«Մուբադալա»-ն քննարկում է Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունները
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն արաբական «Մուբադալա» զարգացման ընկերության պատվիարկության հետ այսօր Ծաղկաձորում քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նաեւ քաղաքի զբոսաշրջային զարգացման ծրագրերին:
Ընկերության պատվիրակությունը նախօրեին հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարներ Ներսես Երիցյանի եւ Արմեն Մովսիսյանի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ: Ներկայացվել են ըստ ոլորտների Հայաստանում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերը եւ քննարկվել են այդ ծրագրերին ընկերության մասնակցության հետ կապված հարցեր: Փոխվարչապետին պատվիրակության անդամները ներկայացրել են նախօրեին կայացած հանդիպումների արդյունքները:
ՏԿն Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի Էմիրության կառավարությանը պատկանող եւ համաշխարհային ճանաչում ունեցող այս ընկերության պատվիարկության` Հայաստան այցի նպատակն է տեղում ներդրումային ներուժին ծանոթանալն ու հետագա գործակցության ուղղությունները նախանշելը:
Ընկերությունը ոչ միայն ԱՄԷ-ում, այլ տարբեր երկրներում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում, համատեղ ձեռնարկություններ եւ բաժնեմասեր ունի աշխարհահռչակ մի շարք ընկերությունների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել