«Արմավիան» փող չունի՞
Թերթի տեղեկություններով, Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը օդի տուրքի հսկայական պարտք է կուտակել: Արդեն բավական ժամանակ է` ընկերությունը պետբյուջե չի փոխանցում ավիատոմսերի արժեքի մեջ ներառված 10-հազարական դրամները, ինչի հետևանքով պետությանը մոտ 1 մլրդ դրամ պարտք ունի: Հիշեցնենք, որ նախորդ տարվանից, ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ օդային տրանսպորտի միջոցով ելքի համար գանձվող պետական տուրքը, որը կազմում է 10 հազար դրամ, ներառվել է ավիատոմսի արժեքի մեջ:

Այն գանձում է ավիատոմսերի վաճառքն իրականացնող ընկերությունը` պարտավորվելով գումարը փոխանցել պետբյուջե: Թե ինչու «Արմավիան» ուղևորներից գանձած գումարները չի փոխանցել պետբյուջե, փորձեցինք պարզել ընկերությունից և հարկային պետական ծառայությունից: Մեր հարցադրումը գրավոր փոխանցեցինք ավիաընկերության մամլո քարտուղարին: «Արմավիայի» և ՀՊԾ մամուլի ծառայությունները խոստացել են այսօր պատասխանել այդ հարցին: Նշենք, որ օդի տուրքից պետբյուջե մուտքագրվող գումարները տարեկան հասնում են 7 մլրդ դրամի:
Կքննարկեն արտահերթով
Թերթի տեղեկություններով` եկող շաբաթվա սկզբին, ամենայն հավանականությամբ` հունիսի 22-ին ՀՀ ԱԺ մեկ երրորդի ստորագրությամբ գումարվելու է արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է լինելու «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների օրենսդրական փաթեթը: Այս նախագծերը պատգամավորները քննարկեցին անցած շաբաթ տեղի ունեցած ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում, սակայն դրանք քվեարկության դնել այդպես էլ չհասցրին: Հիշեցնենք, որ այս օրենսդրական փաթեթով նախատեսվում է վերացնել օտարալեզու դպրոցներ բացելու Հայաստանի օրենսդրության մեջ առկա արգելքը:
Եվրամիությունը վերահաստատում է
Եվրամիության արտգործնախարարները հատուկ փաստաթուղթ են ընդունել Հարավկովկասյան երեք երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ, որտեղ ընդգծել են տարածաշրջանի հետ կապերն ամրապնդելու և սերտացնելու Բրյուսելի պատրաստակամությունը: Եվրամիության նախարարների խորհուրդը վերահաստատում է սառեցված հակամարտությունների խաղաղ և երկարատև կարգավորման աջակցելու իր պատրաստակամությունը և կոչ է անում բոլոր կողմերին ամբողջովին հավատարիմ մնալ այս գործընթացին:
Գագիկ Հարությունյանի եղբայրը
Թերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնանկության մշտական թեման կրկին արդիականացել է: Քանի որ նրա տարիքը վաղուց գերազանցել է թոշակայինը, ուստի Գորիկ Հակոբյանը պետք է հեռանա ԱԱԾ-ի պետի պաշտոնից:
Ըստ այդմ, արդեն խոսակցություններ են տարածվել այն մասին, որ ԱԱԾ տնօրենի համար երեք հիմնական հավակնորդներ կան: Մեկը դրսից է, իսկ երկուսը ԱԱԾ-ի ներսից: Նույն տեղեկությունների համաձայն, հնարավոր է ԱԱԾ պետ նշանակվի Արզուման Հարությունյանը, որը սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, կամ էլ ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը:
Ամենայն հավանականությամբ, արդեն այս խոսակցություններն ավելի մոտ են իրականությանը, քանի որ կադրային տեղաշարժերի սկիզբը դրված է:
Ֆարմանյանն արդարացնում է
Հանրային հեռուստառադիոընկերության «Ռադիոլուր» լրատվական վերլուծական ծրագրի և «Հայլուրի» համակարգող Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը, թերթի տեղեկություններով, նախապատրաստել է «Հայլուրի» այսպես ասենք` աստիճանական ժողովրդավարացման ծրագիրը, որը կավարտվի 2012-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի նախօրեին: Ինչպես ցույց է տալիս «Հայլուրի» հպանցիկ մոնիտորինգը, այդ ծրագիրն արդեն սկսել են փորձարկել, և եթերում արդեն պրոբլեմային նյութեր են երևում:
Հիշեցնենք, որ նմանատիպ խնդիր իշխանությունները 2003-ի նախագահական ընտրություններից հետո դրել էին «Ռադիոլուրի» պարագայում, որը և մասամբ հաջողվեց: Ի դեպ, «Ռադիոլուրին» տրված որոշակի ազատությունները ժամանակին նյարդայնացնում էին հայլուրակներին, որոնք բողոքում էին, թե ինչու նրանց դա կարելի է, իսկ իրենց` ոչ:
Ինչ վերաբորւմ է Սամվել Ֆարմանյանի անձին, ապա վերջինս հասցրել է Նորքում բավական լավ իմիջ ձեռք բերել, քանի որ բարևում, շատ սիրալիր զրուցում է անգամ հավաքարարների և այլ տեխնիկական աշխատողների հետ, անգամ ժամանակ առ ժամանակ նրանց համար խնջույքներ է կազմակերպում: Իսկ լրագրողական, հատկապես «Հայլուրի» աշխատակազմի հետ կապված` Սամվել Ֆարմանյանը, թերթի տեղեկություններով, բավականին պահանջկոտ է, ինչի արդյունքում նախկին աշխատակազմը սկսել է աշխատել բավականին ծանրաբեռնված ռեժիմով: Այս ամենին զուգահեռ Ֆարմանյանի «Հայլուրը» նաև քաղաքական խնդիրներ է լուծում, ասենք` Հովիկ Աբրահամյանի եթերում երևալու հաճախականությունը կտրուկ նվազել է:
Նախընտրական կրքեր` Գորիսում
Գորիսում եկող կիրակի տեղի կունենա քաղաքապետի ընտրություն: Գորիսեցիները տարիներ շարունակ «ընտրել են» նույն մարդուն, այս անգամ եւս Սյունիքի մարզպետը փորձում է նույն մարդուն, Գորիսի` արդեն 3-րդ «սրոկ» գործող քաղաքապետին դարձնել քաղաքապետ: Սակայն գորիսեցիները թաքուն հույս են փայփայում, որ այս անգամ վերջապես իրական ընտրություն կլինի, և կհաղթի նա, ով իրոք կստանա ընտրողների վստահեւոյթան քվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել