Սերժ Սարգսյանը հանդիմանել է «Բարգավաճին»
«Հրապարակին» հայտնի է դարձել, որ երեկ կենսաթոշակային փաթեթի քննարկման հարցով նախագահական հրավիրված ԲՀԿ-ականներին Սերժ Սարգսյանը «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների հետ կապված չոր հանդիմանել է, եւ «Բարգավաճից» հավաստիացրել են, որ կողմ կքվեարկեն օրենքի նախագծին:

Հայտնի է, որ ՀՀԿ մեծամասնությունը որոշ զիջումների է գնալու դպրոցների թվաքանակի հարցում` նախատեսված 15-ից դարձնել 11, որից 2-ը` մարզերում, 9-ը` Երեւանում: Իսկ մարզերից ընտրվելու են Դիլիջանն ու Ջերմուկը:
Թերթի տեղեկություններով` ԱԺ արտահերթ կհրավիրվի հունիսի 22-ին, որի ընթացքում էլ հարցի քննարկումը կավարտվի, եւ կկազմակերպվի օրենքի փոփոխության առաջին ընթերցմամբ քվեարկությունը: Իսկ երկրորդն ու երրորդը կթողնվեն ԱԺ աշնանային նստաշրջանին, որին կնախորդեն հասարակական լսումներ:
Մարզպետի որդու գործը` զինդատախազությունում
Հունիսի 5-ին ուշ երեկոյան Արտաշատ քաղաքի կենտրոնում, Արարատի մարզպետարանից ոչ հեռու գտնվող զբոսայգում ծեծկռտուք էր եղել Արարատի մարզպետ, ՀՀԿ-ական Վարդգես Հովակիմյանի 22-ամյա որդու` Վահե Հովակիմյանի մասնակցությամբ: Դեպքից հետո ՀՀԿ-ական մարզպետի «սիրասուն զավակը» տեղափոխվել է Երեւան, «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է, որ Վահե Հովակիմյանի ուղեղը ցնցվել է:
Պարզվում է, որ մարզպետի որդին դեռ 2009 թ. Հունիսի 26-ին զորակոչվել է բանակ եւ այս օրերին գտնվում է ծառայության մեջ: Ինչպես երեւում է, նա ծառայությունն անց է կացնում Արտաշատի սրճարաններում: Քանի որ մարզպետը թաքցրել է որդու զինվոր լինելու հանգամանքը, ըստ «ՉԻ» տեղեկությունների, երեկ որոշում է կայացվել այս գործի նախաքննությունն իրականացնել ՀՀ զինվորական դատախազությունում:
Օրինակա՞ն էր արտահերթ նիստը
«Եթե պարզվի, որ ԱԺ հրավիրած արտահերթ նիստն ապօրինի է, դա արդեն գնաց Սահմանադրական դատարան, դա լուրջ բան է»,- թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին ԱԺ հրավիրած արտահերթ նիստին:
«Արտահերթ նիստն անցկացվում է հերթական նստաշրջանի ընթացքում»,- նշված է ԱԺ կանոնակարգ-օրեբքում: Մինչդեռ արտահերթ նիստը հրավիրել է հերթական նստաշրջանից հետո: «Օրն ավարտվում է 24:00-ին»,- արտահերթ նիստի անօրինականության հետ համաձայն չէ ԱԺ քարտողւարության պետ Թաթուլ Սողոմոնյանը:
Իրատեսական ակնկալիքներ
«Ես բացառում եմ հերթական ընտրությունները: Մենք ամեն ինչ անում ենք հնարավորինս շուտ եւ խոհեմ եղանակով արտահերթ ընտրությունների հասնելու»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը` մասնավորեցնելով, որ խոսքը նախ` նախագահական ընտրությունների մասին է:
Թերթի այն հարցին, թե արդյո՞ք իրատեսական եք համարում այդ ակնկալիքները` պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ավելի քան, քանի որ դրանք հիմնված են լուրջ հիմքերի, հաշվարկների եւ մասսաների կամքի վրա` ճորտային եւ ապիկար քաղաքականություն` թե դրսում, թե ներսում, եւ մասսաների դժգոհություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել