HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Գիլանլարն էլ են վերցնելո՞ւ

Այսօր «Հայելի» ակումբում բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը բանավիճում էին  «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի եւ Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի հետ: Բանավեճը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարվող շինարարությանն էր վերաբերվում:

Օրեր առաջ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սոցիալական կայքերով տարածել էր մի հաղորդագրություն եւ լուսանկարներ, որտեղ պատկերված էին ռեստորոնատիպ շինություններ: «Ժողովուրդ, Խոսրովում նորից սկսվել է ռեստորանաշինարարությունը: Համախմբվել է պետք ու, որպես առաջին քայլ, գոնե պետք է աղմկել և խնդրիը հասարակական քննարկման առարկա դարձնել»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2007 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության, եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն: Մամուլում, որպես կառույցների սեփականատեր, շրջանառվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: Այսօր  ասուլիսի ժամանակ այս տեղեկատվությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը` նշելով, որ պայամնագրում Հ. Աբրահամյանի անունը չի շոշափվում: Պայմանագրում նշված է, որ վարձակալությունը իրականացնում է «Հովաձոր» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Սիսակի Մինասյանը:

Արամ Աղասյանը նշեց, որ Մարիամ Սուխուդյանի տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է պարունակում, քանի որ կառուցվող շինությունները ռեստորաններ չեն, այլ նախագիծ ու հեռանկարային նպատակ ունեցող հանգստյան տներ: Խոսրովի արգելոցում գտնվող Գիլան եւ Բայբուրդ տարածքներում այսօր կա 15-20 տնտեսություն:  Աղասյանի խոսքերով, իրենք պարզապես պարտավոր էին այդ 15-20 տնտեսությունները բերել օրենքի դաշտ:

Մարիամ Սուխուդյանի նշած կառույցները, որոնք ռեստորաններ են հիշեցնում, Աղասյանը վստահեցնում է, որ լինելու են հանգստյան տներ, որտեղ հենց բնակիչները կհյուընկալեն անտառում գիշերել ցանկացող զբոսաշրջիկներին: «Մենք այդպիսով էկոլոգիական տուրիզմն ենք զարգացնում ու այդ բնակիչներին բերում օրինական դաշտ»,-պարզաբանում է Արամ Աղասյանը: Ինգա Զարաֆյանն էլ հակադարձեց, որ Գիլան արգելանոցը կառուցվել է ոչ թե Գիլանլար տարածքում, այլ Բայբուրդում, որտեղ բնակիչ չկա (Բայբուրդ տեղամասի ազգությամբ թուրք բնակիչները այդ գյուղը լքել են 1990-ական թթ: Տես «Հետք»-ի  http://hetq.am/am/ecology/gilan-2/  հոդվածը):

«Բնակիչներ կան մեկ այլ`երրորդ տարածքում, որը դուրս է գտնվում Խոսրովի արգելոցից, որոնց միջեւ հիմա նույնիսկ սեփականության իրավունք չեն տվել, և պարտադրում են լքել այդ տարածքները: Իսկ բնակիչները ուզում են, որ նույն այդ հանգստյան տներն իրենց տան սեփականության իրավունքով եւ ոչ այլ մարդկանց»,-նշում է Ինգա Զարաֆյանը:

«Դա սեփականության իրավունքով չի տրված, այլ վարձակալության: Պայմանագրով բոլոր տիպի նման կառույցները, շինությունները մնում են որպես պետական սեփականություն, չնայած այն հանգամանքին, որ շինությունը կառուցում է հենց վարձակալող ընկերությունը»,-հակադարձեց Արամ Աղասյանը: «Պարոն Աղասյան, այնուամենայնիվ ինչո՞ւ հենց կենտրոնը վերցրիք` Բայբուրդը  եւ ոչ թե Գիլանլարը»,-Ինգա Զարաֆյանի այս հարցին Աղասյանը պատասխանեց. «Գիլանլարն էլ ենք վերցնելու»,-բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետի այս խոսքն ընդունվեց բարձր ծիծաղով: «Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանաք եւ չծիծաղեք: Վերեւի հատվածի ժողովուրդը բոլոր պատկան մարմիններին գրում են, որ իրենց այդ տարածքները սեփականաշնորհեն, տան իրենց, ուզում են գյուղ ստեղծել այդտեղ եւ անջատել այդ հողերը «Խոսրովի անտառի» պետական արգելոցից: Արգելոցի ռեժիմի տակ են ապրում մարդիկ, որը չի կարելի այդպես թողնել: Պետք է նրանց բոլոր օրինական դաշտ բերել, որն էլ պիտի անենք»: Արամ Աղասյանի հետ համաձայնեց նաեւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը. «Այո, Գիլանլարն էլ պետք է փոխվի արգելավայրային ռեժիմի, քանի որ բազմաթիվ միջազգային փորձագետներ գալիս են, տեսնում են` արածող  կովեր, ոչխարներ ու մեզ ասում են` ինչպե՞ս է սա արգելանոցային ռեժիմով գործում»: Էկոլոգ Կարինե Դանիելյանը նշեց, որ իրենք դեմ չեն նման նախագծի, սակայն չեն հավատում, որ մեր իրականության մեջ որեւէ բնապահպանական խնդիր ճիշտ լուծում ստանա, քանի որ ականատես են եղել միայն բացասական փորձի:

«Ամբողջ աշխարհում քաղաքաշինության մուտքը չի ավերում բնությունը: Իսկ մեզ մոտ, որտեղ մուտք է գործում քաղաքաշինությունը, բնությունը վերանում է»:

Էկոտուրիզմի վերաբերյալ Ինգա Զարաֆյանը պարզաբանեց. «Եթե դա լինելու է էկոտուրիզմ, ապա, ըստ օրենքի, բոլոր ստացված եկամուտները պետք է ծախսվեն էկոլոգիայի վրա: Ապա ի՞նչ շահ ունի այդ հանգստյան տների վարձակալողը»:

«Եկամուտ կստանա ծառայությունների մատուցման միջոցով»,-պատասխանեց Արամ Աղասյանը: «Դե, փաստորեն, նույն ռեստորանային իրավիճակն է տիրելու: Ապօրինի որս էլ կլինի, ամեն ինչ էլ»,-հակադարձեց Կարինե Դանիելյանը:

«Հետք»-ի այն հարցին, թե որքանով է պարոն Աղասյանը վստահ, որ այդ հանգսստյան տները չեն վերածվելու ռեստորանային և խրախճանքային վայրերի, բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետը պատասխանեց. «Բա դրա համար էլ կա բնապահպանական պետական տեսչություն: Ով եւ կիրականացնի հսկողությունը»: Վայրի բնության համաշխարհաին հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հիմնականում համաձայնում էր Արամ Աղասյանի կարծիքներին: Քանի որ կարծում էր, որ իրենք երկուսով են խնդիրն ամբողջ խորությամբ տեսնում. «Այո, մենք էլ ունենք այդ մտավախությունը, որ միգուցե այդ հանգստյան տները վերածվեն քեֆեր անելու վայրերի: Բայց դրա համար կանք մենք, մի շարք հասարակական կազմակերպություններ ու, ի վերջո, բնապահպանության նախարարությունը: Եվ խախտումներ հայտնաբերվելու դեպքում վարձակալողը կպատժվի ընդհուպ մինչեւ պայմանագրի խզում: Իրենք օրենքը չեն խախտել դեռ, դրա համար էլ մենք ոչինչ չենք կարող անել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter