
«Ժամանակը» պետք է հերքի Մանասերյանի մասին տպագրած տեղեկությունները և վճարի 510 հազար դրամ
Այսօր Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Թաթուլ Մանասերյանի` զրպարտութույունը հերքելու և փոխհատուցում պահանջելու մասին դատական գործով վճռի հրապարակումն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի (հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ):
Դատարանը հայցը բավարարեց մասնակի` պարտավորեցնելով «Ժամանակ» օրաթերթին հերքել 2010թ. սեպտեմբերին տպագրված տեղեկությունները, նշել, որ չկա քրեական գործ Թաթուլ Մանասերյանի դեմ, և նա չի զբաղվում վաշխառությամբ:
Իսկ փոխհատուցման մասով դատարանը պատասխանողին պարտավորեցրեց վճարել 510 հազար դրամ, որից 300 հազարը` զրպարտության համար, 200 հազարը` փաստաբանի վարձատրության համար, 10 հազար դրամն էլ` որպես պետական տուրք:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը 2010 թ. սեպտեմբերի 29-ի համարում հրապարակել էր «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» հոդվածը, որում ասվում էր, որ ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի (նախկին) խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրեական գործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: Թ. Մանասերյանին կասկածել են վաշխառությամբ զբաղվելու մեջ այն բանից հետո, երբ մեկ այլ քրեական գործի շրջանակներում որպես վկա հրավիրված անձանցից մեկը միամիտ բերանից թռցրել է, որ Թաթուլ Մանասերյանն իրեն տոկոսով փող է տվել:
Օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ բողոքարկելու է դատարանի վճիռը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել