածաշրջանային նշանակություն,  այստեղ, մենք  քննարկումներ և այլ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպելու»,- ասաց  Լիլիթ Ասատրյանը: Վերջերս ծրագրի ղեկավարի կողմից  հայտարարվել է մրցույթ ծրագրի շահառու  8 համայնքների կանանց  և աղջիկների շրջանում «Կնոջ դերը իր համայնքի զարգացման գործում» թեմայով: 

Մրցույթին մասնակից բազմաթիվ աղջիկներ և կանայք ներկայցրել են  իրենց պատկերացումները` շարադրությունների  և նկարչական աշխատանքների տեսքով, որոնցից լավագույններին ՀԵԿԱ-ի նախագահի կողմից  կենտրոնի բացման ժամանակ տրվեցին մրցանակներ: 

Կենտրոնի բակում բացվել էր կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Կանանց աջակցության կենտրոնի բացման առթիվ ծրագրի շահառու Ախթալա և Շամլուղ համայնքների համայնքապետեր Հայկազ Խաչիկյանը և Լենդրուշ Բեժանյանը, ինչպես նաև Ախթալայի տարածաշրջանի հոգևոր հովիվ  Տեր Վիգեն Քահանա Ղազարյանը, շնորհավորեցին տարածաշրջանի կանանց: Վերջինս նաև օրհնեց կանանց նորաբաց աջակցության կենտրոնը: Արարողակարգային միջոցառումներից հետո  ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը պատասխանեց  «Հետքի» հարցերին:

Ի՞նչ է նախատեսում «Կանանց կարողությունների զարգացում ՀՀ Լոռու մարզում» ծրագիրը:

Ինչպես անվանումն  է ասում, ծրագիրը նախատեսում է կանանց կարողությունները զարգացնել Լոռու մարզում` ի նպաստ իրենց իրավունքների պաշտպանության: Մենք հիմնական խնդիրը ծրագրի շրջանակներում դնում ենք այն հանգամանքի վրա, որ կանայք  հիմնականում չեն մասնակցում համայնքային կյանքին, ակտիվություն չեն ցուցաբերում,  որի պարզ պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք տեղեկացված չեն, չգիտեն ինչ հնարավորություններ  ունեն և ինչպես կարող են մասնակցել համայնքների ղեկավարմանը:

Այսինքն` ծրագիրը միտված է  կանանց քաղաքացիական  ակտիվության ապահովմա՞նը:

Այո, ծրագրի աշխատանքային մեկ տարվա ընթացքում մենք հասել ենք այն փոփոխություններին, որ շահառու համայնքների կանայք արդեն սկսել են ակտիվություն ցուցաբերել: Ամբողջ հանրապետությունում հազիվ թե գտնվեն համայնքներ, որտեղ բնակիչները, այդ թվում նաև կանայք,  հետաքրքրությություն ցուցաբերեն ավագանու նիստերի նկատմամբ: Ես կարող եմ նշել, որ ծրագրի այդ 8 համայնքների  կանայք  արդեն մասնակցում են ավագանու նիստերին և  ավագանու որոշումները  դուրս են բերում բնակչության շրջան:  Նրանք փորձում են  համայնքների խնդիրները լուծելու համար նաև համագործակցել համայնքապետերի և ավագանու անդամների հետ:

Շահառու հատկապես ո՞ր համայնքներում եք այդ ակտիվություն  տեսնում:

Օձունի և  Ալավերդու համայնքներում շարժը, համեմատած մյուսների, ավելի ակտիվ է:

Ո՞ր տարիքի կանայք են ծրագրով նախատեսված աշխատանքներում ավելի ակտիվություն դրսևորում:

Ծրագիրը տարիքային սահմանափակում չի դնում: Նույնիսկ 13 տարեկան աղջիկներ ծրագրի մեջ ընդգրկված են: Մենք աշխատում ենք նաև շահառու համայնքների աշակերտական խորհուրդների  և դպրոցահասակ աղջիկների հետ:  Ծրագրում ընդգրկված են նաև կանայք, ովքեր ներկայցնում են տարբեր ոլորտներ: Նրանց մեծ մասը նաև գործազուրկներ են և մենք նաև շեշտը դրել ենք այն  բաղադրիչի վրա, որ հմտություններ ունեցող կինը իրեն համարում է անտեսված գործազուրկ, անտարբեր է և չի մասնակցում հասարակության կյանքին: Այդպիսի մի խումբ կա կանաց, որոնց մենք ներգրավել ենք ծրագրի աշխատանքներին:

Ծրագիրը դրամաշնորհայի՞ն է:

Այո, այն դրամաշնորհային է և մեկ տարվա կտրվածքով կազմում է 20 հազար եվրո:  Կանանց աջակցության մեր կենտրոնը  բացվել է ծրագրի ֆինանսավորմամբ:  Սակայն ծրագրի ֆինանսավորման մեջ իր ներդրումն ունի նաև ՀԵԿԱ-ն: Մենք  ծրագրի դրամաշնորհներն օգտագործում ենք ուսուցման, տարբեր մասնագետների հրավերներ,  դասընթացներ, մրցույթներ կազմակերպելու նպատակով: Մի կողմից թվում է, թե այդ գումարը մեծ է, բայց աշխատանքի ցանկը, ինֆլյացիան  և այլն` նույնպես մեծ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter