Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Հայաստան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 10-ից 11-ը Բրյուսելում էր: Նա մասնակցել է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Նիստի ընթացքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները միջազգային առաքելությունների վերաբերյալ: Կոսովոյի հարցերով քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարներն ընդգծել են առաքելության իրականացման գործում արձանագրված առաջընթացը և Կոսովոյում անվտանգության ընդհանուր իրավիճակի բարելավումը: Նախարարները համաձայնել են, որ Կոսովոյում իրականացվող գործողությունը պետք է շարունակել մինչև երկրում անվտանգության և կայունության լիարժեք հաստատումը:
Աֆղանստանի վերաբերյալ քնարկվել է անվտանգության ապահովման պատասխանատվությունը աֆղանական մարմիններին փոխանցելու գործընթացը: Որպես կարևորագույն բաղադրիչ, ընդգծվել է աֆղանական բանակի և ոստիկանության ուժերի կատարելագործմանն ուղղված ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունն ընդլայնելու և մարդկային ներուժով համալրելու անհրաժեշտությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարճատև զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի և Վրաստանի պաշտպանության նախարար Բաչանա Ախալայայի հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել