Կամ պետք է հիմնավորեն, որ Ախթալան հայկական ծագում ունի, կամ էլ պետք է անվանափոխեն
Հունիսի 11-ին Ախթալայի ավագանու նիստը քննարկեց քաղաքի անվանափոխության հարցը: Ավագանու նիստին մասնակցում էր նաև ՀՀ Սոցհիմնադրամի նախագահ, ախթալեցի Վազգեն Խաչիկյանը: Սակայն ինչպես ավագանու նիստին, այնպես էլ նրա օրակարգին անտեղյակ էր քաղաքի բնակչությունը:
Մինչ ավագանու նիստը, Ախթալայի փողոցներում մեր կողմից հարցված 20-ից ավելի ախթալեցիներ միանշանակ դեմ էին քաղաքի անվանափոխմանը. «Իսկ եթե ախթալեցիները չեն ուզում փոխել իրենց քաղաքի անունը, հետո, ի՞նչը պետք է փոխվի, եթե Ախթալայի անունը փոխեն: Ուզում են քաղաքի անունը դնեն Պղնձավան»,- ասաց Վարուժան Հախինյանը:
«Պղինձ կա, որ քաղաքի անունը ուզում են դնեն Պղնձավան, էղած պղինձն էլ հանձնեցինք երկաթ հվաքող Մարուսին` պրծավ, գնաց»,- կիսակատակ ասաց ախթալեցիներից մեկը: «Ասում են` արմատներում թուրքական ծագում կա, տո թուրքը որդի էր, որ Ախթալեն կար, 1000 տարվա պատմություն ունենք»,- ասում էին ախթալեցիները:
Հարցված ախթալեցիների մեծ մասը դժգոհեց, որ քաղաքի անվանափոխման հետ կապված բնակիչների համար քաղաքապետարանը ժողով չի հրավիրվել: Սակայն քաղաքապետ Հայկ Խաչիկյանը ավագանու նիստը բացելու ժամանակ հայտնեց, որ Լոռու մարզպետարանից քաղաքապետարանին քաղաքի անվանափոխման համար գրություն է եկել դեռևս այս տարվա մարտ ամսին. «Մեզ այն ժամանակ առաջարկել են քաղաքի անվան համար ընտրել Հողհատ կամ Պղնձավան անուններից մեկը: Մենք այդ անունները մերժել ենք և գրել ենք, որ քաղաքի անվանափոխման հարցը կվերանայենք հունիս ամսին: Մեկ ամիս առաջ մեզ նորից գրություն է եկել մարզպետարանից, որպեսզի մենք հստակ պատասխանենք` ինչ ենք մտածում քաղաքի անվանափոխության շուրջ»,- ավագանու անդամներին տեղեկացրեց քաղաքապետը:
Նա նաև հայտնեց, որ շուրջ մեկ ամիս առաջ անվանափոխման շուրջ քննարկումներ անցկացնելու և կոնկրետ առաջարկություններ ներկայացնելու համար գրություններ է ուղարկել հիմնարկներին. «Մինչև օրս հիմնարկություններից որևէ առաջարկություն չենք ստացել, քաղաքացիներից ստացվել է մեկ առաջարկություն` Վահե Անթանեսյանից, ով առաջարկել է քաղաքը անվանափոխել Ձորաբերդ կամ Պղնձասար անուններով: Հիմա մենք կանգնած ենք փաստի առաջ, օրենքով նախատեսված բան ա: Կամ մենք պետք է հիմնավորենք, որ Ախթալան հայկական ծագում ունի, կամ էլ պետք է անվանափոխենք»,- ասաց Հայկ Խաչիկյանը:
Ավագանու անդամ Անահիտ Մուրադյանը առաջարկեց գնալ առաջին ճանապարհով, հիմնավորել, որ Ախթալան հայկական ծագում ունի, որովհետև բնակչության մեծամասնությունը և երիտասարդությունը ուզում են, որ պահպանվի Ախթալա անունը:
Ավագանու անդամ Լևոն Վարդանյանին հետաքրքրեց, թե գրության մեջ ժամկետ նշվա՞ծ է, թե՞ ոչ. «Ժամկետը գիտեք ոնց է, մենք չենք կարող ամեն ամիս ասել, թե հարցը քննարկման փուլում է, մտածում ենք»,- պատասխանեց քաղաքապետը:
Ակնհայտ էր, որ ավագանու անդամները քաղաքի անվանափոխման քննարկմանը ներկայացել էին քաղաքի բնակչության կարծիքը պաշտպանելու միտումով: Այս կապակցությամբ էլ ավագանու անդամ Ալբերտ Սոսյանը ավելորդ չհամարեց մեկ անգամ ևս քաղաքապետ Հայկ Խաչիկյանին և նիստի մյուս մասնակիցներին հիշեցնել բնակչության մոտեցումները. «Համայնքի անվանափոխումը, ի վերջո, համայնքի ժողովրդի կարծիքը հարգելով պետք է լինի»,- առաջարկեց նա:
Լյովա Վարդանյանը նույնպես խնդիրը ավագանու 6 անդամներով լուծելը ճիշտ չհամարեց. «Ժողովրդի հետ 100 տոկոսով զրուցած չունենք»,- ասաց նա և առաջարկեց մարզպետարանից մինչև սեպտեմբեր ժամանակ խնդրել:
«Կարելի է անուններ առաջարկել և դնել ժողովրդական քննարկման»,- առաջարկեց Անահիտ Մուրադյանը: Վերջինիս հետ համաձայնեց Լյովա Վարդանյանը. «Կարելի է և հարցը հանրաքվեով լուծել: Լիմոնադի անուն չենք փոխում»:
Ավագանու անդամ Լեռնիկ Ճիճիլյանը նույնպես կողմ էր քաղաքի անվանափոխման հարցը ներկայացնել բնակչության հանրաքվեին: Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու Տեր Վիգեն քահանան առաջարկեց քաղաքի անվանափոխության ժամանակ ընտրել այնպիսի անուն, որն իր մեջ ներառի քաղաքի հոգևոր և մշակութային արժեքները:
Ախթալայի անվանափոխման խնդրում ավագանու անդամների մոտեցումների վրա էական ազդեցություն ունեցավ Վազգեն Խաչիկյանի անվանափոխման անհրաժեշտության հետ կապված մեկնաբանությունները: Նրա կարծիքով, քաղաքի անվանափոխմանը բնակչության դեմ կանգնելը պայմանավորված է տեղեկացված չլինելու հանգամանքով:
«Ախթալա անունը թուրքական է և ոչինչ չասող: Սա թուրքերն օգտագործում են և ասում են` Ըխտալի, որը նշանակում է ախտերով լի»,- ասաց Վ. Խաչիկյանը: Նա անընդունելի համարեց նաև առաջարկված Հողհատ անունը. «Հողհատ անունը ժամանակակից հայերենում նշանակում է գերեզմանատուն»:
Նրա առաջարկած հիմնական տարբերակը քաղաքը Նռնաբերդ անվանափոխելն էր, որի համար էլ ավագանու անդամներին Վ.Խաչիկյանը ներկայացրեց իր հիմնավորումները, «Նուռը պտղաբերության և սիրո սիմվոլն է: Նռան մեծ այգիներ ուներ Արամյանցը: Նուռը պատկերված է նաև Ախթալայի Ս.Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին: Նուռը ներկայանալի ծառատեսակ է, և քաղաքի անվանափոխությունից հետո մենք մեր պատվավոր հյուրերին կառաջարկենք տնկել նռան ծառ: Նռան հյութը և գինին բավականին օգտագործվող են, արդյունավետ կլինի դրա արտադրությունը մեր քաղաքում հետագայում ծավալելը: Նուռը Հայաստանում ամենաներկայանալի բրենդներից է: Հետագայում մենք քաղաքում կստեղծենք նռան պահանջարկ ունեցող այգիներ: Քաղաքի անվան հետ կապված մենք կարող ենք ստեղծել «Ոսկե նուռ» շքանշան, մեր քաղաքի պատվավոր քաղաքացիներին պարգևատրելու համար»:
Ինչ վերաբերում է առաջարկված անվան բերդ արմատին, ապա Վ. Խաչիկյանը հիմնավորեց, այն փաստով, որ Ախթալայում է գտնվում Հայաստանի ամենահնագույն բերդը: Ավագանու անդամ Լևոն Վարդանյանն առաջարկեց Նռնաբերդ անվան հետ քաղաքի բնակչության քննարկման համար առաջարկել ևս 4-5 անուններ. «Էդ ընթացքում մենք էլ մեր կոմբինատում կքննարկենք, բերեք հետաձգենք»,- առաջարկեց նա:
Վազգեն Խաչիկյանը խնդրեց լեռնահարստացման կոմբինատի տնօրենին ևս մասնակից դարձնել կոմբինատի աշխատավորների քննարկմանը: Ավագանին միաձայն քվեարկությամբ տվեց իր համաձայնությունը Ախթալայի անվանափոխման համար: Միաժամանակ որոշվեց անվան ընտրության հարցը հետաձգել հուլիսի 5-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել