HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

5 տարի ազատազրկում` կաշառք վերցնելու համար

2010թ.  հունիսի 9-ին Լոռու մարզի ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարանը  ամբաստանյալ Էդուարդ Ալեքսեյի Մխիթարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (կաշառք ստանալը) նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտեց 5 տարի ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Նրա գույքի նկատմամբ քննիչ Կարեն Խանումյանի որոշմամբ դրված կալանքը վերացվեց: Իսկ նրա նկատմամբ` որպես խափանման միջոց կիրառված կալանքը թողնվեց անփոփոխ: Էդուարդ Մխիթարյանն իր պատիժը կկրի 2009թ. օգոստոսի 5-ից Արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Ամբաստանյալ Միսակ Ռաֆիկի Յախշիբեկյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալուն հանցակից լինել) և 313 հոդվածի 1-ին (կաշառքի միջնորդություն) մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 1-ին մասով նա դատապարտվեց 2 տարի ազատազրկման, իսկ Քրեական օրենսգրքի 313 հոդվածի 1-ին մասով` 1 տարի ազատազրկման: Քրեական օրենսգրքի 66 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում` 3 տարի ժամանակով: Ամբաստանյալ Յախշիբեկյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ` պատիժը պայմանականորեն չկիրառելու վճռով, սահմանվեց փորձաշրջան 3 տարի ժամանակով, վարքի վերահսկողությունը դրվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան ստորաբաժանման վրա: Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվեց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ամբաստանյալ Ժոզեֆ Ֆերդինանտի Կարայանը ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվեց անպարտ և արդարացվեց: Նա ազատ արձակվեց արգելանքից դատական նիստերի դահլիճում: Էդուարդ Մխիթարյանն «անպայման» կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում: Այնինչ Միսաք Յախշիբեկյանի պաշտպան Ադելինա Հակոբյանը միանգամայն արդար է համարում իր վստահորդի հանդեպ կայացված վճիռը` տալով իրավական հիմնավորում.  «Յախշիբեկյանը կամավոր ներկայացել է, ամբողջի վերաբերյալ տվել է ճիշտ ցուցմունքներ, օգնել է նախաքննական մարմնին բացահայտելու հանցագործությունը, այդ առումով արդար վարվեցին նրա նկատմամբ: Եվ սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ Քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառումը նպատակին ուղղվեց»: Պաշտպանի կարծիքով` արդար է նաև Ժոզեֆ Կարայանին տրված դատավճիռը, ինչը չի կարելի ասել Էդուարդ Մխիթարյանի դատավճռի մասին, որը նա իրավական տեսակետից տարակարծելի է համարում. «Էդուարդ Մխիթարյանի արարքը Քրեական օրենսգրքի 311 հոդվածի՞ն է համապատասխանում է, թե՞ 200 հոդվածին»: Այս առումով Էդուարդ Մխիթարյանի պաշտպանն, ըստ Ադելինա Հակոբյանի, իրավական հիմքեր ունի բողոքարկման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter