Այսօր արյան դոնորի միջազգային օրն է
Հայաստանում բնակչության 0.4 %-ն է արյուն հանձնում` անհրաժեշտ 2 %-ի փոխարեն
Անվարձահատույց դոնորների միջազգային օրվա կապակցությամբ «25 ակումբ» երիտասարդական ՀԿ-ում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպվել է «Նոր արյուն աշխարհին» խորագրով միջոցառում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտնել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել արյունաբանության զարգացման ծրագիր, որը հավանության է արժանացել: Այս ծրագրի համաձայն` ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստումը կատարվելու է Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
«Նոր արյուն աշխարհին» ծրագրի շրջանակներում պարգևատրվել են այն կամավոր դոնորները, ովքեր վերջին տարիների ընթացքում անվարձահատույց արյուն են հանձնել, ինչպես նաև աջակից կազմակերպությունները:
Արյունը կենսաբանական նյութ է, որը կյանքի ապահովման հիմնական աղբյուրն է և չունի համարժեք փոխարինող: Այդ անգին միջոցի միակ աղբյուրը մարդն է` դոնորը, որը, նվիրելով իր արյունը, կյանք է պարգևում հիվանդին:
Արյան դերն առավել կարևորվում է արտակարգ իրավիճակների ժամանակ: 1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հազարավոր մարդիկ արյուն հանձնելու ցանկություն հայտնեցին տուժածների կյանքերը փրկելու համար: Այդ ծանր օրերին մարդիկ արյուն հանձնելու համար գիշեր-ցերեկ հերթ էին կանգնում հիվանդանոցների մուտքերի մոտ: Երկու-երեք օրվա ընթացքում այնքան արյուն հավաքվեց, ինչքան հավաքվում էր տարվա ընթացքում:
Ազգային անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն արյան անվտանգությունն է: Արյան բաղադրամասերով և պատրաստուկներով երկրի պահանջարկն ապահովելու համար անհրաժեշտ է, որ բնակչության 2%-ն արյուն հանձնի: Հայաստանում, սակայն, բնակչության 0.4 %-ն է արյուն հանձնում:
Ամերիկայի և Եվրոպայի, ինչպես նաև աշխարհի որոշ զարգացող երկրներում արյունը հավաքագրվում է միայն կամավոր անվարձահատույց դոնորներից: Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ արյունը հավաքագրվում է ինչպես անվարձահատույց, այնպես էլ փոխհատուցվող դոնորներից: Հայաստանում անվարձահատույց դոնորները կազմում են արյան դոնորների ընդամենը 5%-ը:
Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը, սակայն հիմնականում այն հավաքագրվում է հիվանդների ազգակից-դոնորներից և վճարովի հիմունքներով արյուն հանձնող անձանցից: Այս իրավիճակը շտկելու նպատակով մշակվել և առողջապահության նախարարության հավանությանն է արժանացել կամավոր անվարձահատույց դոնորության քարոզչության «Նոր արյուն աշխարհին» ծրագիրը, որն իրականացնում են «Ռեգիոնալ համագործակցություն» երիտասարդական ՀԿ-ը, բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, հոգեբաններ, արվեստագետներ և տարբեր բուհերի ուսանողներ:
Շուրջ 2 տարի է, «25 ակումբ» երիտասարդական ՀԿ-ի անդամները Հայաստանի բուհերում կատարում են քարոզչական աշխատանքներ, կազմակերպում և իրականացնում են անվարձահատույց արյունատվության ակցիաներ: Անվարձահատույց դոնորությունն ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզվի, լուսաբանվի մեր հասարակության մեջ և խրախուսվի վերջինի կողմից:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել