Կրկնություն
Արամ Մաթևոսյան
ՀՀՇ-ականությունը միշտ այնտեղ է, ուր կա շանտաժի հնարավորություն: Եթե դժվարություն չկա էլ, ապա ՀՀՇ- ականը կստեղծի դրա իմիտացիան: Մեթոդիկան միակն է. ստեղծել անառողջ դաշտ: Խորհրդային համակարգը այնքան էլ հակամարդկային չէր, ինչպես ներկայացնում էին ՀՀՇ-ական լիդերները: Նրանք 1988 թվականին օգտագործեցին մարդու մեջ գտնվող ամենանրբանկատ նոտաները, տեղահան արին մարդուն իր բնօրինակից, իր լավ-վատ հարմարված տեղից, ազատություն ու դրախտ խոստացան ու «հասան իրենց նպատակին»: Ես չգիտեմ` ինչ է նկատի ունեցել դասականը պատմական ողբերգություն ասելով, բայց հայ իրականության մեջ երկրորդ հանրապետության տապալումը ու երրորդ հանրապետության ստեղծումը արար էր, պատմական մի արար, որն իր մեջ կրում էր լուրջ ողբերգություն: Անկախություն կոչվածը մեկի համար պաշտոն էր, մյուսի համար աշխատատեղի անդարձ կորուստ: Ազատ Հայրենիք ասվածը մի հայի համար դարձավ անհատնում կերակրատեղի, մյուսի համար` մի կերպ գոյություն քարշ տալու վայր: Կատարվածը կատարվեց ու ժամանակի մեջ էլ դանդաղ ապրվեց ու մարսվեց: Հեշտ եմ ասում «ապրվեց ու մարսվեց»: Ապրվում է դեռ ու չի մարսվում: Ծայրագավառում չի մարսվում, անկախ Հայրենիքի մոռացված անկյունում չի մարսվում: Թվում է, թե կրկնվում է պատմությունը: Պարզվում է` այն ունի կրկնվելու հատկություն: Ու երբ կրկնվում է այն, կյանքը շրջվում ու երևում է աստառի կողմից:
«Կրկնությունն ու վերհուշը, նույն շարժումն են միայն իրար հակառակ ընթացող: Վերհուշը տանում է մարդուն հետ հակառակ ուղղությամբ, ստիպում է նրան կրկնել այն, ինչ եղել է արդեն: Ու նաև, իսկական կրկնությունը ստիպում է մարդուն հիշելով նախազգալ, նախապրել այն ինչ լինելու է»: Այսպես է հասկանում ու այդպես էլ սպասում է կրկնությանը` իր չապրած սիրուն, իր Ռեգինա Օլսենին Կիերկեգորը:
* * *
Երևի այդ նույն կրկնության սպասումը ու նախազգացումը կար տարեց կնոջ հարցի մեջ.
- Քանի՞սն է ժամի, որդիս:
Լոռում դեռ ժամ են հարցնում: Տեղ, որտեղ ժամանակը չափվում է անցնող ու դարձող գնացքների հաճախականությամբ, տեղ, որտեղ կարող է մոռացվել ամեն ինչ` հեղափոխությունը, հեղափոխություն անողի դեմքն ու տեսակը, տեղ, որտեղ լողավազանի կենտրոնում կապույտ ջրի փոխարեն քսանամայա բարդին է իր արմատներն ամուր ձգել, տեղ, որտեղ ծերացող կնոջ ջրակալած աչքերի խորքում լուռ սպասման մեջ ապրում է դեռ հույսը կրկնության:
Ինչի՞ կրկնության, այդ ո՞ր երջանիկ պահի:
* * *
«Հայ ազգային կոնգրեսի շտաբ» ազդարարում է պաստառի հունահռոմեական ոճով դրվագված խոյակի վերտառությունը:
Երևի ոչ միայն գրվածքը, այլ նաև Դեբեդի պղտորությանը նայող շենքի առաջին հարկում տեղավորված շտաբականները խոստանում են ազգային զարթոնքի մի նոր պայծառ հեռանկար ու անցած դարի իննսունականներին ապրված «երջանիկ անցյալի» մի նոր կրկնություն, Ալավերդի քաղաքի ժամանակի ամբողջականությունը միավորող ծեր կնոջ համար երևի, որը նստած ուրցով ու սարի չորացրած ծաղկով բեռնված իր վաճառասեղանիկի առաջ կարոտում էր, հայացքի մեջ արտացոլումը ծխնելույզի ծխի, որպես նոր սկզբի խորհրդանիշ հավերժահոս:
- Փակել գործարանները, փրկել բնությունը ամենակուլ հրեշից,- մոլուցքով, համոզվածությամբ ասում ու իրենց հետ առաջ էին տանում ժողովրդին Հայոց Համազգային Շարժման առաջամարտիկները:
- Պետություն ենք հիմնել, պատերազմում հաղթանակ ենք տարել, հերոսացել ենք:
- Պատերազմից հետ վերադարձած հերոսը պատուհաս է ազգի գլխին:
Դիպուկ ու դաժան խոսք: Իսկական հերոսի արած ճշմարիտ հետևություն:
Իսկ շարունակությունը, հոգեվարք ապրող քաղաքի շենքերից մեկի առաջին հարկում ծվարած, մեռնող ավարտ հիշեցնող, վտիտ մի նոր սկիզբ` Հայ ազգային կոնգրես: Արժե չարանալ: Արժե նեղվել ու ծաղրապար բռնել հրապարակներում: Տգեղ սկսեցի ասելիքս: Ու ստիպված եմ շարունակել նույն կերպ: ՀՀՇ-ականությունն այնտեղ է լինելու այս ու հետ, ուր պարտված չարությունն է: Չկա ավելի հուսալիք բան, քան զենքին հրաժեշտ տված հերոսն է: Անատամ հեղափոխություն, անզեն կռիվ, ծուլացած կամք: 2008 թվականի փետրվար, հուսախաբություն: Ֆիասկո: Արար, որը 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարի կարիկատուրային կրկնությունն էր, որն էլ դասական սահմանմամբ կոչվում է պատմական ֆարս:
- Նույն գետը հնարավոր չի մտնել երկրորդ անգամ,- պնդում էր Հերակլիտը:
- Այն հնարավոր չի մտնել նույնիսկ մի անգամ,- գոչում է նրա աշակերտը:
Խեղճ Հերակլիտ: Հունական տրադիցիաներից սկիզբ առնող դաստիարակված դասական միտքը պնդում է, թե իբր պատմական դեպքերը կրկնվում են երկու անգամ. մի անգամ` որպես ողբերգություն, մյուս անգամ` որպես ֆարս: Ալավերդի քաղաքի Հայ ազգային կոնգրեսի շտաբի ցուցատախտակի առջև կանգնած` հայտնաբերում ես հանկարծ, որ ճշմարիտին ավելի մոտ է ժամանակների միտքը ամբողջացնող ժողովրդական բանահյուսությունը, որը հռչակում է.
Պատմությունը կարող է կրկնվել առնվազն երեք անգամ: Մի անգամ` որպես ողբերգություն, երկրորդ անգամ` որպես ֆարս, իսկ երրորդ անգամ այն որպես զավեշտ կարող է կրկնվել բթամիտների համար:
15 հունիսի 2010 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել